Follow us on >
Follow us on >
FYN CAMP

ՍերմանելOFF փոփոխությON. հայացք ներսից

ՍերմանելOFF փոփոխությON. հայացք ներսից

Վաղվա օրը համայնքի և երկրի համար բարելավելու գործում լավագույն ներդրումը միանշանակ երիտասարդության զարգացվածությունն ապահովելն ու նրանց հնարավորություններ ընձեռելն է սեփական գաղափարներ գեներացնելու և դրանք իրագործելու համար։ Հենց այս նպատակով օգոստոսի 5-ից 8-ը ՍԵՆԲ ՀԿ-ն կազմակերպեց իր առաջին ամառային ճամբարը «ՍերմանելOFF փոփոխությON» խորագրով։

Հայաստանի տարբեր մարզերի տարբեր համայնքներից ընտրված 18 երիտասարդներ հավաքվեցին Սևանի ափին՝ «Հայկական ճամբար»-ում մարդու իրավունքների, խաղաղաշինության, բնապահպանության վերաբերյալ գիտելիքներ և գործիքակազմ ձեռք բերելու նպատակով։ Լինելով այդ 18 երիտասարդներից մեկը՝ ցանկանում եմ ներկայացնել «հայացք ներսից» քառօրյա ճամբարային կյանքը և ՍԵՆԲ-ի թիմի ղեկավարած սեմինարները, կիսվել տպավորություններով և իմ գնահատականով։

Նախ հարկ եմ համարում նշել, որ մասնակիցների հավաքագրումը իրականացվեց հայտադիմումով, ինչը երաշխավորեց հետագա օրերի հնարավորինս հաջողված լինելը։ Ընտրված մասնակիցները զինված էին սեփական համայնքում փոփոխություններ իրագործելու, համայնքային ակտիվիզմի մաս լինելու պատրաստակամությամբ, ինչը շատ մեծ ազդեցություն ունեցավ ճամբարի ընթացքի վրա։ Կազմակերպիչ թիմի անդամների և մասնակիցների միջև տարիքային տարբերությունը մեծ չէր, ինչի շնորհիվ երկու կողմերի փոխհարաբերությունը հիմնված էր անմիջականության վրա։ Այս և մյուս առումներով կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա էր։

Դասընթացի արդյունավետ լինելու և ինֆորմացիայի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար օրակարգը սահմանված էր դասերի և հանգստի համադրության սկզբունքով։ Սեմինարները ուղեկցվում էին քննարկումներով, խաղերով, լսարանը թեման բացահայտելու անմիջական մասնակից էր դառնում, ինչի շնորհիվ ամբողջ ինֆորմացիան հասկանալի և հիշվող էր։ Բոլոր դասընթացները ներառում էին գործնական մաս, որի ընթացքում արդեն ձեռք բերված գիտելիքները ամրապնդվում էին կիրառական առաջադրանքների կատարմամբ։ Բացի այդ մասնակիցները միշտ առույգ էին մնում էներջայզերների (ակտիվացնող խաղեր) շնորհիվ, վերջիններս զգալիորեն խթանում էին սեմինարների ընթացքում զգոն և ակտիվ մնալը։ Իսկ անիմաստ սահմանափակումների բացակայությունը, գրաֆիկի և մեթոդների ճկունությունը, ինչպես նաև հնարավորինս ազատ և անմիջական միջավայրը սեմինարները դարձրեցին ավելի հետաքրքիր և տրամադրող։ Հատկանշական է նաև այն, որ բուն դասընթացներից բացի առավոտյան կազմակերպվում էին նաև յոգայի խմբային հանդիպումներ, որոնց ընթացքում ծանոթացանք մեդիտացիայի մի շարք մեթոդների և յոգայի վարժությունների։

Սեմինարների համար ընտրվել էին ընդհանուր զարգացածություն հաղորդող և համայնքային կյանքին վերաբերող թեմաներ։ Առաջին երեք օրերի ընթացքում մասնակիցներին արժեքավոր գիտելիքներ և հմտություններ փոխանցվեցին մարդու իրավունքների, բնապահպանության, ոչ բռնի քաղաքացիական ակտիվիզմի, ջատագովության, առաջնորդության, համագործակցության, կոնֆլիկտների լուծման և այլ թեմաների վերաբերյալ։ Չորրորդ օրը արդեն խորը անդրադարձ կատարվեց գաղափարների գեներացմանը, ծրագրերի մշակմանը և դրանց զարգացմանը, ինչը երիտասարդներին նախապատրաստում էր իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերին մասնակցությանը։ Ճամբարի մասնակիցներին հետագայում հնարավորություն է տրվելու սեփական ծրագրերի իրագործման համար ֆինանսավորում և մենթորություն ստանալ ՀԿ-ի կողմից, ինչը հիանալի հնարավորություն է համայնքային կյանքում փոփոխություններ բերելու։

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ճամբարը վստահորեն կարողացավ իրագործել սկզբնական նպատակները։ Ճամբարից բոլորս տուն վերադարձանք ոգեշնչված ՍԵՆԲ-ի թիմի աշխատանքով, նոր ծանոթություններով և բավարար ռեսուրսներով ակտիվ համայնքային գործունեություն ծավալելու համար։

Հեղինակ՝ Արշակ Մելքումյան

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *