Follow us on >
Follow us on >

Խիստ աղջկական (հարցա)զրույց

Խիստ աղջկական (հարցա)զրույց

Շուշանը 17 տարեկան է, ապրում է Բերդ քաղաքում։ Սովորել է Բերդի բազմագործառութային պետական քոլեջում։ Այս տարի ընդունվել է Եվրոպական համալսարանի ֆինանսներ բաժին՝ անմիջապես 2-րդ կուրս։ Շուշանի գերբնական ուժը մարդկանց հույզերը զգալն է։

Հիշո՞ւմ ես՝ երբ և ինչպես ես միացել FYN-ին։

FYN-ին միացել եմ 2018 թվականից, երբ Բերդի թանգարանում իրականացվեց ցուցահանդես (ցուցահանդեսի մասին ավելին՝ այստեղ)։ Անմիջապես դարձա կամավոր անդամ։ Դրանից հետո մասնակցել եմ FYN- ի բոլոր միջոցառումներին՝ թե՛ սեմինարներին, թե՛ խաղերին, թե՛ կինոդիտումներին։ 2021-ին ստացա աշխատանքի հրավեր, որը սիրով ընդունեցի։ Հաճելի է աշխատել երիտասարդ ու բանիմաց թիմի հետ, որոնցից ես շատ բան եմ սովորում, և ովքեր դարձան իմ մոտիվացիան։ Հաճելի է, որ 17 տարեկանում արդեն ունեմ աշխատանք և կարող եմ ինքնուրույն լինել։

Ո՞րն է քո մոտիվացիան, ինչո՞ւ ես զբաղվում ակտիվիզմով

Ինձ մոտիվացնում է այն, որ իմ համայնքի համար որևէ դրական բան եմ կարողանում անել, փոխել համայնքի երիտասարդների կյանքը՝ ավելի ակտիվ դարձնելով նրանց։ Երիտասարդների հետ շփումը հենց իմ մոտիվացիան է։ Այն, որ ես կարողանում եմ նրանց համար այնպիսի բաներ կազմակերպել, որ նրանց օրը ավելի հետաքրքիր անցնի, որից ակտիվանում է նաև համայնքը։

Դու նաև «խիստ աղջակական զրույցներ» շարքի գաղափարի հեղինակն ես, ինչպե՞ս միտքը ծնվեց, ինչպե՞ս կարողացար իրականացնել այն

«Խիստ աղջկականը» զրույցների շարք է, որ հարթակ է տրամադրում դեռահաս աղջիկներին հանդիպելու առողջապահության և իրավունքի ոլորտից երիտասարդ մասնագետների հետ և զրուցել կանանց իրավունքներից և առողջությունից։

FYN-ից Լուսինեն կիսվեց ինձ հետ մի դրամաշնորհային առաջարկով և խորհուրդ տվեց մասնակցել և փորձել ուժերս՝ հանդես գալու իմ նախագծով։ Ի սկզբանե որոշեցի ծրագիրն իրականացնել Բերդ քաղաքում ու հարակից գյուղերում, և ներառել դեռահաս աղջիկներին։ Մտածում էինք ընտրել այնպիսի թեմա, որը աղջիկների համար պետքական ու կարևոր կլիներ։ Արդյունքում ընտրեցինք մի թեմա, որ ամենից չխոսվածն էր՝ աղջիկների սեռական առողջության վերաբերյալ։ Համայնքում թեման «տաբու է» ․ այս մասին աղջիկները չեն խոսում ծնողների հետ, դպրոցից անհրաժեշտ տեղեկատվություն չեն ստանում, այլ հավաստի հարթակների ծանոթ չենք։ 

Հանդիպումներին հրավիրեցինք բժշկուհի Նաթելային, ով բովանդակային զրույցն էր վարում առողջության մասին, Լուսինեն խոսում էր մարդու իրավունքներից։

