Follow us on >
Follow us on >

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի աջակից թիմի հրավեր

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի աջակից թիմի հրավեր

FYN-ը հայտարարում է աջակից թիմի (կազմակերպչական թիմ) ընդունելություն իր երկրորդ ուսումնական ծրագրի՝ «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի համար, որ տեղի կունենա հուլիսի 1-4-ը Սևանի ափին գտնվող Հայկական Ճամբարում։ 

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է 16-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և սովորել բնապահպանություն, մարդու իրավունքներ և խաղաղաշինություն թեմաների մասին։ 

 Ամառային դպրոցը իրականացվում է ոչ ֆորմալ կրթության ձևաչափով։ Տևողությունը 4 օր է, որտեղ մեկ ամբողջական օրը ներառում է 4 թեմատիկ դասընթաց (տեսական և գործնական), առավոտյան և երեկոյան ժամանց, ներառյալ՝ յոգա, կինոդիտում, սեղանի խաղեր և այլն։ Ուսուցումը կազմակերպվելու է՝ հիմնվելով «ՍերմանելOFF փոփոխությON» երիտասարդ ակտիվիստի ձեռնարկի վրա։

Աջակից թիմը պետք է նախապատրաստական աշխատանքներին տրամադրի շաբաթական 4-6 ժամ,  պարտականությունները ներառում են՝

  • օժանդակել օրակարգի և դասընթացների բովանդակության մշակմանը
  • մասնակցել կազմակերպչական հանդիպումներին (անցանց, առցանց)
  • մասնակցել մասնակիցների ընտրության աշխատանքներին
  • մասնակցել ամառային դպրոցին՝ որպես կազմակերպիչ, դասընթացավար, ֆասիլիտատոր
  • մասնակցել միջոցառման գնահատմանն ու հաշվետվության կազմելուն։

Աջակից թիմում լինելը Ձեզ կտա փորձառու և բազմամասնագիտական թիմում աշխատելու հնարավորություն, կզարգացնեք ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ պատկերացումը, կտիրապետեք միջոցառման կազմակերպման տրամաբանությանը՝ օրակարգի մշակումից մինչև գնահատում։ Կստանաք փաստող վկայագիր կամ երաշխավորագիր՝ ըստ անհրաժեշտության։ 

Աջակից թիմին միանալու համար, անհրաժեշտ է լրացնել կից հայտը՝ կցելով ինքնակենսագրական։ Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։

Ամառային դպրոցի մասնակցության հայտերը կբացվեն մայիսի 1-ից։