Համակեցության գույները. միջազգային արտիվիզմի ճամփորդություն դեպի Սերբիա

Ի՞նչ է տեղի ունենում, երբ տարբեր երկրների, տարբեր ծագման և կյանքի տարբեր պատմություններ ունեցող արվեստագետները հավաքվում են խաղաղության մասին խոսելու համար։ Նրանք ստեղծում են մի բան, որը միայն բառերով հնարավոր չէ արտահայտել։ Այս միջազգային ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակում քվիր արվեստագետները ուսումնասիրեցին համակեցությունը, հավասար իրավունքները և անկեղծ հաղորդակցության ուժը, ինչպես նաև իրենց անձնական պատմությունները վերածեցին արվեստի գործերի։ Յուրաքանչյուր աշխատանք կրում է մեկ պարզ ուղերձ. ամեն ինքնության հետևում կանգնած է մարդկային փորձ, որը մենք բոլորս կիսում ենք։

Արվեստը կարող է դառնալ ոչ միայն ինքնարտահայտման, այլև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղության կառուցման միջոց։ Միևնույն ժամանակ արվեստը սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու և սեփական ձայնը լսելի դարձնելու միջոց է։ Այս գաղափարի շուրջ էր ձևավորվել արվեստի միջոցով խաղաղաշինության գործընթացին ուղղված նախաձեռնությունը, որը ստեղծագործական աշխատանքի շուրջ միավորեց հայ և արտասահմանցի արվեստագետների՝ նրանց հնարավորություն տալով նպաստել ավելի ներառական ու խաղաղ համակեցության ձևավորմանը։

Համագործակցության և համակեցության նոր մոտեցում. նախաձեռնության գաղափարն ու առանձնահատկությունը։

Այս նախաձեռնության հիմքում է արվեստի և խաղաղաշինության միջոցով համագործակցության և համակեցության նոր հնարավորությունների ստեղծումը։ Այն միավորում է արվեստն ու ակտիվիզմը՝ որպես սոցիալական փոփոխությունների խթանման գործիք։

Նախաձեռնության առանձնահատկությունն այն է, որ խաղաղաշինությունը դիտարկվում է որպես ստեղծագործական և մասնակցային փորձառություն։ Արվեստի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանում արտահայտելու իրենց անհատական և հավաքական պատմությունները, լսելու միմյանց, քննարկելու ստեղծագործոլու եղանակները, և բացահայտելու այն ընդհանրությունները, որոնք կարող են դառնալ համագործակցության հիմք։

Ավելին, նախագծի հատկանշական առանձնահատկություններից է այն, որ վերջինս անդրադարձել է քվիր համայնքի խնդիրներին, և մասնակիցներին ապահովել է անվտանգ և աջակցային միջավայրով, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել խոսել երկար ժամանակ լռության մեջ պահված թեմաների շուրջ։

Ստեղծագործական աշխատանքը՝ խաղաղության երկխոսության հարթակ։

Խաղաղության և համակեցության մասին ստեղծագործական աշխատանքի միջոցով խոսելը կարևոր է, քանի որ արվեստը հնարավորություն է տալիս արտահայտել այն հույզերն ու զգացմունքները, որոնք երբեմն դժվար է հաղորդել բառերով։ Արվեստի միջոցով հնարավոր է անդրադառնալ այնպիսի զգայուն թեմաների, որոնց հետ առօրյա կյանքում առերեսվելուց, որպես կանոն, խուսափում ենք։ Այն ստեղծում է մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ոչ միայն խոսել իրենց ապրումների մասին, այլև լսել, տեսնել և զգալ փորձառությունները, որոնք օրինաչափ են մարդու համար և բնորոշ են մեզ բոլորիս։

Հատկապես կարևոր է այս գործընթացում այն մարդկանց ներգրավվածությունը, ում ձայները հաճախ բավարար չափով լսելի չեն։ Նրանց մասնակցությունը հնարավորություն է տալիս ընդգծել հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը, ինչպես նաև շեշտադրել ներառականությունը՝ որպես կայուն և խաղաղ համայնքի ստեղծման ելակետային հիմնադրույթ։ Հասարակությունը, սահմանափակելով իր մի մասի զարգացման հնարավորությունը, սահմանափակում է իր իսկ զարգացման հեռանկարը, և ընդհակառակը․ ներառական հասարակությունը առավել միտված է զարգացման, քանի որ հնարավորությունները բոլորի համար են։

Ի վերջո, խաղաղությունը միայն կոնֆլիկտի բացակայությունը չէ․ այն նաև միմյանց տարբերությունները ճանաչելու, ընդունելու և հարգելու կարողությունն է։ Իսկ ստեղծագործական աշխատանքը համակեցության անբաժան մասն է։

