Follow us on >
Follow us on >

Ես Լիանա Քոսակյանն եմ` FYN-ի ցանցի մենեջերը

Ես կազմակերպության հիմնադիրներից մեկն եմ և բնական է, որ ի սկզբանե կազմակերպության հետ անցել եմ ողջ ուղին։ FYN-ի առաջնային գաղափարը Լուսինեի հետ միասին խաղաղաշինության մասին տեղեկացնելն էր հայաստանյան մարզերում և հատկապես մեր համայնքում՝ Բերդում։ Մյուս կողմից Կանանց ներգրավվածությունն ու նրանց ինքնադրսևորման համար հարթակներ տրամադրելը։ Մենք հավատում էինք, որ միասին կարող ենց ստեղծել մի ցանց, որը մեզ կմիավորի մեր գաղափարները կիսող մարդկանց, աշխարհի ու Հայաստանի տարբեր հատվածների հետ, և այժմ դրա կատարման ճանապարհին ենք։ Բազմաթիվ ծրագրեր իրականացրել ենք և դեռ բազում անելիքներ ունենք և՛ մեր ցանցի ներսում և դրանից դուրս։
Այս կազմակերպությունն ինձ համար գաղափարական տուն է, և ես մեր աշխատանքային թիմին վերաբերվում եմ որպես իմ ընտանիքի անդամների։ Մեզ բոլորիս միավորում է լավ ու մեծ գործեր անելու ձգտումը։

Իմ երազանքն է կանանց խոսքը լսելի դարձնելը խաղաղաշինության ոլորտում և խաղաղաշինությունը պարզապես գաղափարից և հումանիստական մոտեցումից բացի վերածել իրական ու շոշափելի վերջնարդյունքի։ Կարծում եմ կանայք, հատկապես նրանք, ովքեր ապրում են սահմանամերձ բնակավարերում, և նրանք, ովքեր անցել են պատերազմի արհավիրքի բոհով՝ իրավունք ունեն լսելի լինելու աշխարհի համար։

Ես Frontline Youth Network-ում՝ հանուն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարների

Ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, այնպես էլ FYN-ի ներսում, ես ունեմ բազմաթիվ շարժառիթներ՝ տքնաջան աշխատելու։ Իմ գլխավոր մոտիվացիան մեր հաջողություններն են, որոշները՝ փոքր, որոշները՝ մեծ, սակայն արդեն իսկ տեսանելի։ Ինձ նաև մոտիվացնում է երիտասարդության ոգեշնչվածությունն ու հետաքրքրությունը մեր գործի և մեր կազմակերպության նկատմամբ։ Այսօր կարող եմ ասել, որ մենք կարողացել ենք մոտիվացնել մեծ թվով երիտասարդների, իսկ նրանք էլ մոտիվացնում են ինձ՝ աշխատելու ավելի նվիրված ու ավելի ոգևորված այս ոլորտում, հանուն մեր որդեգրած գաղափարների։
Ես FYN-ի ներսում շատ նպատակներ ունեմ։ Վստահ կասեմ, որ իմ առաջնային նպատակն այն է, որ մեր կազմակերպությունը/ ցանցը դառնա օրգանիկ գործող, ասել է թե կապօղակ, որը կլինի հարթակ ակտիվ ու մոտիվացված մարդկանց համար։ Իր նախնական որդեգրած գաղափարներին չդավաճանելով՝ FYN-ը հնարավորություն կստեղծի աշխատելու և արարելու։ Ես հաջողված կհամարեմ իմ աշխատանքը, երբ հիմնադիրների ներդրած գաղափարներն ու աշխատելաոճը, գիտելիքներն ու կապերը լինեն ոչ թե անձնական, այլ լինեն կազմակերպությանը՝ ապահովելով կազմակերպության համար առողջ և խոստումնալից ապագա նաև մեզնից հետո։ Այստեղից էլ բխում է այն համախմբվածությունը, որը ունենք թիմի ներսում։ Կազմակերպության ներսում մեզ միավորում են այն գաղափարները, հանուն որոնց աշխատում ենք։ Մենք ունենք նաև առողջ աշխատանքային մթնոլորտ և մեկս մյուսի համար լավագույն ընկեր ենք։

