Ֆոտո-պատմություն՝ Բերդ համայնք
Նախագիծը կանանց և երիտասարդների հզորացմանը, հետպատերազմյան և հետճգնաժամային հոգեկան առողջության խնդիրների հաղթահարմանն ու բարձրաձայնմանն ուղղված միջամտություն է։ Քայլարշավի ընթացքում առաջնահերթ խնդիրներն էին՝
- Քայլարշավի միջոցով սահմանամերձ համայնքներում կանանց և երիտասարդների հոգեկան առողջությանն ուղղված հարցերի բարձրաձայնում ու զորակցում,
- Պատմողական արվեստի միջոցով համայնքային պատմությունների լուսաբանում ավելի լայն հասարակության շերտերին։
ՍԵՆԲ թիմը այցելել է Տավուշի մարզի 16 սահմանային համայնք, խոսել տեղացի կանանց և երիտասարդների հետ։ Քայլարշավը տևել է 5 օր՝ հունվարի 4-ից 8-ը։
Օր ⅕՝ Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ (Թովուզ), Այգեպար, օր ⅖՝ Մովսես, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիր Աղբյուր, օր ⅗՝ Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, օր ⅘՝ Նավուր, Իծաքար, Չինչին, օր 5/5՝ Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար։
Ընդհանուր առմամբ խոսել ենք 90 տեղացիների հետ, արդյունքում ամփոփված 16 համառոտ պատմությունները տեղ են գտել մեր սոցիալական կայքերում և կայքէջում՝ www.frontlineyouth.net
Ծանոթացեք Մերիի հետ։ Նա ՆԿԱ-ից է, հիմա սովորում է Երևանում, ապագա լեզվաբան է։ Սիրում է իր գյուղը, երազում է վերադառնալ, աշխատել և շենացնել իր համայնքը։ Իր համայնքը սիրում է, քանի որ այնտեղ է ծնվել, սիրում է բնությունը և պատմամշակութային հարուստ անցյալը։
Մեծագույն մարտահրավերը ինքնառեալիզացման հարթակների պակասն է, որը կարող է նրան ստիպել աշխատանք փնտրել և հաստատվել մեկ այլ տեղում։ Ցանկանում է փոխել գյուղի և համայնքի մտածեակերպը, մարդկանց կրթել ու նոր հնարավորություններ ստեղծել իր համայնքում։
Մարինեն 23 տարեկան է, մանկավարժ է, ապրում է ՆԿԱ-ում, աշխատում՝ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց հետո նա չորս տարի սովորել է Երևանում, մասնագիտացել տարրական դասարանների երեխաների մանկավարժության արվեստում։ Աշխատել է Երևանում, ապա ստացել գյուղում աշխատելու հրավեր, և որոշել է վերադառնալ գյուղ։ Նա սիրով է կատարում ուսուցչի իր առաքելությունը, ապահովում է կրթության հավասար պայմաններ և ներառականություն բոլոր աշակերտների համար։
Սովորական պայմաններում նա չէր մտածի գյուղից հեռանալու մասին, բայց խոստովանում է, որ ավելի լավ աշխատանքային հնարավորության դեպքում ստիպված կլինի հեռանալ գյուղից։
Շողիկի գեղեցիկ ընտանիքը ապրում է Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Շողիկը երիտասարդ մայր է և տնային տնտեսուհի։ Խնամում և դաստիարակում է իր երկու հրաշք մանուկներին՝ համարձակ Արփիին և գեղեցկադեմ Տիգրանին։ Ամուսինը զինվորական սպա է, ուստի երեխաների դաստիարակման առյուծի բաժինը ընկնում է նրա վրա։
Երեխաների խնամքն ու դաստիարակությունը մեծ նվիրում ու ժամանակ են պահանջում, ուստի դեռևս չի կարողացել մասնագիտացում ձեռք բերել ու սկսել իր կարիերան։ Առաջիկայում նպատակադրվել է տիրապետել վարսավիրական արվեստին ու սկսել իր գործը։
Ռուզանի ընտանիքը ապրում է Այգեպար-Բերդ ճանապարհին, թե ոնց, հիմա պատմենք։ Ռուզանը ամուսնացել և տեղափոխվել է Այգեպար Տավուշի մարզկենտրոն Իջևանից, խոստովանում է, որ նախկինում անգամ չգիտեր, թե որտեղ է Այգեպար գյուղը, ու թե ինչ մոտ է սահմանին։
