Follow us on >
Follow us on >

Վերակառուցվող խաղաղություն. հետազոտություն

Վերակառուցվող խաղաղություն. հետազոտություն

I. Երախտիքի խոսք 

Սույն հետազոտությունը կատարվել է «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից։ Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն կազմակերպության կամ աջակիցների տեսակետներն ու քաղաքականությունը։

Զեկույցի ստեղծման գործում ներդրման համար շնորհակալություն ենք հայտնում՝ հեղինակներ Լուսինե Քոսակյանին (հետազոտական խմբի ղեկավար), Գոհար Խաչատրյանին (սոցիոլոգիական մոտեցումների փորձագետ) և հետազոտական խմբին՝ Լիլիթ Առուշանյան, Ինգա Թումանյան: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և ողջ աշխատանքային թիմին հետազոտության պատրաստման ընթացքում ցուցաբերած անգնահատելի աջակցության և համակարգման համար։ 

Խմբագիր՝ Շուշան Ավետիսյան

Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցել www.frontlineyouth.net կայքէջը։

© Frontline Youth Network․ 2023

II. Ներածություն

Գաղտնիք չէ, որ արդի երիտասարդությունն ապրում է բոլորովին նոր իրողությունում, որտեղ զարգացումները ցանկացած ոլորտում կատարվում են աննախադեպ արագությամբ, և համապատասխանաբար կարծիքները ձևավորվում և փոփոխվում են նույնկերպ արագ։ Դժվար է որսալ երիտասարդների վերաբերմունքը, տեսակետները, ընկալումները կամ հետաքրքրությունները որևէ երևույթի վերաբերյալ, երբ արտաքին գործոնները և տեղեկատվական շրջահոսը վայրկյանների ընթացքում կարող է փոփոխել ամեն բան։ 

Գործը ավելի է բարդանում, երբ որևէ երևույթի վերաբերյալ կա՛մ առհասարակ ընդհանուր ընկալում չկա ամբողջ աշխարհում, կա՛մ կարծիքները բևեռացված են։

Խաղաղության վերաբերյալ ընկալումները տարբեր են։ Գոյություն ունի խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտ, որը սահմանումներ է տալիս խաղաղությանը և տեսակավորում՝ այս կամ այն հատկանիշի կամ օրինաչափությունների հիման վրա։ Այնուամենայնիվ, խաղաղության ամենօրյա և անհատական մեկնաբանումները խիստ մասնավոր են։ Հարկ է նշել, որ խաղաղությունը հաստատուն չէ, ու վերջինս կարող է փոխակերպվել ժամանակի ընթացքում, իսկ վերջինիս վերաբերյալ ընկալումները կարող ենք վերաձևակերպվել արտաքին ու ներքին մի շարք գործոններով պայմանավորված։

Խաղաղության վերաբերյալ մեր սահմանումը հետևյալն է՝ անվտանգության և հանգստության վիճակ, որը ստեղծվում է, երբ չկա բռնություն կամ պատերազմ, ամեն ինչ գոյակցում է ներդաշնակության և ազատության մեջ: 

Թեմային առնչվող գրականությունն ուսումնասիրելիս՝ նկատում ենք, որ հաճախ խաղաղության մասին քննարկումները ծավալվում են փորձագիտական հարթակներում և հենց նրանք են, որ հիմնական կարծիք ձևավորողն են այս թեմայի վերաբերյալ, մինչդեռ երիտասարդների ձայնը միշտ չէ, որ լսելի է։ Այս առումով կարևոր ենք համարում ինչպես լսելը և բարձրաձայնելը խաղաղության վերաբերյալ երիտասարդների մոտեցումները, այնպես էլ բացահայտել, թե ինչպես են այս ընկալումները ձևավորվում կարծեցյալ տեղեկատվական վակուումում։

Սույն հետազոտության նպատակն է վերհանել երիտասարդների շրջանում խաղաղության վերաբերյալ պատմույթը՝  ուսումնասիրելով, համեմատելով, համադրելով ու բացահայտելով երիտասարդների ընկալումները և վարքագիծը խաղաղաշինության վերաբերյալ:

III. Հետազոտության մասին

Հետազոտությունն իրականացվել է հետևյալ փուլերով.

  • Նախապատրաստական փուլ.
  • Ուսումնասիրվել են հետազոտության թեմային առնչվող տարբեր աղբյուրներ
  • Կազմվել են հետազոտական գործիքները՝ հիմնվելով նախնական ուսումնասիրության վրա
  • Կարողությունների զարգացման հանդիպումներ են իրականացվել հարցումն անցկացնող մասնագետների համար
  • Բուն հետազոտության իրականացման փուլ.
  • Փորձարկվել են հետազոտական գործիքները
  • Իրականացվել են հարցումները
  • Իրականացվել է մեդիա լանդշաֆտային  (media landscape) վերլուծությունը
  • Հետազոտության արդյունքների վերլուծության փուլ
  • Վերլուծվել են հետազոտության արդյունքները
  • Կազմվել է հետազոտական զեկույցը

Հետազոտությունը պատասխանում է հետևյալ հարցերին՝

  • Ինչպիսի՞ն են երիտասարդների ընկալումները խաղաղաշինության վերաբերյալ (բանալի բառեր՝ խաղաղություն, անվտանգություն)
    • Ինչո՞վ են պայմանավորված ներկա ընկալումները
    • Ի՞նչը կարող է ազդել ընկալումների փոփոխության վրա
  • Ի՞նչ տարբերություններ են նկատվում խաղաղաշինության վերաբերյալ առկա մեդիա պատմույթի և երիտասարդների ընկալումների միջև, ինչը հնարավորություն կտա վերլուծել, թե արդյոք մեդիայի ազդեցությունը այս բովանդակության շուրջ ուղղակի ազդեցություն է ունենում, թե կան այլ կարծիք ստեղծող աղբյուրներ
    • Ի՞նչ տարբերություններ/ ընդհանրություններ են նկատելի վերոնշյալ խնդրո առարկայի շուրջ Երևան և Բերդ համայնքների ընտրված երիտասարդների շրջանում (բացահայտել համեմատելով երկու զուգահեռ ֆոկուս խմբային քննարկումները)
  • Ինչքանո՞վ են խաղաղաշինության վերաբերյալ երիտասարդների պատկերացումները փոխհատվող/ միջառարկայական, մասնավորապես արդյոք կապ են տեսնում խաղաղաշինական գործընթացների և իրենց հուզող այլ խնդիրների միջև, օրինակ՝ կրթության իրավունք, երիտասարդական ակտիվիզմ, ճանապարհորդություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, բնապահպանություն և այլն։
  • Ինչքանո՞վ են երիտասարդներն իրենց համարում խաղաղաշինական գործընթացների մասը:
  • Ի՞նչ վախեր ու հույսեր կան կապված խաղաղաշինության հետ։
  • Որտե՞ղ փնտրել խաղաղության և պատերազմի վերաբերյալ պատմույթը։
  • Ի՞նչ հարաբերակցություն կա պատերազմի շուրջ և խաղաղության շուրջ շրջանառվող զրույցներում։
  • Ի՞նչ համատեքստի շուրջ են ծավալվում քննարկումներն այս թեմայի շրջանակներում (օրինակ՝ ԼՂՀ, տարածաշրջան, կամ այլ)։
  • Ինչպիսի՞ն է տվյալ թեմայի վերաբերյալ նյութերի բնույթը (նկարագրողական, կրթական և այլն)։
  • Ինչպիսի՞ն է այս քննարկումների դինամիկան 2020 թվականի պատերազմից առաջ և հետո։
  • Ինչքանո՞վ է հասարակությունը և հատկապես երիտասարդությունը հետաքրքրված այս քննարկումներում։

Սույն հետազոտությունն իրականացնելու համար առանձնացվել են հետևյալ մեթոդները. 

  • մեդիա լանդշաֆտային վերլուծություն (media landscape analysis)
  • առցանց հարցում 
  • ֆոկուս խմբային քննարկում

Media landscape analysis-ի շրջանակներում վերհանվել են թվային մեդիա աշխարհի միտումները և դինամիկան, որի նպատակով ուսումնասիրվել են datareportal.com, trends.google.com, Meta Business Suite և այլ գործիքներ և աղբյուրներ։ Թեմայի վերաբերյալ խորքային տեղեկատվություն ստանալու նպատակով  ընտրվել են առցանց հարցման և ֆոկուս խմբային հարցման մեթոդները: 

Հաշվի առնելով հետազոտական նպատակը և խնդիրները՝ մշակվել են հետևյալ հետազոտական գործիքները.

