Ակտիվ երիտասարդները համայնքը զարգացնելու և դրական փոփոխություն բերելու գերբնական ուժ ունեն։ Պետք է հնարավորություն տալ երիտասարդներին հաղորդակցվելու միմյանց հետ, ծանոթանալու նոր գաղափարների և արտահայտելու սեփական մտքերն ու կարծիքները։ Այսպես, հուլիսի 4-16-ը Բերդում տեղի ունեցավ «Կյանքի հմտություններ» թեմայով դասընթացաշար, որ կազմակերպել էր ՍԵՆԲ թիմը։
Երբ առաջին անգամ կարդացի միջոցառման մասին, թեման հարազատ թվաց։ Այս թեմայով դասընթաց ես արդեն անցել էի ու ծանոթ էի բովանդակությանը։ Որոշեցի նախաձեռնությունը վերցնել ձեռքս և առաջարկեցի ներգրավվել դասընթացում, կիսվել փորձով և գիտելիքներով։ Թիմը սիրով համաձայնեց և պայմանավորվեցինք, որ դասընթաց կվարեմ նաև ես։
Հանդիպման առաջին օրը հավաքվել էին 14-17 տարեկան ավելի քան 20 երիտասարդներ Պառավաքարից, Տավուշից, Ն․ Կարմիր Աղբյուրից, Նավուրից, Այգեձորից և Բերդից։ Հանդիպումների վերջին օրը մասնակիցների թիվը արդեն 30 էր։ Սկզբում ծանոթացանք միմյանց հետ, պայմանավորվեցինք շփման կանոնների մասին, մեզ տրամադրվեցին ձեռնարկներ, դասընթացը ավելի հետաքրքրեցնելու համար ներառեցինք խաղեր և վարժություններ։
Քանի որ կյանքի հմտությունները ներառում են թեմաներ ինքնաճանաչման և ինքնավերլուծության մասին, որոնք կարող են շատ անձնական լինել, մասնակիցները ազատ էին արտահայտելու կամ գրի առնելու իրենց մտքերը։ Առաջ ընկնելով կասեմ, որ հաջորդիվ հանդիպումներում երիտասարդները կիսվում էին իրենց մտքերով, ու թե ինչքան կարևոր էին հանդիպման թեմաները, որոնք հնարավորություն տվեցին հետո մտածել և վերլուծել իրենց կյանքից որոշ դրվագներ։
Հանդիպումներրը ներառում էին 16 թեմաներ, որոնք բաժանված էին 3 մասերի՝ ինքնաճանաչում, միջանձնային հարաբերությունների և մտածելու հմտություններ։ Ես վարեցի երկու դասընթաց «հուզական կարգավորում» և «դրական մտածողություն» թեմաներով։ Դասընթացի թեմաները ընտրեցի ես, քանի որ ավելի հոգեհարազատ էին ինձ։ Սա իմ առաջին դասընթաց վարելու փորձն էր։ Սկզբում մի-փոքր լարված էի։ Սակայն մասնակիցների ակտիվությունը, քննարկումները ու դրական արձագանքը մեզ ավելի հարազատ դարձրեցին։ Ես հասկացա, որ մենք նման հուզական էներգիա ունենք։ Շատ կարևոր էր դրական մտածողությունից խոսել, քանի որ մեր տարիքում երիտասարդները շատ կարծրատիպներ ունեն, բացասական մտքերը շատ են, ու կարիք կա և՛ կարծրատիպերը կոտրելու, և՛ բացասական մտքերը դեպի դրական փոխելու։ Ընթացքում կիսվում էի իմ անձնական փորձով, մասնակիցներն էլ իրենց հերթին դրվագներ էին բերում իրենց կյանքից, և այս ամենը հանդիպումը դարձրեց շատ ավելի էմոցիոնալ և մտերմիկ։
Ի վերջո, աշխատելով ՍԵՆԲ-ի իմ ավագ կոլեգաների հետ՝ հնարավորություն ունեցա շատ բան սովորել նրանցից ու յուրացնել նրանց դրական փորձը։ Թիմի հետ աշխատանքից հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում․ պատրաստ ավելի ակտիվ և նախաձեռնող լինելու։
Կարծում եմ նմանատիպ թեմաներով դասընթացներ ու հանդիպումներ շատ ավելի շատ պետք է կազմակերպվեն, քանի որ երիտասարդները բոլորն ունեն խնդիրներ, որոնք միաժամանակ նման ու տարբեր են։ Մենք՝ երիտասարդներս, հաճախ այս խնդիրները պահում ենք մեր ներսում, հնարավորություն չունենալով աշխատել խնդիրները կամ բարդույթները լուծելու վրա, և ինչքան էլ խոսես այս մասին անվերջ կարելի է խոսել։
Հեղինակ՝ Ալինա Աբրահամյան