Պատերազմը մարդածին մեծագույն չարիքներից է, որն ուղեկցել է մարդկության զարգացման պատմությունն անհիշելի ժամանակներց։ Պատերազմներն անկախ իրենց նպատակներից ունեն իրենց օրինաչափ զարգացումներն ու ընթացքին բնորոշ առանձնահատկությունները, ժամանկի հետ փոխվել են միայն գիտության զարգացման տրամադրած տեխնիկական օժանդակությունները։ Մի բան միշտ կա և նույնն է առ այսօր․ այս հրեշավոր մեքենայի գործարկությունը մարդկային կյանքեր է խլում։ Պատերազմը մեծագույն չարիք է։
Միայն պատկերացրեք, որ այդ մեծագույն չարիքի մեջ անգամ կան թույլատրելի և անթույլատրելի հանցագործություններ։ Սպանությունների այդ ապարատի ու դաժանության մեջ անգամ գործում են ընդունելի և անընդունելի քայլեր, որոնք իրենց պատմության ընթացքում մարդիկ որակել են որպես պատերազմական հանցագործություններ։ Այսկերպ միջազգային հանրությունը մարսում է հազարավոր զինվորների մահը, դատապարտում է խաղաղ բնակչության դեմ կրակը՝ անհավասարության նշան դնելով Արցախի/ Լեռնային Ղարաբաղի բնակչության և Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների բնակիչների տառապանքների նկատմամբ։
Այսօր ամբողջ աշխարհը հաշտվում է երկու փոքր պետությունների սահմանագծում տեղի ունեցող անարդարացի, անհամաչափ, անհավասար և բազմաթիվ միջազգային պայմանավորվածություններ ու մարդասիրական նորմեր խախտող պատերազմի հետ։ 21-րդ դարի ռազմական տեխնիկայի պայմաններում մեկ ամսից ավել օդային և հրետանահրանոթային պատերազմ է ընթանում՝ պատճառելով հազարավոր մարդկային կորուստներ, ավերածություններ, տեղահանություն և այլատեսակ հումանիտար ճգնաժամ։
Պատերազմի հրահրող կողմը, հանցավոր դաժանությամբ խախտելով հրադադարի բոլոր պայմանավորվածությունները, վիժեցնում է բանակցային գործընթացը։
Պատերազմը ուղեկցվում է մարդկության դեմ մի շարք հանցագործություններով, որոնք պետք է միջազգային հանրության կողմից խստորեն դատապարտվեն՝ իրենց բոլոր գործնական հետևանքներով։ Արձանագրված և փաստագրված պատերազմական հանցագործությունների թվում են՝
- ահաբեկչական խմբերի և վարձկանների ներգրավում պատերազմում,
- խաղաղ բնակչության և քաղաքացիական կառույցների դեմ կրակ,
- արգելված զենքերի կիրառում՝ կասետային հրթիր, սպիտակ ֆոսֆորային զինմթերք,
- ռազմագերիների և պատերազմի գերիների դեմ անմարդկային վերաբերմունք և մահապատիժ,
- ռազմի դաշտում մնացած դիերի անտեսում,
- և այլն։
Պատերազմը ուղեկցվում է նաև ընդգծված ազգայնական քաղաքականությամբ և պրոպագանդայով, որ նպաստում է ատելության խոսքի տարածմանն ու արմատավորմանը։
Արդեն նկատելի են հումանիտար ճգնաժամի նշանները՝ անվտանգության իրավունքը ոտնահարված Արցախցիներ, հազարավոր տեղահանված անձինք, ապաստարան հայցող հազարավոր Արցախահայեր, առողջապահության իրավունքից զրկված վիրավոր քաղաքացիներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, կորոնա համավարակի նկատմամբ ավելի խոցելի դարձած պետություն և այլն։
Լիահույս ենք, որ միջազգային հանրությունը և քաղաքակիրթ աշխարհը իր միջամտությունը կունենա Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության վերականգնման, մարդու հիմնարար իրավունքների պահպանման, ժողովրդավարական սկզբունքների գերակայության ուղղությամբ։
Անհետաձգելի միջամտության գոծողությունների շարքում առաջնային են՝
- Հետևողականորեն պարտադրել հումանիտար հրադադար և վերահսկել գործընթացը,
- Արձանագրել հրադադարի պայմաններում հանցավոր ագրեսիա ցուցաբերող կողմի վարքագիծը, փաստագրել և ենթարկել պատասխանատվության,
- Կազմակերպել վիրավորների դուրսբերում և զոհվածների պատշաճ հուղարկավորություն,
- Արցախի բնակչության իրավունքների ճանաչում։