  • առցանց հարցման համար մշակվել է հարցաթերթ (ներկայացվում է Հավելված 1-ում) 
  • ֆոկուս խմբային քննարկման համար՝ հարցաշար (ներկայացվում է Հավելված 2-ում):

Առցանց հարցումը տարածվել է սոցիալական մեդիա (Facebook, Instagram) հարթակներում: Հարցմանը մասնակցել են 55 անձինք:  Ֆոկուս խմբի մասնակիցների ընտրությունն իրականացվել է պատահական սկզբունքով` հաշվի է առնվել միայն տարիքային շեմը՝ 16-24 տարեկան, բնակության վայրը՝ Երևան քաղաք և Բերդ համայնք։ Իրականացվել է 4 ֆոկուս խումբ քննարկում՝ 2-ը՝ Երևանում, 2-ը՝ Բերդում, ընդհանուր առմամբ՝ 17 մասնակից։

IV. Տվյալների վերլուծություն. (ֆոկուս խմբային քննարկման արդյունքները)

Երիտասարդների ընկալումները խաղաղաշինության վերաբերյալ.

Բանալի բառեր՝ խաղաղություն, անվտանգություն

Խաղաղություն.

Վերլուծելով ֆոկուս խմբային քննարկման մասնակիցների կարծիքները խաղաղության մասին՝ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական մոտեցումները. 

  • Խաղաղությունը հոգու և մտքի ներդաշնակությունն է 
  • Խաղաղությունը երկրում անվտանգությունն  է 
  • Խաղաղությունը և́ հոգեկան, և́ ֆիզիկական անվտանգության ամբողջությունն է, որոնք սերտորեն փոխկապված են 

Խաղաղությունը հոգու և մտքի ներդաշնակությունն է 

Մասնակիցների մեծ մասը, խաղաղությունը մեկնաբանելիս, առաջին հերթին նշում է հոգու և մտքի խաղաղության մասին, երբ անձը չարացած չէ (խաղաղ է, հանգիստ) և իր շրջապատում տարածում է միայն բարին: Նրանք այստեղ կարևորում են ներքին ներդաշնակությունը, երբ անձն իր ներսում ներդաշնակ է, կոնֆլիկտային չէ: 

Մասնակիցներից մի քանիսը խաղաղությունն ասոցացնում են նաև բարդույթներից ազատագրվելու և միջավայրում խաղաղ զգալու, խաղաղ լինելու հետ. ‹‹…երբ օրինակ ինչ-որ կոմպլեքսներ չունես ու քո շրջապատում, միջավայրում ազատ ես, հանգիստ ես զգում, բոլորի հետ նորմալ շփվում ես, քեզ հետ բոլորը լավ են ու խիղճդ հանգիստ է››: Շատերն այս առումով առանձնակի կարևորում են ազատ և խաղաղ որոշումներ կայացնելու, ընտրություններ կատարելու հնարավորությունը, որտեղ միջավայրը քննադատ չէ, և անձինք վախեր չունեն՝ միջավայրի բացասական արձագանքի հետ կապված. ‹‹…որ դու չես մտածում՝ արժե՞ էսինչ բանը անել։ Դու գիտես, որ էսինչ բանը անես, ոչինչ, եթե չստացվի էլ, նորմալ ա, քեզ կոնկրետ ինչ-որ վտանգավոր, խանգարող բաներ չեն լինելու ու դու հանգիստ ես քո սաղ գործերի մեջ››: 

Ինչ վերաբերում է միջավայրում խաղաղությանը և միջավայրի արձագանքին, ապա 

  • մասնակիցներից մի քանիսն առանձնացնում են ընտանիքի դերը (երբ ընտանիքիդ անդամները լավ են, ներդաշնակ են իրենց զգում, միևնույն ժամանակ՝ հաշտ են քո որոշումների հետ), 
  • մասնակիցներից մի քանիսն էլ առանձնանցում են համայնքի դերը (երբ համայնքում էական հիմնախնդիրներ չկան, միևնույն ժամանակ՝ համայնքում անվտանգ և ազատ ես զգում քեզ՝ քո որոշումների հետ):

Խաղաղությունը երկրում անվտանգությունն է 

Մասնակիցների մյուս մասը խաղաղությունն առաջին հերթին նույնացնում է երկրում խաղաղության հետ: Այստեղ առանձնացվում է երկու ուղղություն. 

  1. Երկրի արտաքին հարաբերությունները (հիմնականում մեկնաբանվում է հակառակորդների/թշնամիների հետ պատերազմի բացակայությամբ)
  2. Երկրի ներսում հարաբերությունները (հիմնականում մեկնաբանվում է երկրի ներսում տարբեր քաղաքական ուժերի միջև լարված հարաբերությունների բացակայությամբ)

1-ին ուղղությամբ մեկնաբանող մասնակիցների մեծ մասն այն կապում է պատերազմի բացակայության հետ ‹‹…երբ երկրի սահմանները հանգիստ են և ոչ մի թշնամական հարձակում չկա››: 

Մասնակիցներից շատերի կարծիքով՝ երբ երկրում պատերազմ է, ապա հնարավոր չէ որևէ այլ բանի մասին մտածել. ‹‹… երբ երկրումդ պատերազմ ա, դու երբեք չես մտածելու արարելու մասին, առաջինը մտածելու ես՝ ինչ անեմ, որ պահեմ, հետո նոր ստեղծեմ որևէ բան››:

Մասնակիցներից միայն մեկն է նշում, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի որ ‹‹…հենց էնպես մեզ խաղաղություն չի նվիրվելու, այլ մենք դա պետք է վաստակենք…››: Նրա կողմից առաջարկվող պատերազմն ընդգրկում է ոչ միայն պատերազմի դաշտում, այլ նաև տարբեր ոլորտներում (օրինակ՝ մշակութային), մեդիայում համապատասխան քայլեր ձեռնարկելը: Նա կարևորում է այս ողջ գործընթացում յուրաքանչյուրի դերը և մասնակցությունը: Մեկ այլ մասնակից էլ երկրում խաղաղության պահպանումը իր գործունեության գերնպատակն է համարում. ‹‹… էնպես անեմ, որ իմ յուրաքանչյուր գործողություն երկարաժամկետում իր արդյունքը տա ու նպաստի խաղաղությանը››: Մասնակիցներից շատերը կարևորում են կրթության դերը՝ երկրում խաղաղության հասնելու գործընթացում:

Մասնակիցներից մի քանիսը նշում են, որ խաղաղության մասին սկսում են մտածել և խաղաղության իրական կարևորությունը հասկանալ միայն այն դեպքում, երբ երկիրը որևէ վտանգի կամ (արդեն իսկ) պատերազմի մեջ է:

2-րդ ուղղությամբ մեկնաբանող մասնակիցների մեծ մասը երկրում խաղաղության հաստատումը կապում է երկրի ներսում կայունության պահպանման հետ: Վերջինս ներառում է օրինակ իշխանություն-ընդդիմություն, ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում կայունությունը:

  • Խաղաղությունը և́ հոգեկան, և́ ֆիզիկական անվտանգության ամբողջությունն է, որոնք սերտորեն փոխկապված են 

Մասնակիցներից շատերը համակարծիք են, որ խաղաղությունը բազմակողմանի է և ներառում է թե́ հոգեկան, թե́ ֆիզիկական խաղաղությունը: Նրանց կարծիքով՝ առանց մեկի, չկա մյուսը, և հակառակը. 

  • եթե հոգեպես խաղաղ չես, ապա ֆիզիկական խաղաղությունը բավարար չէ խաղաղ լինելու համար
  • եթե ֆիզիկապես խաղաղ և անվտանգ չես զգում, ապա հոգեպես խաղաղ չես կարող լինել

Մասնակիցներից մեկը նշում է. ‹‹խաղաղությունը ինչ-որ փոխկապակցված ցիկլ ա, որտեղ մարդու ներաշխարհից, էդ հանգստությունից մինչև աշխարհի խաղաղություն պետք ա կապը լինի››: Մեկ այլ մասնակից նշում է, որ մի կողմից՝ անձի ապրելակերպը նպաստում է ֆիզիկական խաղաղության հաստատմանը, մյուս կողմից՝ ֆիզիկական միջավայրի խաղաղ չլինելը ազդում է և փոփոխում անձի/համայնքի ապրելակերպը: 

Մասնակիցները ֆիզիկական խաղաղությունը հիմնականում մեկնաբանում են ոչ միայն պատերազմի բացակայությամբ, այլ նաև՝ տարատեսակ վտանգների բացակայությամբ: 

Անվտանգություն.