Ես FYN-ի ներսում և առօրյայում՝ մշտապես մտազբաղ

Աշխատելով այս հասարակական կազմակերպության ներսում՝ ես չունեմ այնպիսի գծեր, որոնք ինձ առանձնացնում են իմ առօրյայում և աշխատանքում։ Կարծում եմ՝ մեր թիմում բոլորն են այսպիսին։ Ես և՛ առօրյայում և՛ աշխատանքում շատ մտազբաղ եմ, քանի որ շատ աշխատանքներ կան, որոնք անհետաձգելի են և արագ լուծումներ են պահանջում։ Շատ պարտաճանաչ եմ աշխատանքի, մեր ծրագրերի և գործընկերներիս նկատմամբ։
Կարող եմ վստահաբար նշել, որ մենք թիմի ներսում հավատարիմ ենք մեկս մյուսին և FYN-ի որդեգրած գաղափարներին։ Ինքս լինելով կազմակերպության հիմնադիրը ի սկզբանե հավատացել եմ այն գաղափարին, որ մարդը բնության հետ պետք է ներդաշնակ ապրի և լինի հասարակության օրինապաշտ և առողջ մասնիկը։ Մյուս կողմից, ես գիտակցել եմ, որ այս ամենն անհնար է առանց խաղաղության հաստատման։ Ի դեպ, ես խաղաղություն ասելով հասկանում եմ մարդու ներքին զգացողությունը և իրենից դուրս պետական սահմանների խաղաղությունը։
Այս պահին ինձ համար կա հետևյալ առաջնահերթությունը․ խաղաղաշինության տարածումը ամենակարևորն է, իսկ դրան օրգանիկ լրացնում են կանաչական մոտեցումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
Վստահ եմ, որ այս առաջնահերթության լավագույն իրագործողները երիտասարդներն են։ Առհասարակ, բոլոր ժամանակներում երիտասարդությունն ամենամեծ ուժն է եղել ու կլինի։ Ինչպես նշանավոր լուսավորականության շրջանում էին հավատում՝ երիտասարդությունն այն չոր փայտն է, որը ցանկացած կրակ կարող է բորբոքել։ Ես ցանկանում եմ մեր մարզային երիտասարդության համար ստեղծել դրսևորման հարթակներ, թույլ տալ նրանց հավատալ, որ իրենց խոսքը լսելի է, առաջադրած խնդիրները՝ հասկանալի։ Երիտասարդը միշտ պետք է հավատա, որ ապագան իրենն է և իր ապագան իր ձեռքերում է։
Երբեմն ես պատկերացնում եմ այս ապագան։ Հաճախ մտածում FYN-ի ապագայի մասին։ Ես տեսնում եմ FYN-ին որպես կայացած մեծ ցանց, որն առնվազն Հայաստանի 2 մարզերում ունի իր ֆիզիկական գրասենյակը՝ իր կայուն կամավորական ցանցով և ֆինանսավորմամբ։ Հավատում եմ, որ մենք կհամագործակցենք նաև Հայաստանից դուրս մեր գաղափարները կիսող միջազգային կազմակերպությունների հետ։ Եթե խոսենք երազանքներից, ապա կնշեմ, որ իմ երազանքն այն է, որ մի օր FYN-ը համախմբի իր շուրջ ոչ թե մարդկանց, այլ կազմակերպությունների։ Կարճ ասած FYN-ի անդամ լինեն ոչ թե անձինք, այլ կազմակերպություններ։

Պատասխանել եմ մի քանի հարցի իմ մասին, որ ճանաչես ինձ

1․ Իմ առավոտը սկսվում է, երբ զարթուցիչս զանգում է

2․ Ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ համակերպվում են խնդիրների հետ

3․ Երբեմն հուսալքվում եմ, երբ տեսնում եմ հանձնված և ինչ-որ բանի չձգտող մարդկանց

4․ Ինձ մոտիվացնում է ամեն օրվա արևածագը և իմ սիրելիների ժպիտը

5․ Ես երազում եմ ունենալ առողջ ընտանիք և առողջ բալիկներ

6․ Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ անկախ դժվարություններից, ես սիրում եմ կյանքը և շնորհակալ եմ ամեն ապրածս օրվա համար

7․ Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև առանց աշխատանքի չեմ կարող հասնել իմ երազանքներին

8․ Ինձ հոգնեցնում է նույնանման աշխատանքը

9․ Ինձ FYN-ում զգում եմ, ինչպես իմ տանը

10․ Երբեմն FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ, չեմ հիշում նման դեպք

11․ Լինում են օրեր, երբ ուզում եմ կտրվել աշխարհից և թռչուն դառնալ։ Ես միշտ պատկերացնում եմ, որ կարող եմ ճախրել

12․ Հաճախ մոռանում եմ մարդկանց մասին և հայտնվում եմ իմ երազած աշխարհում և մի որոշ ժամանակով կտրվում եմ ամեն ինչից

13․ FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ մեր բազմամասնագիտական սթաֆը, որտեղ բոլորս պատրաստ ենք իրար օգնել

14․ FYN-ում չեմ սիրում/ գնահատում չկա նման բան։ Սա իմ ստեղծած կառույցն է, այստեղ չկա մի բան, որ ես չսիրեմ։

15․ FYN-ը ինձ համար ընտանիք է

16․ Պետք է միանալ FYN-ին, որովհետև այստեղ դու ձեռք կբերես փորձ, լավ ընկերներ, նոր գաղափարներ ու կսովորես հավատալ, որ խաղաղությունն ու քո երազած հասարակությունը պետք է ստեղծվեն քո ջանքերով

17․ Շաբաթ, կիրակին՝ միշտ տրամադրում եմ հանգստիս ու ընկերներիս

18․ Ես հանգստանում եմ/ խաղաղ եմ, երբ
Ես շատ հակասական եմ, երբեմն հանգստանում եմ բարձր երաժշտության տակ պարելով, երբեմն զբոսնելով, երբմեն պարզապես որևէ հաղորդում նայելով։ Բայց իրականում ես խաղաղ եմ այն քիչ րոպեներին, երբ իմ սիրելիի գրկում եմ

19․ Ես ունեմ՝ բավականին հմտություններ և տաղանդ՝ գրելու, արարելու, սովորեցնելու, սիրելու, մարդկանց ժպիտ պարգևելու

20․ Ես առաջնորդվում եմ՝ ժպտա ու վայելիր կյանքը սկզբունքնով

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *