Ծրագրեր և նախաձեռնություններ

Մեր աշխատանքը

Մենք համատեղում ենք հետազոտությունը, կրթությունը, ստեղծարարությունը և համայնքային գործունեությունը՝ երիտասարդների և ուսուցիչների առջև ծառացած մարտահրավերներին գործնական լուծումներ մշակելու համար։

01

Տեղական գիտելիքից դեպի ազգային փորձ

Խաղաղաշինության կրթությունը դպրոցներում

2020 թվականից Frontline-ը զարգացնում է խաղաղաշինության կրթությունը Հայաստանում՝ համադրելով հետազոտությունը, ուսումնական ծրագրերի մշակումը և ուսուցիչների մասնագիտական զարգացումը։

A Frontline participant listening during a facilitated education session
Տեղական համատեքստի վրա հիմնված մեթոդներ՝ Հայաստանի դասարանների համար։

Այս նախաձեռնությունը ծագել է պարզ դիտարկումից. դպրոցներում բացակայում էին հակամարտության, խաղաղության և խաղաղաշինության վերաբերյալ համակարգված գիտելիքն ու գործնական դասավանդման մոտեցումները։ Միևնույն ժամանակ կրթական ընթացիկ բարեփոխումները և ազգային ուսումնական ծրագրի նոր չափորոշիչների ներդրումը հնարավորություն ստեղծեցին այս թեմաները ներառելու կրթության մեջ, հատկապես՝ հասարակագիտության դասավանդման շրջանակում։

Ի պատասխան՝ Frontline-ը մշակեց սեփական մոտեցումը՝ հիմնված Հայաստանի կրթական համատեքստի վրա և ձևավորված ուսուցիչների, աշակերտների ու ոլորտային փորձագետների մասնակցային քննարկումների միջոցով։ Արդյունքում ստեղծվեց Հայաստանում խաղաղաշինության կրթության առաջին համապարփակ, տեղական համատեքստում մշակված ուսումնական ծրագիրը, որը ոչ թե միջազգային մոդելների հարմարեցում էր, այլ արձագանք Հայաստանի առանձնահատուկ պայմաններին և կրթական կարիքներին։

Գործընթացի շրջանակում Frontline-ը ուսուցիչների համար մշակեց խաղաղաշինության կրթության երեք ձեռնարկ։ Յուրաքանչյուր հրապարակում անցել է փորձագիտական գնահատում, փորձարկվել դասարաններում և վերանայվել ուսուցիչների արձագանքների հիման վրա, ապա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պաշտոնապես երաշխավորվել որպես լրացուցիչ կրթական ռեսուրս։

Ձեռնարկները խաղաղությունը ներկայացնում են ոչ միայն որպես միջազգային հարաբերությունների թեմա, այլև որպես առօրյա մարդկային հարաբերությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության, համագործակցության և պատասխանատու քաղաքացիության մշակույթ։ Դրանք ուսուցիչներին տրամադրում են գործնական, տարիքին համապատասխան և անվտանգ մեթոդներ՝ դասարանում հակամարտության, բռնության, խաղաղության և սոցիալական հարաբերությունների մասին քննարկումներ վարելու համար։

Այսօր նախաձեռնությունը շարունակվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման միջոցով։ Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 1,500 ուսուցիչ վերապատրաստվել է Frontline-ի խաղաղաշինության կրթության մեթոդաբանությամբ և նյութերով։ 2025 թվականից, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, խաղաղաշինության կրթությունը ներառվել է նաև ուսուցիչների վերապատրաստման ազգային առցանց ծրագրում՝ ռեսուրսները հասանելի դարձնելով երկրի բոլոր ուսուցիչներին։

1,500+վերապատրաստված ուսուցիչ
3երաշխավորված ձեռնարկ
Հայաստանի բոլոր մարզերըընդգրկված են
Seed the Change participants learning together outdoors

2021-2025

02

Երիտասարդական ամառային դպրոցների շարք

Seed the Change

Seed the Change-ը հնգօրյա երիտասարդական ամառային դպրոցների շարք է, որը ոչ ֆորմալ կրթության միջոցով միավորում է խաղաղաշինությունը, շրջակա միջավայրի կայունությունն ու հավասարությունը։

Յուրաքանչյուր ամառային դպրոց կառուցված է ինտերակտիվ ուսուցման շուրջ՝ համադրելով քննարկումներ, դերային խաղեր, փորձառական գործողություններ, բացօթյա այցելություններ, ստեղծագործական մեթոդներ և համայնքային նախաձեռնությունների մշակում։ Ծրագրի ընթացքում մասնակիցներն օգտագործում են «Seed the Change» ակտիվիստի ձեռնարկը՝ որպես գործնական ուղեցույց, աշխատանքային տետր և ամառային դպրոցից հետո ներգրավվածությունը շարունակելու ռեսուրս։

Հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր դպրոց ունեցել է յուրահատուկ թեմատիկ ուղղվածություն։ Մասնակիցները մշակել և իրականացրել են համայնքային նախաձեռնություններ, ստեղծել են կոլաժներ, որոնք հետագայում ներկայացվել են «The Future We Want» ցուցահանդեսում, արվեստի միջոցով ուսումնասիրել են հակամարտությունն ու տրավման և խորացրել խաղաղության ու հակամարտությունների փոխակերպման մասին իրենց պատկերացումները։ Վերջին ամառային դպրոցն անցկացվել է Վրաստանում՝ միջազգային կազմակերպությունների հետ գործընկերությամբ։

Ծրագիրը նաև հիմք է դարձել Frontline-ի մի շարք նոր նախաձեռնությունների համար, այդ թվում՝ «Դեպի տրավմազգայուն կրթություն» կրթական գործիքակազմի և ձևավորվող Frontline խաղաղության ակադեմիայի։

Ազդեցությունը՝ համառոտ

Ուսուցման և առաջնորդության հինգ տարի։

  • 5իրականացված երիտասարդական ամառային դպրոց
  • 100+ծրագրի շրջանավարտ
  • 20 + 5մասնակից և նախապատրաստող թիմի անդամ յուրաքանչյուր դպրոցում
  • 1 տարիշրջանավարտների ուղի՝ մենթորության, պրակտիկայի և առաջնորդության հնարավորություններով

Աճող և ակտիվ շրջանավարտների համայնքը շարունակում է աշխատանքը յուրաքանչյուր ամառային դպրոցից հետո։

03

Մասնակցային հետազոտություն և ցուցահանդես

Մեր ուզած ապագան

Ամառային դպրոցի ստեղծագործական վարժությունը վերաճեց համազգային հետազոտական նախաձեռնության և շրջիկ հանրային ցուցահանդեսի։

Young people connecting with community members through a shared activity Հետազոտությունը վերածվեց շրջիկ հանրային երկխոսության։

«Մեր ուզած ապագան» նախաձեռնությունը ծնվեց Seed the Change ամառային դպրոցի ընթացքում երիտասարդ մասնակիցների ստեղծած կոլաժներից և ապագայի մասին նրանց զրույցներից։ Դրանք միասին բացահայտեցին հետաքրքիր հակադրություն. երիտասարդները հաճախ ապագան պատկերացնում էին ավելի մեծ հույսով և հնարավորություններով, քան այն պատմությունները, որոնց հանդիպում են հասարակությունում և առօրյա կյանքում։

Կոլաժները դարձան ավելին, քան ստեղծագործական աշխատանքներ. դրանք արտահայտում էին երիտասարդների ինքնությունը, տեսակետներն ու ձգտումները։ Այս հիմքի վրա Frontline-ը մեկնարկեց մասնակցային հետազոտություն՝ ներգրավելով երիտասարդների տարբեր խմբերի՝ դպրոցականների, ուսանողների, աշխատող և չաշխատող երիտասարդների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների և եզդի աղջիկների։ Ֆոկուս խմբային քննարկումների միջոցով մասնակիցներն անդրադարձան ինքնությանը, պատկանելությանը, գենդերին և հասարակության մեջ իրենց տեղին։

Հետազոտության արդյունքները ներկայացվեցին ինտերակտիվ արվեստի ցուցահանդեսի միջոցով։ Այն մեկ ամիս ցուցադրվեց Երևանի մետրոյում, ապա տեղական գործընկերների հետ համագործակցությամբ տեղափոխվեց Իջևան, Վանաձոր և Գյումրի։ Այս կերպ նախաձեռնությունը շարունակեց Frontline-ի հանրային ցուցահանդեսների երկարամյա ավանդույթը՝ այն վերաիմաստավորելով նոր ձևաչափով և հասնելով ավելի լայն ու բազմազան լսարանի։

Արդյունքները նաև ամփոփվել են «Մեր ուզած ապագան» հրապարակման մեջ, որը հասանելի է թվային և տպագիր ձևաչափերով։

Creative artworks exploring contrasting ideas and experiences

Անվտանգ դասարանները սկսվում են իրազեկ ուսուցիչներից։

04

Մասնակցային հետազոտությունից դեպի կրթական պրակտիկա

Դեպի տրավմազգայուն կրթություն

Այս նախաձեռնությունն ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է խաղաղության, հակամարտության և տրավմայի մասին քննարկումները կառուցել գիտական հիմքի վրա՝ միաժամանակ պահելով դրանք անվտանգ, հասանելի և ստեղծագործական։

Հետազոտության ընթացքում տեղական և միջազգային կրթական փորձագետները, ուսուցիչներն ու գործնական մասնագետները կիսվել են տրավմազգայուն դասավանդման իրենց փորձով և մոտեցումներով։ Այս գիտելիքները համադրվել են Frontline-ի դաշտային դիտարկումների հետ՝ Հայաստանի համատեքստին համապատասխան տրավմազգայուն կրթական մեթոդների գործնական հավաքածու մշակելու համար։