Անվտանգությունը մեկնաբանելիս՝ մասնակիցների մեծ մասն առանձնացնում են հետևյալ գործոնները՝ որպես անվտանգության ապահովման երաշխիք. 

  • Ընտանիքի, ընկերների, այլ անձանց ընկերակցություն
  • Երկրում պատերազմական վիճակի բացակայություն
  • Պատերազմի ընթացքում առաջացող արհավիրքներին արձագանքելու՝ մարդկանց պատրաստվածություն, անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ 
  • Մի շարք պատահարների, բնական և մարդածին աղետների բացակայություն
  • Այլ պայմաններ (լուսավորություն, ոստիկանական աջակցություն, այլ…) 

Ընտանիքի, ընկերների, այլ նշանակալի անձանց ընկերակցություն

Մասնակիցներից շատերն իրենց անվտանգ են զգում, երբ տանն են, և երբ ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն իրենց կողքին են. ‹‹ես ինձ ամենաապահովը ու ամենաանվտանգը զգում եմ ընտանիքիս հետ ու նույնիսկ կարող եմ օրինակ բերել, էն 2020թ.-ին երբ որ հուլիսին մեզ մոտ իրավիճակը մի քիչ ծանրացել էր, պատերազմական ու էդ ընթացքում նույնիսկ էդ ռումբերը, անօդաչու սարքերը հենց մեր տան մոտ էլ էին ընկնում, բայց տենց ներքուստ ես զգում էի որ, ես ապահով եմ, անվտանգ եմ որովհետև ծնողներս կողքիս էին, ինչ-որ ներքին համոզմունք ունեի որ ամեն ինչ լավ կլինի…››:

Այս շարքը մասնակիցների կողմից համալրվում է նաև դպրոցական, համալսարանական ընկերներով, ուսուցիչներով: Մասնակիցներից մի քանիսը նշում են, որ անվտանգ են զգում, երբ իրենց սիրելի մարդու հետ են: Նրանցից մեկը նշում է. ‹‹…անվտանգությունը, երբ սիրելի մարդու հետ տանը տաքուկ անկյունում ֆիլմ ես դիտում››: 

Որոշ մասնակիցներ շեշտադրում են ոչ միայն վերոնշյալ անձանց հետ ֆիզիկապես նույն վայրում լինելը, այլ նաև՝ զգացողությունը, երբ ‹‹…քեզ քաջալերում են, ու միշտ ասում, որ դու դա էլ կարող ես անել…››, ‹‹…գիտես, որ քո կողքին մարդ կա, ու դժվարին պահին հետդ ա լինելու…››:

Երկրում պատերազմական վիճակի բացակայություն

Մասնակիցներից մի քանիսը անվտանգության զգացումը կապում են երկրում խաղաղության, պատերազմի բացակայության հետ, քանի որ երկրում պատերազմի դեպքում մարդկանց անվտանգության զգացումը խարխլվում է. ‹‹…երբ պատերազմ ա, անհանգստանում ես ու զգում ես արդեն անվտանգության պակաս, իսկ երբ քո հայրենիքը խաղաղ ա՝ դու անվտանգ ես››: Այս առումով մասնակիցներից մեկը նշում է. ‹‹…մեր ուղեղը էսքանից հետո ուղղակի էնքան պատերազմ ա տեսել, որ անվտանգություն ասում են, միանգամից դեպի էդ ենք գնում, դեպի հայրենիք, որպես Հայաստանի քաղաքացի, առանց դրա չի էլ լինում››:

Մասնակիցներից մեկն անվտանգությունը նույնացնում է խաղաղության հետ. ‹‹խաղաղություն-անվտանգություն, իրանք շատ նման են, կոնկրետ մեր երկրի հետ կապված օրինակով, եթե մենք կարանանք մեր երկրի անվտանգությունը ապահովենք, արդեն ինքնըստինքյան խաղաղությունն էլ կլինի։ Իմ կարծիքով՝ համարյա նույն բաննա››: Մինչդեռ, մասնակիցներից երկուսն էլ կարծում են, որ անվտանգությունը խաղաղության ենթաբաժին է, և դրանք պարզապես փոխկախված են. ‹‹անվտանգությունը խաղաղության ինչ-որ ենթաբաժին ա։ Եթե անվտանգություն չըլնի, չի կարա խաղաղություն ըլնի։ Նույնը հակառակը››:

Պատերազմի ընթացքում առաջացող արհավիրքներին արձագանքելու՝ մարդկանց պատրաստվածություն, անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ 

Մասնակիցներից մի քանիսը նշում են, որ իրազեկումը (թե ինչպես արձագանքել տարբեր իրավիճակներին, օրինակ երկրաշարժին, պատերազմին, այլ) անվտանգության ամրապնդման ամենակարևոր գործոններից է:

Մասնակիցներից մեկը, ով փորձառություն ունի բնակվելու և́ սահմանամերձ տարածքում, և́ Երևանում, նշում է, որ սահմանից հեռու լինելը դեռևս անվտանգության երաշխիք չէ: Ըստ նրա՝ նույնիսկ սահմանամերձ տարածքում է հնարավոր անվտանգ զգալ, երբ բնակիչները հստակ գիտեն, թե վտանգավոր պահերին ինչ քայլեր է պետք ձեռնարկել: Նա նշում է, որ այդ փորձառությունը, պատրաստվածությունն ունեն հիմնականում այն մարդիկ, ովքեր երկար տարիներ ապրել են ‹‹կրակոցների տակ››, ինչը չգիտեն օրինակ ք. Երևանում: Նա կարևորում է Հայաստանի բոլոր տարածքներում բնակիչների՝ պատերազմի ընթացքում առաջացող դժվարություններին արձագանքելու պատրաստվածության ապահովումը, գիտելիքների և կարողությունների զարգացումը, փորձառություններով կիսվելը: Այս առումով, մեկ այլ մասնակից կարևորում է պետության կողմից՝ իրազեկող հանդիպումների անցկացումը: 

Մի շարք պատահարների, բնական և մարդածին աղետների բացակայություն

Մասնակիցներից մի քանիսն անվտանգությունն ավելի բարձր կոնցեպտ են համարում, քան մարդը կարող է ազդեցություն ունենալ.

  • Օրինակ՝ որքան էլ անձը փորձի ապաստարան կարգի բերել, միևնույնն է, պատերազմի կանխարգելումը երկրի արտաքին քաղաքականության հարցն է: Այն գլոբալ հարց է, որը ներառում է տարբեր երկրներ ու շահեր:
  • Օրինակ՝ բնական աղետները (մասնավորապես երկրաշարժը), որի դեմ անհնար է պայքարել: Այս առումով, առաջարկվող հնարավոր մեղմող գործոն է դիտարկվում բնակչության իրազեկվածության բարձրացումը, կրթական համակարգում այսօրինակ թեմաների ներառումը, քննարկումների կազմակերպումը:
  • Օրինակ Քովիդ-19-ը և այլն:

Այլ պայմաններ (լուսավորություն, ոստիկանական աջակցություն, այլ…) 

Մասնակիցներից մեկը նշում է, որ որոշ վայրեր առավել վտանգավոր են դառնում գիշերային ժամերին: Այստեղ անվտանգության երաշխիք կարող է լինել անհրաժեշտ լուսավորության ապահովումը, ոստիկանական աջակցությունը:    

Մասնակիցներից մի քանիսը նշում են նաև փողոցում թափառող շների մասին՝ քննարկելով, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ, որ նրանց հետ համակեցությունն ավելի անվտանգ դառնա (մասանկիցներից մեկը նշում է, որ նույնիսկ եթե շները պատվաստված են, նա վտանգ է զգում և վախենում է դրսի շներից): 

Մասնակիցներից մեկը նշում է, թե կարծրատիպերը ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ անձանց վարքագծի վրա. ‹‹կան մարդիկ, ովքեր կարան քեզ անհարմարություն պատճառեն, այսինքն կարան շատ հանգիստ գան, անծանոթ մարդիկ, փողոցում քո համար սենց քայլում ես, անծանոթ մարդ գա ասի մազերդ վարդագույնա ներկած››:

Այս առումով, մասնակիցներից մեկը նշում է, որ երեկոյան ժամերին քայլելիս վախենում է տղաների խմբից, քանի որ վտանգ է զգում նրանցից և անմիջապես փոխում է ճանապարհը: Նա որպես պատճառ նշում է պատերազմական իրավիճակը և պատմում, որ վախենում է, որ տվյալ մարդիկ կարող են ադրբեջանցի լինել. ‹‹ հետն էլ էս պատերազմային վիճակը, քայլում եմ, մաման միշտ ասումա՝ նայի, էնի կարա ադրբեջանցի լինի: Մի հատ մարդ կա, ուրիշ լեզվով ա խոսում, չենք հասկանում, մաման ասում ա էնի ադրբեջանցի ա, զգույշ։ Հիմա էդքան էլ չեմ մտածում, բայց թեկուզ դուրսը քայլեմ, տենամ ինչ-որ տղամարդկանց, շատ եմ վախում, կփոխեմ ճանապարհս››: 

Մասնակիցներից մեկը նշում է, որ անվտանգությունն անհրաժեշտ է ապահովել հասարակության բոլոր անդամների համար, ներառյալ՝ կանանց, տղամարդկանց, հղի կանանց, երեխաների, առողջական խնդիրներ ունեցող անձանց, այլ:

Խաղաղության ու անվտանգության մասին երիտասարդների ընկալումների վրա ազդեցության շրջանակը

Մասնակիցները նշում են, որ խաղաղության և անվտանգության թեմաների մասին լսում են

  1. Մի մասը՝ առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում
  2. Մյուս մասը՝ զանգվածային լրատվամիջոցներով

Առօրյա կյանքի տարբեր իրավիճակներ.

