Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն․ ուսուցիչների վերապատրաստում

Խաղաղաշինական կրթություն․ ուսուցիչների վերապատրաստում

«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի շրջանակում ապրիլի 29-ից մայիսի 1-ը տեղի ունեցավ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչի երկօրյա վերապատրաստում։  Վերապատրաստման նպատակն էր «Խաղաղաշինական կրթություն» ուսումնաօժանդակ ձեռնարկի ներկայացումն ու փորձարկումը ուսուցիչների շրջանում։ 

Ձեռնարկը, որն ուղղված է խաղաղաշինական բաղադրիչի ինտեգրմանը հանրակրթական ոլորտ, համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից No:585-4/2 հրամանի, երաշխավորվել է գործածության՝ որպես ուսումնական նյութ։ Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է կազմակերպության կայքէջում՝ այստեղ։ Ձեռնարկի բովանդակությունը կազմվել է փորձագիտական թիմի կողմից (ծանոթացեք թիմին՝ այստեղ), իսկ գործընթացում ներգրավվել են կրթության և խաղաղության փորձագետներ, ներառյալ ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագիտական թիմը։ Վերապատրաստմանը նախորդել են երեք աշխատաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվել, քննարկվել և վալիդացվել է ձեռնարկի բովանդակությունը (աշխատաժողով առաջին, աշխատաժողով երկրորդ, աշխատաժողով ամփոփիչ

Վերապատրաստմանը մասնակցեցին 20 ուսուցիչ Տավուշի բոլոր համայնքներից՝ Բերդ, Նոյեմբերյան, Իջևան և Դիլիջան։ Փորձագիտական թիմի կողմից ներկայացվեց «Խաղաղաշինական կրթություն» ձեռնարկի բովանդակությունը՝ տեսական և գործնական բաղադրիչներով։ 

Քննարկվեցին հետևյալ թեմաները՝ կոնֆլիկտի խաղաղ լուծում և խաղաղաշինություն, մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն, ինչպես նաև պետություն, քաղաքականություն և մշակույթ։ Դասընթացներից յուրաքանչյուրի ընթացքում շեշտադրվեց թեմայի կապը խաղաղաշինական կրթության հետ և փորձարկվեց թեմայի մատուցմանն օժդանդակող մեթոդական գործիքներ։  Հանդիպումն անցավ ինտերակտիվ և մասնակցային․ փորձագետներն իրենց թեմաներին զուգընթաց ներկայացնում էին ոչ ֆորմալ կրթության տարրեր՝ խաղեր և վարժանքներ, որոնք հետաքրքիր են դարձնում ուսումնական գործընթացը։ Հանդիպումը կառուցողական էր. ուսուցիչներն ու փորձագետները կիսվում էին իրենց գիտելիքներով և փորձով՝ ընթացքում քննարկելով իրավիճակային հարցեր և դրանց ընդհանուր լուծումներ առաջարկելով: 

Վերապատրաստման ավարտին ուսուցիչների կողմից անց կացվեց գրավոր և բանավոր գնահատում, ստորև ուսուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները  ձեռնարկի և վերապատրաստման մասին․

«Վստահորեն կարող եմ ասել, որ այսուհետ ձեռնարկը կլինի ինձ համար խթանիչ ուղեցույց դասերն ավելի հետաքրքիր վարելու համար։ Շնորհակալություն կազմակերպիչներին նման հնարավորության համար։ Ըստ իս՝ նման ծրագրերն ու հանդիպումները պետք է ավելի հաճախ լինեն»։

Ն․ Սահակյան, ք․ Իջևան

«Ձեռնարկը խթանիչ է ուսուցչի համար։ Բավականին հասանելի են գործնական աշխատանքները։ Ավելի մանրամասն ուսումնասիրեցինք և սովորեցինք նոր տերմին՝ խաղաղաշինություն, ինչն անպայման կօգտագործենք դասընթացի ժամանակ»։

Գ․ Սիրադեղյան, գ․ Ոսկեպար

«Ձեռնարկը հաջողված է։ Մանավանդ մեթոդները շատ լավն են։ Տեղին է այն կիրառելը հասարակագիտության դասաժամերին»։ 

Ա․ Մելիքյան, ք․ Բերդ

«Առաջարկում եմ յուրաքանչյուր թեմայի ավարտին լինի QR կոդով դրված որևէ ֆիլմ, մուլտֆիլմ կամ սահիկաշար՝ աշակերտների մոտ թեմաներն ավելի պատկերավոր դարձնելու համար»։

 Գ․ Շիրոյան, գ․ Արճիս

Ձեռնարկը հրաշալի հնարավորություն է տալիս ուսուցչին ճիշտ կազմակերպել դասերը Շատ լավ վարժություններ են, որոնք կարելի է կիրառել նաև այլ դասաժամերի ընթացքում։

Ա․ Ազատյան, ք․ Իջևան

Հանդիպման ավարտին ուսուցիչների կողմից փորձագիտական թիմը հրավեր ստացավ այցելելու համայնքներ և հանդիպումներ կազմակերպելու աշակերտների հետ: Մասնակից ուսուցիչներին տրամադրվեց ձեռնարկի երկուական օրինակ։ 

Նշենք, որ Տավուշի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ ձեռնարկի երկուական օրինակներ կտրամադրվեն մարզի բոլոր հանրակրթական դպրոցներին։ Հիշեցնենք, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ստեղծել նաև «ԽաղաղությON» ուսումնական խաղ-հավելված աշակերտների համար։ 

«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում»  ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։