Արդյունքում ստեղծվել է «Դեպի տրավմազգայուն կրթություն» ձեռնարկը, որը նախատեսված է բոլոր առարկաների ուսուցիչների համար։ Այն առաջարկում է գործնական և հեշտ կիրառելի մեթոդներ, որոնք օգնում են ուսուցիչներին ստեղծել ավելի անվտանգ, աջակցող և տրավմազգայուն ուսումնական միջավայրեր՝ միաժամանակ ամրապնդելով առօրյա հաղորդակցությունն ու դասարանային հարաբերությունները։

Ձեռնարկը ստացել է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի դրական փորձագիտական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պաշտոնապես երաշխավորվել որպես լրացուցիչ կրթական ռեսուրս։

Նախաձեռնությունը շարունակվում է գործնական կիրառման միջոցով։ Ձեռնարկի հիման վրա Frontline-ն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, որոնց ընթացքում մասնակիցներն առաջարկված մեթոդները կիրառում են իրենց դասարաններում և տրամադրում արձագանք՝ նպաստելով ռեսուրսի շարունակական կատարելագործմանը։

05

Երիտասարդական առաջնորդության երկարաժամկետ հարթակ

Դեսպանների ծրագիր

Դեսպանների ծրագիրը միավորում է Frontline-ի ամենաակտիվ երիտասարդ մասնակիցներին։ Ծրագրի ավարտը վերջնակետ չէ, այլ նոր ճանապարհի սկիզբ։

Դեսպանների ձեռնարկը հիմք է դարձել ծրագրի մշակման համար։ Դեսպանները շարունակում են սովորել, համագործակցել, առաջնորդել նախաձեռնություններ և իրենց համայնքներում տարածել Frontline-ի արժեքները։ Ծրագիրը նպատակ ունի ձևավորել երիտասարդ առաջնորդների ամուր ցանց, որը նվիրված է խաղաղաշինության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի կայունության և ակտիվ քաղաքացիության առաջխաղացմանը։

Դեսպանները մասնակցում են Frontline-ի նախաձեռնություններին, աջակցում նոր ծրագրերի իրականացմանը, ներկայացնում կազմակերպությունը տարբեր հարթակներում և դրական փոփոխություն ստեղծում սեփական համայնքային նախաձեռնությունների միջոցով։

Young Frontline participants collaborating during a team activity
35 դեսպանՀայաստանի տարբեր մարզերից և համայնքներից՝ մինչև 2025 թվականի ավարտը

Դեսպանի ուղին

Երեք փուլ։ Մեկ աճող համայնք։

  1. 01

    Ուսուցման փուլ

    Դեսպանները մասնակցում են թեմատիկ վերապատրաստումների, աշխատարանների և ցանցային հանդիպումների՝ ամրապնդելով առաջնորդության, հաղորդակցության, նախագծերի կառավարման և Frontline-ի հիմնական աշխատանքային ուղղություններին առնչվող գիտելիքները։

  2. 02

    Գործողության փուլ

    Դեսպանները մշակում և իրականացնում են համայնքային կամ երիտասարդների կողմից առաջնորդվող նախաձեռնություններ՝ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելով գործնականում։

  3. 03

    Համայնքային փուլ

    Դեսպանները շարունակում են ակտիվ մնալ Frontline-ի ցանցում՝ որպես մենթորներ, կամավորներ, միջոցառումների համակազմակերպիչներ և նոր մասնակիցների համար օրինակ ծառայող երիտասարդներ։

06

Անիմացիոն փոդքասթ և ինտերակտիվ ուսուցման հարթակ

PeaceON փոդքասթ

PeaceON animated episode about caring for animals Դիտել թողարկումըYouTube ↗

Պատմությունների, հումորի և առօրյային մոտ զրույցների միջոցով փոդքասթն ուսումնասիրում է մեր առօրյա կյանքը ձևավորող գաղափարները և երիտասարդ լսարանին խրախուսում քննադատաբար մտածել շրջապատող աշխարհի մասին։

PeaceON-ի հաղորդավար Պիսոն, որի անունը հայերեն նշանակում է «կատու», բարդ կամ վերացական թվացող թեմաները վերածում է հետաքրքիր ուսումնական փորձառությունների։ Թողարկումներն իրական օրինակների և տարիքին համապատասխան լեզվի միջոցով անդրադառնում են մեդիա գրագիտությանը, ապատեղեկատվությանը, ֆինանսական գրագիտությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, արագ նորաձևությանը, սոցիալական մեդիային, մարդու իրավունքներին և ակտիվ քաղաքացիությանը։

Վերջին եթերաշրջաններում Պիսոյին միանում է FYN-ը՝ կասկածամիտ ուղեկիցը, որը հարցականի տակ է դնում ենթադրություններն ու տալիս բարդ հարցեր։ Նրանք միասին օրինակ են ցույց տալիս հետաքրքրասիրության, փաստերի վրա հիմնված մտածողության և կառուցողական երկխոսության։