Մասնակիցների մեծ մասը նշում են, որ խաղաղության և անվտանգության մասին լսում են հիմնականում ընտանեկան և/կամ ընկերական միջավայրում.

‹‹…Ում ինչ հարցնում ես, ասենք ասում ա սպասի մի ամիս հետո խաղաղություն լինի, հետո կտենանք։ Կոպիտ ասած ապրում ենք մի երկրում, որտեղ եթե մարդը առիթ ունի անելու, ամեն ինչ ցուցակագրում ա, ու իրանց մեջ հարցա գալիս, բա որ կռիվ ըլնի, ինչ ենք անելու››:

‹‹…Ես իմ ծնված օրից ամեն օր լսել եմ էդ խաղաղության մասին էլ, պատերազմի մասին էլ։ Ինձ երբվանից հիշում եմ, մեր տանը միշտ էդ քննարկվել ա, մեր մեծերը, պապիկս, տատիկս ասում էին, որ գնում էին Ղազախ առևտուր էին անում, ադրբեջանցի հարազատներ ունեի…››:

Մասնակիցներից մեկը նշում է, որ խաղաղության մասին լսում են ամեն օր՝ կյանքի տարբեր իրավիճակներում, քանի որ ‹‹…կոնկրետ հայերի մոտ առօրյա զրույցի թեմա ա դարձել դա ՝ խաղաղության մասին խոսել, ու սենց բովանդակությամբ հիմնականում ՝ երանի խաղաղություն լինի, երանի խաղաղ ժամանակներում ապրեինք, խաղաղություն տեսնեինք››: Մեկ այլ մասնակից կիսվում է իր հիշողություններով, թե ինչպես էին տարբեր խնջույքներին մեծահասակ մարդիկ կենաց ասում, որտեղ առաջին կենացը նվիրված էր խաղաղությանը: Նա նշում է, որ միայն պատերազմից հետո է հասկացել դա և վերաարժևորել խաղաղությունը:

Մեկ այլ մասնակից էլ խնդրահարույց է համարում այն, որ առօրյայում ավելի շատ պատերազմից են խոսում, քան՝ խաղաղությունից:

Մի քանի մասնակիցների կողմից առանձնացվում են նաև հարևանական միջավայրում քննարկումները, սակայն հիմնականում դրանք բացասական երանգով են ներկայացնում, քանի որ այդ քննարկումներում ‹‹…հիմնականում փնովում են, բողոքում ու ամեն ինչ ճոխացվում են››: Մասնակիցներից մեկը նշում է, որ խաղաղության ցանկության մասին հաճախ է լսում իրենց հարևան ‹‹մի քանի տատիկներից, ովքեր միշտ ասում են, որ քանի տարի ապրել են, ու խաղաղություն չեն տեսել››:

Թեման քննարկվում է նաև հանրային տրանսպորտում (ըստ մասնակցի դիտարկման՝ հիմնականում առավոտյան, քանի որ երեկոյան երևի հոգնած են լինում), որն ավելի շատ ոչ թե կառուցողական քննարկում ծավալելու, այլ՝ թերապևտիկ բնույթ ունի, որի ընթացքում մարդիկ դուրս են հանում իրենց զգացողությունները և էմոցիաները:

Որոշ մասնակիցներ նշում են, որ այս թեմաների մասին լսում են աշխատավայրում, հատկապես այն դեպքերում, երբ երկրում իրավիճակն անկայուն է դառնում: Այս առումով, առանձնացվում է նաև դպրոցը, ներառյալ՝ երեխաների միջև քննարկումները, փորձագետների կողմից դպրոց այցերը և այս թեմայի վերաբերյալ քննարկումների ծավալումը: Մասնակիցներից երկուսը նշում են, որ, իրենց մասնագիտությամբ պայմանավորված, համալսարանում ամեն օր լսում են թե́ խաղաղության, թե́ պատերազմի, թե́ անվտանգության մասին:

Այստեղ, մասնակիցները շեշտադրում են նաև ՀԿ-ների դերը. որոշ մասնակիցներ հնարավորություն են ունեցել մասնակցել ՀԿ-ների կողմից կազմակերպված՝ այս թեմայով քննարկումներին (նշվում է Frontline-ի մասին):

Զանգվածային լրատվամիջոցներ.

Մասնակիցների գրեթե կեսը նշում է, որ խաղաղության և պատերազմի մասին հիմնականում լսում են սոցիալական ցանցերով: Նրանցից շատերը համակարծիք են, որ համացանցով ավելի շատ տարածվում է պատերազմի, բացասական լուրերի մասին, քան՝ խաղաղության:

Սոցիալական ցանցերից հատկապես առանձնացնում են ինստագրամը՝ նշելով բլոգգերների ու ինֆլուենսերների դերի մասին: Նրանք են հատկապես խոսում և քննարկում հոգևոր խաղաղության, հոգեկան բարեկեցության թեմաները: (Մասնակիցներից մեկն առանձնանցում է նաև մի հավելվածի մասին, որը ներբեռնել է և իրեն ավելի անվտագ է զգում, քանի որ կարող է արագ կապ հաստատել 911-ի հետ: Այդ հավելվածի մասին նա իմացել է բլոգերներից մեկին հետևելու ընթացքում հայտնված գովազդի միջոցով):

Սոցիալական մեդիայում մասնակիցներից մեկն առանձնացվում է Zartonk-ը, մեկ այլ մասնակից, իր մասնագիտական հետաքրքրություններով պայմանավորված, նշում է ‹‹թշնամու լուրերին հետևելը››: Մասնակիցներից միայն մեկն է նշում պաշտոնական լուրերից տեղեկատվություն ստանալու կարևորության մասին: 

Մասնակիցներից շատերն առանձնացնում են նաև՝ հեռուստացույցով լուրեր լսելը: Չնայած նրանք հիմնականում չեն դիտում հեռուստացույց, սակայն պատերազմի ժամանակ սկսել են ‹‹հեռուստացույցով լուրեր լսել, հետևել նորություններին››:

Մասնակիցներից շատերը համակարծիք են, որ սոցիալական մեդիան մարդկանց տեղեկատվություն հասցնելու լայն հնարավորություններ է ստեղծում, որից պետք է օգտվել և տարածել խաղաղության մասին քննարկումները:  

Չնայած մասնակիցների մեծ մասը նշում է, որ քննարկումներն ավելի շատ ծավալվում են պատերազմի, քան պատերազմի լուծումների և խաղաղության վերաբերյալ, այնուամենայնիվ, մասնակիցներից մի քանիսը նկատում են տարածվող տեղեկատվության բովանդակության փոփոխություն (խաղաղության թեմայով քննարկումներ են սկսվել ծավալվել), սակայն շարունակում են իրենց մտահոգությունը հայտնել խաղաղության վերաբերյալ սակավաթիվ քննարկումների առումով: Հարկ է նշել, որ նրանց մեծ մասի կարծիքով՝ խաղաղության մասին ավելի հեշտ է քննարկել երիտասարդների, քան՝ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ:

Մեդիայի ազդեցության վերաբերյալ մոտեցումների տարբերությունները, ընդհանրությունները

Ուսումնասիրելով ֆոկուս խմբային քննարկման արդյունքները՝ նկատելի է որոշ տարբերություններ և ընդհանրություններ՝ Երևան և Բերդ համայնքների երիտասարդների մոտեցումներում: Մասնավորապես, Ք. Երևանում երիտասարդներն ավելի շատ են հետևում սոցիալական ցանցերով տարածվող տեղեկատվությանը, մինչդեռ Բերդ համայնքի երիտասարդներն՝ առավել հաճախ նշում են, որ քննարկումները ծավալվում են իրենց ընտանեկան, ընկերական միջավայրում: Չնայած հարկ է նշել, որ այն երիտասարդները, ովքեր Բերդ համայնքից են և ներկայումս բնակվում են ք. Երևանում, նշում են, որ բացի հարազատների հետ քննարկումներից, մեծամասամբ օգտվում են սոցիալական ցանցերից, որտեղից էլ մեծամասամբ ծավալվում են անվտանգության, խաղաղության մասին քննարկումները:

Բացի այդ, Բերդ համայնքի երիտասարդներն ավելի շատ են նշում, որ դեռ փոքրուց լսում են պատերազմի և խաղաղության թեմաների մասին, քանի որ դա եղել է նրանց ամենօրյա փորձառությունը: 

Խաղաղաշինության վերաբերյալ երիտասարդների պատկերացումների փոխհատվող/ միջառարկայական շրջանակը.