Թեման հետաքրքրում էր բոլոր աղջիկներին, որոնք սկզբում պարփակված ու լռակյաց էին, հետո սկսեցին ավելի ազատ զգալ, շատ հարցեր տալ ու ստանալ հիմնավոր պատասխաններ։ Աղջիկները շատ գոհ էին։ Մենք էլ ուրախ էինք, որ կարողացանք օգտակար միջոցառում կազմակերպել աղջիկների համար։ Չորս հանդիպում կազմակերպեցինք քաղաքում ու գյուղերում, ընդհանուր առմամբ մասնակցեցին 30-ից ավել աղջիկներ։

Արդեն որպես նախագծի հեղինակ ու կազմակերպիչ՝ ի՞նչ նոր բացահայտումներ ունեցար 

Որպես ծրագրի հեղինակ ու հաջողված ծրագրի կազմակերպիչ՝ ինձ համար մեծ ոգևորություն էր, երբ աղջիկներն իրենց հարցերն ուղղում էին առանց կաշկանդվելու, երբ դասընթացի վերջում հարցնում էին՝ թե երբ են լինելու նորերը։ Հաջորդ հանդիպումների համար մեզ հրավիրում էին իրենց գյուղեր։ Ինձ համար դա ևս մոտիվացիա էր։ Ես հասկացա, որ իմ իմ փոքրիկ մտահղացմամբ կարողացա ինչ-որ բան փոխել այս աղջիկների կյանքում, որի մասին չեն մոռանա, որովհետև առողջությունը մեր կյանքի անբաժան մասն է։ Իսկ աղջիկներն իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները ստացան։ Շատ ոգևորված էին թե՛ իրենք, թե՛ ես։

Ի՞նչ ազդեցություն է ունեցել FYN-ում քո ներգրավվածությունը և քո հեղինակային նախագծի իրականացումը քեզ վրա, ինչպիսի՞ն են ապագայի քո պլանները

FYN-ում ես ավելի ակտիվ դարձա։ Հասկացա, որ թեկուզ երիտասարդ տարիքում ինքս կարող եմ ինչ-որ բաներ կազմակերպել, ինչ-որ բաներ նախաձեռնել ու ընդգրկել իմ հասակակիցներին։ Ես ունեի առավելություն, քանի որ կազմակերպիչ էի ու շատ ավելի զարգանալու հնարավորություն ունեցա թե՛ գիտելիքների առումով, թե՛ նոր կապերի, քանի որ շփվում էի շատ մարդկանց հետ։

Այժմ ավելի ինքնավստահ եմ, քանի որ կա հարթակ, որտեղ իմ յուրաքանչյուր փոքրիկ գաղափար կարող է վերածվել ավելի մեծ նախագծի, որին մասնակցում են շատ երիտասարդներ։

Քո ակտիվության շրջանում ի՞նչ փոփոխություններ ես զգացել համայնքում ու երիտասարդների շրջանում

Իմ ակտիվության շրջանում ես հասկացա, որ մեր թիմը կարողանում է ողջ համայնքում երիտասարդներին ակտիվացնել, ընդգրկել բազմաթիվ միջոցառումներում։ Արդյունքում արդեն եիտասարդներն էին հետաքրքրվում, նրանք էին նոր մտքեր առաջարկում, որ  «էս մի ծրագրով էլ կուզենք հանդիպումներ, դասընթացներ»։ Ոգևորող էր, որ մենք էլ համայնքում կարողանում ենք այնպիսի խնդիր լուծել, ինչպիսին երիտասարների պասիվությունն է ու ստեղծել ինքադրսևորման, ինքնաարտահայտման հարթակ։ Արդյունքում երիտասարնդերը կարողանում են իրենց ժամանակը ճիշտ օգտագործել, և հաճույքը համատեղվում է օգտակարի հետ։

Ակտիվության այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո, ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին

Իմ հասակակից ընկերներին խորհորդ կտամ,  որ ավելի ակտիվ մասնակցեն բոլոր կազմակերպվող ծրագրերին։ Յուրաքանչյուր դասընթացի մասնակցելով՝ դուք կարող եք ձեռք բերել առաջին հերթին նոր գիտելիք, ապա նոր շրջապատ ու նոր հնարավորություններ։ Չէ որ մարդիկ ամենակարևոր ռեսուրսն են։

Պատմության հերոսուհի՝ Շուշան Նավասարդյան