Ունի երեք նպատակասլաց ու առաջադեմ աղջիկներ, որոնց լավագույն կրթություն տրամադրելու համար էլ հաստատվել են Բերդ քաղաքում։ Իր խոսքերով՝ այնտեղ երեխաները կարող են ստանալ ավելի որակյալ կրթություն, հաճախել տարբեր արտադպրոցական խմբակներ ու շփվել տարեկիցների հետ։ Մինչդեռ երեխաները սեփական տան և խաղալու համար ազատ տարածք ունենալու սիրահար են, ու նախընտրում եմ օրն անց կացնել գյուղում։ Այսպես ընտանիքը գիշերն ու առավոտը անց է կացնում Բերդում, իսկ օրվա ընթացքում լինում է Այգեպարում։
Մովսես գյուղում պատարագ է։ Սա կարևոր ու խոհրդանշական միջոցառում է գյուղի համար, ողջ գյուղը կիրակի օրը հավաքվում է եկեղեցու բակում՝ ով պատարագ լսելու համար, ով ընկերներին հանդիպելու ու շփվելու նպատակով։
Գյուղի երեխաները գիտեն՝ ինչպես օրը կազմակերպել, ունեն բազմաթիվ սպորտային ու մշակութային խմբակներ։ Եկեղեցին, դպրոցը և մշակույթի տունը ապահովում են երեխաների առօյան և կարծես, թե այդքանով նրանք բավարարված են զգում իրենց։ Եթե կարիք է լինում որևէ այլ կերպ ժամանց անց կացնել, գիտեն, որ կարող են այցելել Բերդ քաղաք։
Մովսես գյուղը դրոշ ունի, գիտեի՞ք։
Մեր հերոսը ապրել ու մեծացել է Մովսեսում։ Եկեղեցու հարևանությամբ նա ունի իր փոքրիկ կրպակը, որտեղ էլ անց է կացնում օրվա մեծ մասը։ Երբ եկեղեցին կառուցվեց, ու գյուղը նաև կրոնական նշանակություն ստացավ, գյուղի բնակիչը որոշեց ինքնուրույն ստեղծել գյուղի համար դրոշ, որ նվիրում է այցելուներին։ Մենք էլ ստացանք մեր բաժին դրոշը, որը փաստորեն միայն ճանաչողական նշանակություն չունի, այլև ոգեշնչման աղբյուր է այցելուների համար։
Մեր այսօրվա հերոսուհին Աննան է։ Այս տարի նրա ծննդյան նվերը հեծանիվն էր, որ շատ արագ սովորեց քշել իրենց խորդուբորդ ճանապարհներին։ [hեղինակից՝ կասկածում եմ, թե փորձառու հեծանվորդները հեշտությամբ կվարեին իրենց հեծանիվները այս գյուղում, բայց գյուղի երեխաների համար դա խաղ ու պար է։]
Նրա հիմնական զբաղմունքը դասերն են, հեծանիվ վարելը, ընկերների և ընտանիքի հետ խաղերը։ Մտածում է ժամանակակից մասնագիտություն ձեռք բերելու մասին, ու մտածում է, որ պետք է անգլերեն սովորի հետագայում լավ աշխատանք ունենալու համար։
Գիտեի՞ք, որ Չորաթանում քայլելիս կարող եք պատահաբար հանդիպել և զրույցի բռնվել երկու Սրբուհիների հետ։ Իսկ հետո պարզել, որ Սրբուհիներից մեկը սոցիալական մեդիայում ունի հետևորդների մեծ բանակ, ու հարթակը օգտագործում է ինքնազարգացման ու ֆինանսական անկախության համար։
Նա իր համայնքի սիրահարն է, հիանում է Չորաթանի բնությամբ, սակայն ժամանցի վայրերի պակասը նրան շատ է հուզում։ Խոստովանում է, որ եթե հեռանա գյուղից, ապա կգնա քաղաքային համայնք, որտեղ կկարողանա հաճախել ֆիթնեսի կամ յոգայի։
Իսկ գուցե մենք մեր յոգայի դասընթացների համար նոր այցելո՞ւ ենք գտել։
Նորաշենում, եթե անցնես փողոցով կհանդիպես մարդանց, որ քեզ կուղեկցեն ու կհրավիրեն իրենց տուն, սուրճ կհյուրասիրեն, կխոսեն քաղաքականությունից, գյուղում ապրելու լավ ու վատ կողմերից, մի քիչ կդժգոհեն կյանքի միապաղաղությունից, բայց կասեն, որ սիրում են գյուղը ու պատրաստվում են մնալ ու շենանել այն։
Վերին Կարմիր Աղբյուրը մեր թիմակից Շուշանի ծննդավայրն է։ Նա շատ հիշողություններ ունի գյուղի հետ կապված։ Պատմում է, թե ինչպես էր քայլելով ընկերուհու հետ գյուղից քայլում դեպի հարակից Նորաշեն գյուղ, որտեղ ամերիկացի կամավորը անգլերենի խմբակ էր աշխատացնում։ Անգլերենի սիրահար ընկերուհիները հետագայում իրենց նպատակասլացությամբ առանձնացան իրենց ոլորտներում ու ներգրավվեցին համայնքային և հասարակական կյանքում մեծ ու ազդեցիկ փոփոխություններ անելու համար։