Մասնակիցներից շատերը խաղաղաշինությունը կապում են միմյանց միջև կոնֆլիկտների բացակայության և փոխադարձ ըմբռնման  հետ: Այս առումով, նրանք խնդիրներ են առանձնացնում տարբեր ոլորտներում, մասնավորապես շատերը նշում են, որ բնակչության վերաբերմունքը երկրի հանդեպ ուղղակիորեն կարող է կապվել երկրի անվտանգության հետ, օրինակ փողոցները մաքուր պահելով, աղբ չթափելով: 

Բացի այդ, մարդկանց կողմից առօրյա կյանքում դրսևորվող վարքագծի և/կամ դրա հանդեպ արձագանքի ձևերը կարող են ցույց տալ, թե մարդիկ ինչքանով են հակված կոնֆլիկտի: Օրինակ, թե ինչպես են մարդիկվարվում, արձագանքում, երբ որևէ մեկը ‹‹աղբ է թափում փողոցում կամ օրինակ արևածաղիկ է չրթում և լցնում գետնին››: 

Ընդ որում, սա համարում են ոչ միայն մշակութային բաղադրիչ, այլ նաև՝ մարդկային բնավորության մաս, օրինակ.

  • Կան մարդիկ, որ պատրաստ են մոտենալ և աղբ թափող մարդուն սաստել:
  • Կան մարդիկ, որ կնայեն և չեն արձագանքի:
  • Կան մարդիկ, որ կբողոքեն, սակայն արձագանքող որևէ գործուն քայլ չեն ձեռնարկի:

Մասնակիցների կարծիքով՝ համանման վարքագիծ/ռազմավարություններ են մարդիկ կիրառում նաև անվտանգության հետ կապված հարցերում:

Բացի այդ, մասնակիցների մեծ մասը նշում է, որ որքան մարդը մտածի իր ներքին ներդաշնակության, բարի գործեր անելու, ինչպես նաև սեփական իրավունքներն ու պարտականություններն իմանալու և իրացնելու ուղղությամբ, այդչափ ներդրում կունենա խաղաղաշինության գործընթացում: Ներքին խաղաղության հասնելու համար շատերը կարևորում են առողջ ապրելակերպը (մասնավորապես առողջ սնվելը), բնապահպանությունը: Դրանք թե́ միջավայրային, թե́ անձի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հարցեր են:

Մասնակիցներից մի քանիսն առանձնացնում են սերունդների միջև հասկացվածության, փոխըմբռնման հարցը, երբ մտածելակերպի տարբերության պատճառով կարող են կոնֆլիկտներ առաջանալ, օրինակ՝ ավագ սերնդի և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև տարբեր թեմաներ քննարկելիս: Մասնակիցներից մի քանիսը նշում են, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ավելի բաց են խաղաղության թեմաներին անդրադառնալիս:

Մասնակիցներից շատերը հետաքրքրված են տարբեր ոլորտներով և թեմաներով (օրինակ՝ տուրիզմի զարգացում, բնապահպանական հիմնահարցեր, որակյալ կրթություն, այլ), մինչդեռ նրանք նշում են, որ այդ թեմաներն ակտուալ չեն և քննարկման ենթակա չեն, երբ երկրում չկա խաղաղություն. ‹‹… Երբ մարդ մտածում ա ֆիզիկական գույության մասին, արդեն էլ զարգացման, ինչ-որ բան ստեղծելումասին չի մտածում››:

‹‹…խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում էս մեր նշած խնդիրներին անդրադառնալ ուղղակի հնարավոր չի լինի, ու էս մեր նշածները կամ տանում են խաղաղության առկայության կամ բացակայության, կամ հանգեցնում են։ Օրինակ՝ եթե կթության լավ որակը լինի, շատ խնդիրներ կլուծվեն, ու եթե խաղաղություն լինի, էդ էլ կարա տանի նրան, որ մենք լինենք բնապահպանական, տուրիզմ և այլ խնդիրներ, ավելի լավ ճանապարհով գնանք››:

Երիտասարդների ներգրավվածությունը խաղաղաշինական գործընթացներում. 

Մասնակիցների մեծ մասն իրենց համարում են խաղաղաշինական գործընթացների ակտիվ մասնակից, որը հիմնականում դրսևորվում է.

Ø  Ներքին խաղաղության հաստատմանը միտված քայլեր ձեռնարկելով,

Ø  Ինքնակրթմամբ և թեմայի վերաբերյալ նորություններին հետևելով,

Ø  Ստացած գիտելիքներն այլ անձանց փոխանցելով:

Ներքին խաղաղության հաստատմանը միտված քայլերը ներառում են անձի կատարելագործումը, վատությանը լավությամբ պատասխանելը և ներողամիտ լինելը, բարի գործեր կատարելը, դրական տրամադրվելը և վատ էներգիա չփոխանցելը, կոնֆլիկտային չլինելը: Մասնակիցներից մեկը նշում է, որ բարությամբ է հնարավոր հակազդել չարությանը, պատերազմին. ‹‹…ինչքան բարությունը շատանա չարություն չի լինի, պատերազմ չի լինի՝ կլինի խաղաղություն, դու էլ քեզ կզգաս անվտանգ››:

Մասնակիցներից մի քանիսը նշում են, որ թե́ որպես քաղաքացի, թե́ որպես երիտասարդ՝ պարտավոր են խաղաղաշինական թեմաներով հետաքրքրվել և մասնակցություն ունենալ, քանի որ պատերազմական իրողությամբ պայմանավորված, այլ տարբերակ չեն պատկերացնում: 

Ըստ մասնակիցների՝ ինքնակրթությունը ներառում է տարբեր դասընթացներին, քննարկումներին մասնակցությունը և գիտելիքների ձեռքբերումը (հիմնական թեման՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել պատերազմի դեպքում): Մասնակիցները կարևորում են ոչ միայն գիտելիքներ ստանալը, այլ նաև՝ իրենց ընկերների, հարազատների և, ընդհանուր առմամբ, համայնքի բնակիչների հետ կիսելը: Մասնակիցներից մեկն այստեղ առանձնացնում է թե́ օնլայն հարթակում, թե́ ընկերների հետ հանդիպումների ընթացքում ունեցած փորձը, տեղեկատվությունը կիսելու կարևորությունը:

Ըստ մեկ այլ մասնակցի՝ խաղաղաշինական գործընթացներին մասնակցությունն արտահայտվում է իր կողմից՝ այնպիսի մասնագիտության ընտրությամբ, որի կարիքը Հայաստանում կա:

Մասնակիցներից երկուսը կարևորում են կամավորությունը, երբ հնարավորություն են ունենում իրենց փորձը և գիտելիքները կիսել տարբեր մարզերում կազմակերպված դասընթացների ընթացքում:

Խաղաղաշինական գործընթացին մասնակցության ձևաչափ են համարում նաև նորություններին հետևելը (թե տեղական, թե միջազգային կոնֆլիկտների զարգացումներին հետևելը), օբյեկտիվ տեղեկատվություն ուսումնասիրելը և այլ մարդկանց հետ կիսելը, քննարկելը:

Մասնակիցների մյուս մասը նշում է, որ ակտիվ մասնակից չէ խաղաղաշինական գործընթացներին՝ հետևյալ պատճառ/ներով.

