Follow us on >
Follow us on >

Ողջո՜ւյն, ես Սերինե Ավետիսյանն եմ՝ FYN-ի գործադիր կոմիտեի անդամը

Ողջո՜ւյն, ես Սերինե Ավետիսյանն եմ՝ FYN-ի գործադիր կոմիտեի անդամը

Հարց 1․ Ինչպե՞ս է հղացել գաղափարը՝ ունենալու FYN-ը։ Երբվանի՞ց եք անդամակցում FYN-ին

— FYN-ը իր գործունեությունը սկսել է դեռևս 2017 թվականից։ Ես այս ընտանիքին միացել եմ նախորդ տարվանից, երբ ձևավորվեց գործադիր կոմիտեն։

Հարց 2․ Հանուն ո՞ր գաղափարի եք աշխատում կազմակերպությունում / Ի՞նչ է ձեզ համար ձեր անդամակցությունը  կազմակերպությանը

— Ես կիսում եմ FYN-ի որդեգրած բոլոր գաղափարները։ Ինձ համար առաջնայինն այն է, որ կազմակերպությունը զբաղվում է մարզային համայնքներում երիտասարդական ներուժի կենտրոնացմամբ։ Սա է գլխավոր պատճառներից մեկը, որ միացել եմ FYN-ի աշխատանքներին։ Մյուս կողմից էլ իմ անդամակցությունը կազմակերպությանը ևս մեկ հնարավորություն է փոխելու և փոխվելու։

Հարց 3․ Ո՞րն է ձեր շարժառիթը՝ աշխատելու FYN-ում կամ համայնքային զարգացմանը միտված ծրագերում

— Ինչպես նշեցի, FYN-ի ներսում հնարավորությունները բազում են՝ փոխվելու և փոփոխություն բերելու։ Իմ առաջնային մոտիվացիան այդ փոփոխության մասը կազմելն է։ Փոփոխության, որը կազմակերպությունը բերում է համայնքներում։

Հարց 4․ Ձեզ համար ո՞րն է/ որո՞նք են գլխավոր նպատակը(ները)՝ կապված FYN-ի հետ

— Առհասարակ, FYN-ի ներսում նպատակներս շատ են, սակայն կառանձնացնեմ դրանցից երկուսը, որոնց էլ միտված են մեր աշխատանքները։ Նախևառաջ, կցանկանայի, որ մեր գործունեության մասին հնարավորինս շատերը տեղեկանային։ Անհրաժեշտ է, որ FYN-ը որպես ցանց ընդլայնի իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ համայնքների մեծամասնությունը։ Հաջորդ նպատակս կապում եմ այն երիտասարդների հետ, որոնց հետ աշխատում ենք։ Ես կցանկանայի, որ FYN-ը հարթակ հանդիսանար այն երիտասարդների համար, ովքեր պատրաստակամ են իրենց համայնքներում դառնալու այն փոփոխությունը, որը կհանգեցնի իրավագիտակից հասարակության կերտմանը։

Հարց 5․ Ի՞նչն է միավորում ձեզ և մյուս անդամներին  FYN-ի ներսում

— FYN-ի ներսում մենք աշխատում ենք հանուն այն գաղափարների, որոնք ընկած են կազմակերպության աշխատանքների հիմքում։ Իրավահավասարությունն ու համայնքային զարգացումը այն տեսլականն է, որը մեզ միավորում է, և մենք հավատում ենք, որ համայնքային զարգացման շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակներին, որոնց հետևում ենք ամեն աշխատանքային օր։

Հարց 6․ Ինչպե՞ս եք տեսնում  FYN-ը 5 տարի անց։ Կա՞ն երազանքներ, որոնք կցանկանայիք իրագործել ապագայում  FYN-ի ներսում և եթե այո, որոնք կլինեին դրանք

— Մենք աշխատում ենք հանուն այն ապագայի, որը յուրաքանչյուրիս պատկերացումներում է։ Ես FYN-ը հինգ տարի անց տեսնում եմ որպես ավելի ընդլայնված ցանց։ Կարելի է ասել՝ ապագայում կիրականանա իմ նպատակներից մեկը, որը կապված էր ցանցի ընդլայնման հետ։ Ես պատկերացնում եմ, որ ապագայում մեր կազմակերպությունը կունենա ավելի մեծ ազդեցություն, որով հնարավոր կլինի ներազդել հասարակության տարբեր խմբերի վրա։

Հարց 7․Մեկ նախադասությամբ եթե ամփոփեք՝ ինչո՞ւ են ընտրված  FYN-ում խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները, ի՞նչ եք կարծում՝ որոնք են առաջնահերթությունները՝ հետևելու վերոգրյալ գաղափարներին

— Ես վստահ եմ, որ վերոգրյալ գաղափարները պատահական ընտրված չեն։ Այս երեք գաղափարները, ըստ իս, իրապես ժողովրդավարության կայացման հիմքում են։ Եթե ցանկանում ենք ունենալ կայուն և զարգացած ապագա, պետք է հետևել այս գաղափարներին։ Կարծում եմ, որ խաղաղաշինությունը, մրադու իրավունքների գերակայությունը և կանաչական գաղափարախոսությունները հավասար իրավունքներով ապրող և հնարավորույթյուններ ապահովող հասարակություն ստեղծելու ճանապարհին էական դեր են խաղում։

Հարց 8․  Ինչպիսի՞ն եք FYN-ի ներսում և առօրյայում

— Կարող եմ ասել, որ և՛ աշխատանքում, և՛ առօրյայում ես նույնն եմ, քանի որ FYN-ի հետ աշխատանքը իմ առօրյայի մասն է կազմում, որտեղ ես նպատակասլաց եմ, երազող և փոփոխության ձգտող։

Պատասխանել եմ մի քանի հարցի, որ ինձ լավ ճանաչես

1․ Իմ առավոտը սկսվում է, երբ աչքերս բացում ու ստուգում եմ հեռախոսս։

2․ Ինձ նյարդայնացնում է այն, որ ստում են։

3․  Երբեմն հուսալքվում եմ, երբ չեմ կարողանում օգնել։

4․ Ինձ մոտիվացնում է երեխաների ժպիտը։

5․  Ես երազում եմ աշխարհում խաղաղության մասին։

6․ Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ժամանակը սլանում է ու չեմ հասցնում ապրել։

7․ Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև աշխատելը ինձ մոտիվացնում է։

8․ Ինձ հոգնեցնում են բողոքող մարդիկ։

9․  Ինձ FYN-ում զգում եմ օգտակար։

10․ Երբեմն  FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ․ չեմ հիշում նման դեպք։

11․ Լինում են օրեր, երբ ուզում եմ միայն Netflix նայել։

12․ Հաճախ մոռանում եմ, որ մենակ չեմ ու հոգսս կարող եմ կիսել ուրիշների հետ։

13․  FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ լսելու կարողությունը։

14․  FYN-ում չեմ սիրում/ գնահատում․ չկան նման երևույթներ։

15․  FYN-ը ինձ համար փոխելու հարթակ է։

16․ Պետք է միանալ  FYN-ին, որովհետև այն մեծ ընտանիք է։

17․ Շաբաթ, կիրակին՝ երջանկություն է։

18․ Ես հանգստանում եմ/ խաղաղ եմ, երբ ամեն ինչ արված է։

19․ Ես ունեմ ամեն ինչ։

20․ Ես առաջնորդվում եմ պատասխանատվությամբ։