Արծվաբերդում քայլելիս, եթե հարցնեք, թե որտեղ և ինչպես հանդիպել տեղացի երիտասարդների հետ, կասեն գնացեք Աստղիկ ու Ասպրամ քույրերի հետ խոսեք։
Դե՜ գնացինք։
Քույրերից ավագը արդեն դասավանդում է ոչ միայն Արծվաբերդի, այլև համատեղությամբ նաև Նորաշենի դպրոցում։ Իսկ կրտսեր քույրը դեռ սովորում է։
Նրանք պարմեցին, թե ինչպես են երիտասարդներով ինքնակազմակերպվել, ընտրել իրենց համար գյուղի երիտասարդ գյուղապետի, ու ինչքան են ոգևորվել փոփոխությանն ուղղված իրենց մեծ քայլով։ Ցավում են, որ համայնքների միավորման պաատճառով գյուղապետի դերը նվազել է,որի պատճառով իրենց ընտրյալ գյուղապետը հրաժարվել է պաշտոնից։ Բայց ակնհայտորեն սա երիտասարդների կողմից գյուղի կառավարման վրա ուղղակի ազդեցություն ունենալու հաջող փորձ է, որի մասին դեռ պետք է շատ խոսել։
Չինարիի մեր ուղեկիցը 9-ամյա Անին է։ Նա իր գեղեցիկ և ճարտար լեզվով պատմեց մեզ իր գյուղի առանձնահատկությունների մասին, շրջեցինք գյուղով, ցույց տվեց, թե որ ընտանիքում կա երիտասարդ, այցելեցինք գյուղի ամենաերիտասարդ պատանի Մոնթեին։ Անիին հարցրեցինք, թե ինչպես է կարողանում այսքան գեղեցիկ ու համապարփակ պատասխաններ տալ մեր հարցերին, ասաց որ դպրոցում լավ է սովորում, որպեսզի երբևէ չվախենա հարցերի պատասխանելուց։ Ի դեպ Անին ցանկանում է մեծերի բժիշկ դառնալ և վերադառնալ գյուղ, որովհետև ուրիշ տեղ ապրել չի պատկերացնում։
Նավուր գյուղում երիտասարդները ակտիվ են, նրանք մասնակցում են շահերի պաշտպանության դասընթացների և անգամ սկսել են իրենց բնապահպանական նախաձեռնությունները։ Մի քիչ ֆինանսական և նյութական աջակցության կարիք ունեն, բայց պատրաստ են չհանձնվել ու իրենց գաղափարների համար ֆոնդհայայթմամբ զբացվել։
Կարծես թե այստեղ էլ մենք անելիքներ ունենք։
Իծաքարը դեպի Մեծափորի լեռներով Երևան տաող ճանապարհին վերջին գյուղն է։ Ցավոք, այս ճանապարհը երկրոդային է, ու հաճախ չեն այցելուներ անցնում այստեղով։ Դպրոցը միջնակարգ է, ուստի ավագ դասարանների աշակերտները ստիպված են ամեն օր հաճախել Նավուրի դպրոց։ 12-րդ դասարանում սովորող 7 աշակերտներից 3-րը Իծաքարից են։ Ցավոք նրանք ակտիվ չեն առօրյա կյանքում, ինչպես նրանից մեկն է պատմում, բայց վստահ է, որ եթե Մուհհամադը չի գալիս սարի մոտ, ապա սարը կգա։ Մենք գնացինք․․․ Պայմանավորվել ենք ակտիվացնել իրար։
Ծաղկավանում արև է։ Գյուղի կենտորոնում կյանքը եռում է։ Փողոցում կգտնես նարդի խաղացող ու քաղաքականությունից խոսող պապիկների, գնդակ խաղացող պատանիների ու զբոսնող կանանց ու աղջիկների։ Մենք զրուցեցինք մի քանի կանանց հետ։ Պարզվեց կյանքը եռում է, ոչ միայն գյուղում, այլև մարդկանց հոգիներում։ Մեր զրուցակից Լուիզա և Լիանա քույրերը անքայն մոտիվացված էին որևէ ակտիվություն մտցնելու քաղաքում, որ պայմանավորվեցինք միասին միջոցառումներ անել հետագայում։
Վարագավանը իր բարձունքում է։ Աշխատանքային օրը քիչ մարդ կգտնես փողոցներում։ Համայնքատանը ասացին երիտասարդները հիմնականում գյուղամիջում են հավաքվում։ Բայց կեսօրին գյուղամեջը դատարկ էր, չնայած արձակուրդներ են։ Վարագավանը հայտնի է իր մեջ թաքցրած Նոր Վարագա վանքով, որ ուխտատեղի է ողջ համայնքի համար։ Դժվար կլինի գնալ Շամշադին ու չնկատել գրեթե մի ամբողջ սար իջնել-բարձրանալու ճանապարհին քեզ ուշադրությամբ հսկող այս խորհրդավոր վանքը։ Մենք էլ մեր ուխտը կատարեցինք, ու խոստացանք վերադառնալ արդեն ավելի մեծ կազմով։
Քայլարշավն իրականացվել է Արևելյան Եվրոպայում Համագործակցության և Զարգացման ցանցի համագործակցությամբ։