  • Խաղաղաշինությունը երկկողմանի գործընթաց է, մինչդեռ հակառակ կողմը չի ցանկանում խաղաղություն հաստատել, հետևաբար քայլեր չպետք է ձեռնարկել միակողմանի խաղաղության նպատակով,
  • Չեն կարող գլոբալ խաղաղաշինությանը մասնակից լինել, քանի դեռ չեն հասել ներքին խաղաղության,
  • Հետաքրքրված չեն համանման թեմաներով:

Մասնակիցների մի մասը չեն ցանկանում քայլեր ձեռնարկել միակողմանի խաղաղության նպատակով, քանի որ գտնում են, որ ‹‹…խաղաղաշինությունը երկու կողմի փոխազդեցություն ա, դա մենակ մեզանով չի լինի, ոնց որ ես ու դու ուզենք խաղաղություն, ես ինչքան ուզեմ քեզ հետ հաշտ լինեմ, դու անընդհատ ինձ հետ կռվես, դե չի ստացվի չէ՞…››:

Նրանց կարծիքով խաղաղություն հնարավոր չէ պարտադրել, խաղաղության լեզվով խոսել մեկի հետ, ով սպանելու նպատակ ունի. ‹‹…թշնամին չի ուզում խաղաղություն…››:

Որոշ մասնակիցներ գտնում են, որ չեն կարող մասնակից լինել համընդհանուր խաղաղաշինական գործընթացներին, երբ դեռ չեն հասել ներքին խաղաղության:

Մասնակիցների մի մասն էլ հետաքրքրված չէ խաղաղաշինական գործընթացով: Նրանցից շատերը նշում են, որ հետաքրքրվում են հիմնականում այն դեպքում, երբ երկրում իրավիճակն անկայուն է դառնում: Հարկ է նշել, որ նման մոտեցում ավելի շատ ունեն ք. Երևանում մասնակիցներից շատերը: Նրանց հիմնականում հետաքրքրում է անվտանգության հիմնահարցը, օրինակ, երբ դա վերաբերում է իրենց ընտանիքի անդամներին: Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներգրավվել սույն թեմայի հաջորդ փուլերին, քննարկումներին:  

Խաղաղաշինության հետ կապված վախերը, հույսերը. 

Վախեր.

  • Խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի որ ‹‹խաղաղաշինություն›› և ‹‹խաղաղության կառուցում›› բառերը մարդիկ են ստեղծել՝ իրենց սփոփելու համար, քանի որ պատմության մեջ չկա այնպիսի դարաշրջան, որ պատերազմ չլինի: Միշտ էլ պատերազմն ու խաղաղությունը իրար հետ, իրար կողք-կողքի զուգահեռ քայլել են:
  • Խաղաղությունը կախված չէ հասարակ ժողովրդից, այլ՝ կառավարություններից, պետություններից: Հետևաբար, քիչ է հավանական, որ անհատը/անձը կամ մարդկանց որևէ խումբը կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ այս թեմայի վրա:  
  • Եթե խաղաղաշինությունից չխոսվի նաև Ադրբեջանում, և նմանատիպ ծրագրեր այնտեղ չիրականացվեն, ապա խնդրային կլինի մեր՝ խաղաղությունից զրուցելը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:
  • Որքան ներսից շարունակվեն դավաճանությունները, իսկ իշխանությունը՝ խելամիտ չգործի, միշտ պարտություններ կլինեն:
  • Խաղաղությունը կարող են ապահովել գերտերությունները, պետությունները, սակայն նրանք առաջնորդվում են՝ անձնական շահերով:
  • Որքան էլ անձնական մակարդակով խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկենք, գլոբալ առումով բան չենք կարողանա փոխել:
  • Երկրում նպատակները և առաջնահերթությունները սահմանված չեն, հետևաբար ռեսուրսներն էլ ուղղվում են ոչ թե խաղաղության պահպանմանը, այլ՝ ոչ առաջնահերթ նպատակների իրականացմանը:
  • Խաղաղասիրությունը հաճախ դիտվում է որպես թուլության նշան:
  • Ձախողում ենք մեդիա հարթակում, քանի որ օբյեկտիվ տեղեկատվություն, կարծիք չի ներկայացվում հասարակությանը, քանի որ հիմնական նպատակը մեծամասամբ ոչ թե անկողմնակալ տեղեկատվության ներկայացումն է հասարակությանը, այլ՝ իրենց քաղաքական մոտեցումները առաջ տանելը:

Հույսեր.

Լավ կլինի, որ  

  • Յուրաքանչյուրս մեր ոլորտում լավը լինենք: Այդ դեպքում կհաջողենք: Խաղաղությունը սկսվում է մեզնից:
  • Երկիրն առաջնորդեն մարդիկ, ովքեր չեն առաջնորդվի անձնական շահերով:
  • Յուրաքանչյուր անձ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները և գործի դրանց շրջանակում:
  • Խաղաղության հասնելու համար դեռ մանուկ հասակից կրթել երեխաներին:
  • Զարգացնել կրթության ոլորտը:
  •  Շարունակաբար կարևորել ինքնակրթությունը և այդ մասին տեղեկատվության տարածումը: Ստացած գիտելիքները կիրառել ի շահ համայնքի, երկրի:
  • Թեմայի վերաբերյալ լայնածավալ հանդիպումներ, դասընթացներ իրականացնել:
  • Միշտ շարունակել մնալ խաղաղասեր, սակայն երբ հերթը հասնի սահմանների պաշտպանությանը՝ դառնալ խաղաղապաշտպան:
  • Զարգացնել դիվանագիտությունը, ոչ թե՝ խրախուսել ռազմականացումը:
  • Աշխատանքներ տանել՝ հակազդելու խտրականությանը (նացիոնալիզմը, ռասիզմը)
  • Հստակեցնել երկրի նպատակները և առաջնահերթությունները՝ արդյունավետ վերաբաշխելով երկրի ռեսուրսները: 

V. Տվյալների վերլուծություն. (Առցանց հարցման արդյունքները)

Առցանց հարցվողների ժողովրդագրական պատկերն ըստ տարիքի հետևյալն է` 18,2 տոկոս կազմում են 14-17 տարեկանները, 9,1 տոկոս կազմում են 18-24 տարեկանները, իսկ 25-ից բարձրերին բաժին է ընկնում 30,9 տոկոսը: Մարզային ներկայացվածությամբ առաջատար են` Գեղարքունիքի մարզը` 45,5 տոկոս, ապա Երևանը` 25.5 տոկոս: Սեռային բաշխումը հետևյալն է` 78,2 տոկոս` իգական և 21,8 տոկոս` արական:

Առօրեական խաղաղություն

Диаграмма ответов в Формах. Вопрос: 1․ Ինչպե՞ս եք Ձեզ ամենից հաճախ զգում (ընտրեք ամենից դիպուկ պատասխանը). Количество ответов: 55 ответов.

Հարցվողների հիմնական մասը խաղաղ է զգում, երբ ժամանակ է անցկացնում ընկերների կամ ընտանիքի անդամների հետ, նրանց հետ խոսում, կիսվում է, մյուս մասը՝ որևէ գործողություն ձեռնարկելիս: Հավասարապես հնչել են աղոթել, ֆիզիկական վարժություն անել տարբերակները: Միայնակ ժամանակ անցկացնելը, մենակ մնալը նույնպես մասնակիցներն առանձնացնում են որպես խաղաղ դառնալու եղանակ: Մեդիտացիան նույնպես առանձնացվել է որպես տարբերակ: 

Որոշ մասնակիցներ նշել են խաղաղաշինական կազմակերպության անդամակցելու իրենց փորձառության մասին: Հարցվողներն ավելի շատ նշել են մտքերի ու զգացմունքների փոխանակման մասին իրական կյանքում, քան օնլայն տիրույթում: Լարվածությունը կամ բացասական էներգիան դուրս հանելու նպատակով պարելը, զբոսնելը, մարզվելը և զենքից օգտվելը նշվել են մեկական անգամ: Диаграмма ответов в Формах. Вопрос: 2․ Ի՞նչն է Ձեզ ավելի խաղաղ դարձնում (կարող եք ընտրել այնքան տարբերակ, որքան ուզում եք). Количество ответов: 55 ответов.

Անդրադառնալով խաղաղության հետ ասոցացվող երևույթներին՝ ըստ նվազման հերթականության՝ ամենաշատը հնչել են հետևյալ տարբերակները. 