Ստեղծագործելու ճանապարհը՝ գաղափարից իրականացում։

Մասնակիցներից յուրաքանչյուրի ճանապարհը ուներ զարգացման իր անհատական հետագիծը, սակայն կային որոշակի ընդհանուր օրինաչափություններ խմբի ներսում։ Առաջին իսկ հանդիպումից մասնակիցները բաց էին նոր ծանոթությունների և գաղափարների առջև։ Անհատական նախագծերի ստեղծման գործընթացում մենթորական աջակցությունից բացի, մեծ դեր է խաղացել փոխօգնությունը, երբ խմբային քննարկման ժամանակ հնչեցված գաղափարները համալրվում և բարելավվում էին։

Այս գործընթացում փոքր դրամաշնորհներն ու մենթորական աջակցությունը կարևոր դեր ունեցան՝ գաղափարները գործնականում իրականացնելու հնարավորություն ստեղծելով։ Փոքր դրամաշնորհները մասնակիցներին տրամադրեցին անհրաժեշտ ռեսուրսներ՝ իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու, իսկ մենթորական աջակցությունն օգնեց հստակեցնելու գաղափարները, զարգացնելու ստեղծագործական մոտեցումները և հաղթահարելու իրականացման ընթացքում առաջացող դժվարությունները։

Այս նախագծի հիմքում ընկած արժեքներից ներառականությունն ու բազմազանությունը արտացոլվել են նաև մասնակիցների աշխատանքներում։ Ոմանք կենտրոնացել են անհատական կենսափորձի վրա, և վերջինիս միջոցով են բարձրաձայնել գլոբալ խնդիրների մասին։ Մյուսներն ի սկզբանե են անդրարարձել հասարակական խնդիրներին՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է հասարակությունը ազդում յուրաքանչյուրիս վրա։

Հետաքրքիր էր նաև այն, թե որքան տարբեր ձևերով կարելի է ներկայացնել գաղափարը։ Ոմանք նախընտրում էին ֆոտո/վիդեո-ինստալլյացիաները, մյուսների համար ավելի նախընտրելի էր բեմադրությունը, որտեղ նրանք հանդիսատեսի հետ անմիջական կոնտակտի մեջ էին։ Հատկանշական էին նաև արվեստի գործերի ինտեգրատիվ տարրերը, որոնք դիտորդին թույլ էին տալիս ավելի խորքային կերպով ընկղմվել արվեստի մեջ և դառնալ վերջինիս մաս։

Թերևս ամենակարևոր դիտարկումն այն էր, որ ստեղծագործական աշխատանքը կարող է փոխել ոչ միայն այն, թե ինչպես ենք խոսում խաղաղության մասին, այլև այն, թե ինչպես ենք լսում միմյանց։ Այն բարդ թեմաների մասին ուղիղ խոսակցությանը մոտենալու այլընտրանքային ձև է, որը մարդկանց հնարավորություն է տալիս ապրել ճնշված հույզերը։

Այս գործընթացում մեծ դեր է խաղացել նաև մասնակիցների և կազմակերպչական անձնակազմի միջև ձևավորված համագործակցությունը,  ինչի շնորհիվ մարդիկ կարողացել են ստեղծագործել, անկեղծորեն երկխոսել, հարցեր բարձրացնել և երբեմն վերանայել սեփական պատկերացումներն ու մոտեցումները՝ համոզված լինելով քննադատված լինելու բացակայության մեջ։

Նմանատիպ նախաձեռնությունները մարդկանց կարող են տալ արժեքավոր միջանձնային կապեր, որոնք ուղղված են թե՛ համայնքի զորեղացմանը, թե՛ անհատական զարգացմանը՝ լինելով ոգեշնչման և նոր գաղափարների աղբյուր։ Բացի այդ, նմանատիպ նախաձեռնությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ մարդկանց տրամադրվում է ապահով տարածք, որտեղ ինքնության համար արդարացումներ պետք չեն։ Ավելին, վերոնշյալ միջավայրում գտնվելով՝ մարդիկ ստանում են թիմային աշխատանքի, խաղաղ երկխոսության և ստեղծագործական հմտությունների զարգացման հնարավորություն։

Արվեստը խաղաղ, կայուն, զարգացող և ներառական համայնքի ստեղծման համար հզոր գործիք է, որի շնորհիվ ձայները դառնում են լսելի, իսկ մարդկանց միջև եղած ընդհանրությունները՝ տեսանելի։ Արվեստը միավորման մասին է։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր խաղաղաշինության, քվիր համայնքի և արվեստի միջև կապեր ստեղծելու ուղղությամբ՝ ցույց տալու, որ վերջինս կարող է լինել ոչ միայն ինքնարտահայտման միջոց, այլև կամուրջ մարդկանց, տարբեր փորձառությունների ու երբեմն իրարից հեռու թվացող իրականությունների միջև։