  • ազատություն,
  • բռնության բացակայություն, 
  • արդարադատություն, 
  • ապահով լինել (արդարադատությունը և ապահով լինելն առանձնացվել է հավասարապես),
  • բնության մեջ լինել,
  •  անհանգստության բացակայություն
  • սիրելիների հետ լինել: 

Այնուհետև՝ հավասարապես նշվել են ապահով տուն ունենալ և հավասարություն տարբերակները, որից հետո՝ ուրիշներին օգնելու հնարավորություն, ինձ նման մարդկանց հետ լինել պատասխանները: Հաջորդիվ, հավասարապես՝ լավ առողջություն և զայրույթի բացակայություն տարբերակները: 

Диаграмма ответов в Формах. Вопрос: 3․ Ի՞նչ որակներ եք ասոցացնում խաղաղության հետ (կարող եք ընտրել այնքան տարբերակ, որքան ուզում եք). Количество ответов: 55 ответов.
Диаграмма ответов в Формах. Вопрос: 4․ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր վստահությունը այն մասին, որ կարող եք նպաստել խաղաղությանը. Количество ответов: 55 ответов.

Երիտասարդական ակտիվիզմ

Բավարար վստահության պարագայում  հարցվողների մեծ մասը կհամագործակցի և կմիանա տեղական կամ միջազգային նախագծերի, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, ինչպես նաև կդառնա քաղհասարակության ակտիվ անդամ, որը պայքարում է խաղաղության հաստատման համար: Հարցվողներից շատերը նաև նոր շփումներ կհաստատեն այլ երկրների ներկայացուցիչների հետ՝ նոր ընկերներ ձեռքբերելով, ինչպես նաև կնվիրաբերեն կամ կգնեն ապրանքներ, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրում խաղաղաշինական գործընթացներին:  

Հարցվողների մի մասն իր պատրաստակամությունն է հայտնում կիսվելու խաղաղաշինական մոդելներով և հաջողություններով, նաև զարգացնելու ավելի խաղաղ հաղորդակցման և խնդրիրների խաղաղ հաղթահարման վերաբերյալ կարողությունները: 

Диаграмма ответов в Формах. Вопрос: 5․ Այս հնարավորություններից որո՞նք կկիրառեիք, եթե հավատայիք, որ դրանք կնպաստեին խաղաղությանը. Количество ответов: 55 ответов.

Խաղաղության տեսլականը

Հարցվող անձանց մի մասը խաղաղությունը բնութագրում է` որպես առանց պատերազմի միջավայր, երբ մարդիկ առանց վախերի, կարողանում են զբաղվել իրենց սիրելի աշխատանքով, բացի առաջնային կարիքները հոգալուց՝ ժամանակ են ունենում մտածելու այլ արժեքների մասին:

Խաղաղությունը երկրում հանգիստ, ապահով միջավայրն է, որտեղ մարդիկ ապրում են ‹‹ապահովված կյանքով››, կարողանում են զբաղվել իրենց սիրած աշխատանքով:

Հարցվող անձանցից երկուսը կարևորում են տարածաշրջանային խաղաղության, աշխարհում խաղաղության հաստատումը՝ խաղաղությունը համարելով ‹‹համամարդկային գիտակցում և ձգտում››:

Հարցվող անձանց մյուս մասը՝ խաղաղությունը բնութագրում է որպես հոգու անդորր և հանգստություն, որը սթրեսից, լարվածությունից, ավելորդ մտածմունքներից և անհանգստություններից զերծ հոգեվիճակն է: Այս դեպքում, մարդը ձգտում է ներդաշնակության: Ներքին խաղաղությունն առաջանում է այն ժամանակ, երբ մարդն ունի վստահություն, որ ապահով և խաղաղ է այն ամենն, ինչ սիրում է (հայրենիքը, ընտանիքը, ընկերները, հարազատները): Մարդիկ կարող են հասնել ‹‹հոգեկան խաղաղության››, երբ գիտեն, թե ինչ են ուզում կյանքում:

Հարցվող անձանցից մեկը կիրառում է ‹‹առօրեական խաղաղություն›› հասկացությունը՝ որպես իրավիճակ, երբ մարդիկ ունեն հաճելի զբաղվածություն, առողջ և ապահով, ներդշանակ, լիցքաթափված, ոչ բռնի և ոչ խտրական անդամներով հասարակություն:

Երեք հարցվողներ խաղաղությունը բնութագրում են հավասարության առկայությամբ և ատելության բացակայությամբ, երբ մարդիկ չեն ատում իրար՝ անկախ ազգությունից, բնակության վայրից, կրոնական հավատալիքներից, բնակության վայրից, ինչպես նաև ընդունում են մարդկանց ազատությունը՝ որպես բարձրագույն արժեք:

Մեկ այլ հարցվող նշում է. ‹‹խաղաղությունը երջանկության, միասնականության, համերաշխության, սիրո, հանդուրժողականության ամբողջությունն է››:

Հարցվողներից երկուսը խաղաղությունը նույնացնում են ազատության հետ: Նրանցից մեկը, զարգացնելով իր միտքը, նշում է. ‹‹խաղաղությունը երեխաների աչքերում պարզության, անվախության ու հանգստության առկայությունն է, ծնողների` երջանկությունն ու երիտասարդների ազատությունը››:

Հարցվողներից երկուսը խաղաղությունը բնութագրում են բնության միջոցով. ‹‹Խաղաղությանս պատկերը նման է անբիծ բնության։ Այն հանգիստ է, գեղեցիկ և ամենակարևորը անկեղծ։ Այդ բնությունը պահպանելու համար (խաղաղության հասնելու համար) պարզապես պետք է ունենալ գիտակից, հասուն հասարակություն››, ‹‹Խաղաղությունը սպիտակ է ու ամպերի պես գեղեցիկ››:

Հարցվողներից միայն մեկ անձ է նշում, որ անհնար է հասնել խաղաղության, քանի որ ‹‹մարդու բնությունը երբեք թույլ չի տա ապրել խաղաղ աշխարհում…››: Չնայած այս մոտեցմանը, նա հավելում է ‹‹…բայց որոշակի առումով բռնությունը քչացնելուն կնպաստի կրթությունը››:

Ինչպե՞ս հասնել խաղաղության.

Հարցվողներից շատերը խաղաղության հասնելու հիմնաքարն են համարում կրթությունը, երբ մի կողմից երկրում բարեփոխումներ են տեղի ունենում կրթական համակարգում՝ խթանելով ակադեմիական իրական ազատության, գիտելիքահեն քաղաքականությունների մշակմանը  և ներդրմանը, մյուս կողմից՝ երկրում կան կրթված, զարգացած, միմյանց հետ իրենց փորձառությամբ կիսվող, մեդիագրագետ քաղաքացիներ և մասնագետներ: Արդյունքում՝ երկրում քաղաքացիները կիրթ են և իրավագիտակից, իսկ երկիրը՝ ապահով և օրենքներով առաջնորդվող: Այս առումով, կարևորում են նաև խաղաղաշինության վերաբերյալ բնակչության իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացումը, խաղաղաշինական գործընթացների ծավալումը:

Խաղաղության հաստատման համար հարցվող անձանցից շատերն առաջարկում են փոփոխություններ իրականացնել հասարակական ընկալումների մակարդակում՝ ձևավորելով համընդհանուր գիտակցում, որ բռնությունն այլևս տարբերակ չէ: Փոխարենը հարկ է խոսել, քննարկել, բանակցել՝ լուծումներ գտնելու համար: Այս նպատակին հասնելու համար մարդիկ պետք է վստահեն միմյանց, ազատ և առանց վախերի շփվեն, համատեղ գործողություններ ձեռնարկեն:

Չնայած հարցվողներից մեկը նշում է, որ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում խաղաղության հասնելու համար մարդիկ՝ ‹‹հասարակ մահկանացուները››, ոչինչ չեն կարող անել, հարցվողներից շատերի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ կարող է խաղաղության հասնելուն միտված քայլեր ձեռնարկել: Հարցվողներից շատերն այդ ուղին տեսնում են մի կողմից՝ հասարակական ընկալումներում, մյուս կողմից՝ դիվանագիտական հարաբերություններում փոփոխություններ իրականացնելու միջոցով: Վերջինս ենթադրում է միջազգային և ներազգային համագործակցության և կայուն կապերի հաստատում, միջազգային բանակցությունների, արտաքին ճկուն քաղաքականության զարգացում: Այստեղ առանցքային է խաղաղության հասնելու կամքը (մասնակիցներից մեկը նշում է համաշխարհային կամքի կարևորության մասին): Հարցվողներից միայն մեկն է այդ ներդրումը կապում ռազմատնտեսական ոլորտի զարգացման հետ:

Շատերն են կարծում, որ խաղաղաշինությունը երկար և բարդ գործընթաց է, որին հասնելու համար ժամանակ է պետք, ջանքեր, նպատակ: Հարցվողներից երեքը հիմնական ուղին տեսնում են աղոթելու, ապաշխարելու և հայացքը դեպի հավատն ուղղելու մեջ:

Հարցվողների մեծ մասը խաղաղության հասնելու համար կարևորում է միասնականությունը, համախմբվածությունը, թեմայի վերաբերյալ իրենց կարծիքն ու տեսակետը հայտնելը՝ ‹‹խոսել ավելի բարձր››, ‹‹լսելի դառնալ››: Միասնականությանը տարբեր մեկնաբանումներ են տրվում՝ ‹‹միասնականություն. առանց դավաճանությունների պայքար››, ‹‹միասնականություն. ավելի լավին հասնելու համընդհանուր ձգտում››:

Հարկ է նշել, որ հարցվողներից մեկի կարծիքով խաղաղության կարելի է հասնել ընտրություններին մասնակցությամբ, մեկ այլ հարցվողի կարծիքով՝ իշխանության բացակայությամբ:

Այն, թե ինչ քայլեր կարելի է իրականացնել, կարելի է ներկայացնել հետևյալ ուղղություններով. 

  • ներքին խաղաղություն
  • խաղաղություն երկրում:

Ներքին խաղաղության հասնելու համար, հարցվող անձանց մի մասն առաջարկում է անել այն ամենն, ինչից անձը ներքին խաղաղության զգացում է ունենում, սահմանել կյանքի նպատակները: Այս առումով, մասնակիցներից մեկը կարևորում է մտերիմների սերն ու ներկայությունը, գիտելիքը և տեղեկատվությունը, հավատքը, եկամտի հարաբերականորեն հաստատուն աղբյուրի առկայությունը: Առաջարկվում է ձգտել բարեկեցության, կարիքների բավարարման, որի շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել արտաքին աշխարհի (դրսի) ագրեսիան: Այսպիսով, մասնակիցները կարևորում են ներքին խաղաղության հասնելու նպատակով անձի կողմից կատարվող գործողությունները:

Քանի որ լարված, անարդար ու բռնի պայմաններում անձը հանգիստ չի կարող լինել, հարցվող անձանց մյուս մասն առաջարկում է ներքին խաղաղության հասնելու համար խաղաղ և դրական միջավայր, ապահով տարածքներ ստեղծել և զարգացնել (օրինակ փոխօգնության խմբեր):

Երկրում խաղաղություն հաստատելու համար հարցվող անձանց մեծ մասը կարևորում է ‹‹գիտակից և սրտացավ կառավարության››, ‹‹խաղաղասեր, բանիմաց պետական ապարատի››, ‹‹ճկուն, ոլորտի գիտակ և խաղաղության ուղով երկիրն առաջ տանող բանախոսների, բանակցողների›› առկայությունը: Հարցվողներից երկուսն այս ամենը չեն պատկերացնում առանց մարտունակ բանակի, երկրի ռազմատնտեսական զարգացման, հզոր պետության: Հարցվողներից մեկը նշում է զինված ազգ (ազգ-բանակ) ունենալու մասին, որով ‹‹երկիրը կդառնա ամրոց››:

Հարցվողներից երեքի կարծիքով՝ խաղաղության հնարավոր է հասնել ‹‹ուժի››, ‹‹ուժերի մոբիլիզացիայի›› միջոցով: Հարցվողներից մեկը նշում է՝ ‹‹միջնորդություն իրականացնող 3-րդ կողմից հրաժարվելու››, մեկ այլ հարցվող՝ ‹‹հայրենակիցների հոգեկան խաղաղության ապահովմամբ՝ հայրենիքի խաղաղության հասնելու›› կարևորության մասին:

Հարկ է նշել, որ խաղաղության տեսլականի և դրան հասնելուն միտված քայլերի վերաբերյալ հարցին 3 հարցվողներից մեկը պատասխանել է, որ չի կարող ասել, մյուսը՝ չունի տեսլական, երրորդ հարցվողն ընդհանրապես չի պատասխանել հարցին: 

VI. Տվյալների վերլուծություն. (Մեդիա լանդշաֆտային վերլուծության արդյունքները)

Հետազոտության այս գործիքը հնարավորություն է տալիս, օգտագործելով թվային գործիքներ, ուսումասիրել որևէ թեմայի վերաբերյալ առկա մեծ տվյալների և վիճակագրության վրա հիմնված (big data) թրենդերը և դինամիկան։ Մեր հետազոտության առանցքը խաղաղության վերաբերյալ պատմույթի և խոսույթի վերհանումն է, որը արտահայտվում է հասարակական կարծիքի միջոցով։ Հասարակական կարծիքը ձևավորվում է լայն տարածված ինֆորմացիայից, այսինքն կարծիքներից, եզրահանգումներից, համոզմունքներից, դատողություններից, գաղափարախոսություններից, ինչպես նաև ասեկոսեներից, լուրերից, սխալմունքներից։

Հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեծ դեր են խաղում զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ), մասնավորապես, հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր հրատարակությունները (մամուլ)։ Հասարակական կարծիքի վրա ազդում են մարդկանց կարծիքները, որոնք հասարակության կողմից ճանաչված են որպես իրազեկ և հեղինակավոր, մարդկանց սեփական փորձը։ Պետության կողմից հասարակական կարծիքի վրա ազդեցության գործիքներ են հանդիսանում պրոպագանդան և գրաքննությունը։

Թվային աշխարհը և Հայաստանը․ համառոտ ակնարկ

Ըստ վիճակագրության՝ աշխարհում 12,5 տրիլիոն ժամ անցկացվում է առցանց։ Թվային և առցանց աշխարհը ավելի լավ հասկանալու համար ստորև ներկայացնենք վիճակագրական տվյալներ։ 

  • Աշխարհի բնակչությունը 2022 թվականի նոյեմբերին կազմում է 8 միլիարդ մարդ՝ տարեկան 1 տոկոս աճի տեմպերով։ Աշխարհի բնակչության կեսից ավելին (57 տոկոս) այժմ ապրում է քաղաքային բնակավայրերում:
  • Աշխարհի բնակչության ավելի քան երկու երրորդը (67,1 տոկոս) այժմ օգտագործում է բջջային հեռախոս։ Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 1,8 տոկոսով, մեկ տարվա ընթացքում ավելացել է 95 միլիոն նոր բջջային օգտատեր: 
  • Աշխարհում ինտերնետ օգտագործողները 2022 թվականի սկզբին հասել են 4,95 միլիարդի կամ ընդհանուր բնակչության 62,5 տոկոսը: Տվյալները ցույց են տալիս, որ ինտերնետի օգտատերերն աճել են 192 միլիոնով (+4 տոկոս) անցած տարվա ընթացքում, սակայն COVID-19-ի պատճառով հետազոտությունների և հաշվետվությունների շարունակական սահմանափակումները նշանակում են, որ աճի իրական միտումները կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քան ցույց են տալիս այս թվերը:
  • 2022 թվականի հունվարին աշխարհում կա 4,62 միլիարդ սոցիալական մեդիայի օգտատեր: Այս ցուցանիշը հավասար է աշխարհի ընդհանուր բնակչության 58,4 տոկոսին, թեև հարկ է նշել, որ սոցիալական մեդիայի «օգտատերերը» կարող են չլինել եզակի անհատներ (այսինքն, մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի հաշիվ)։ Սոցցանցերի օգտատերերը վերջին 12 ամիսների ընթացքում աճել են ավելի քան 10 տոկոսով, ընդ որում՝ 2021 թվականին սոցիալական մեդիայի օվկիանոսում նավարկել սկսել են 424 միլիոն նոր օգտատերեր:

Այս թվերը արժեքավոր ենթատեքստ են ապահովում թվային քաղաքականության համար, բայց որպեսզի հասկանանք, թե մարդիկ իրականում ինչ են անում առցանց, անհրաժեշտ է ավելի խորը ընկղմվել թվերի մեջ:

Հայաստանի ընդհանուր բնակչությունը 2022 թվականի հունվարին կազմել է 2,97 միլիոն։ Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունն աճել է 4368-ով (+0,1 տոկոս) 2021-2022 թվականներին։ Հայաստանի բնակչության 53 տոկոսը իգական սեռի է, իսկ 47 տոկոսը՝ տղամարդիկ (հասանելի են միայն արական և իգական սեռերի տվյալները)։ 2022 թվականի սկզբին Հայաստանի բնակչության 63,6 տոկոսն ապրում էր քաղաքային կենտրոններում, իսկ 36,4 տոկոսը՝ գյուղական բնակավայրերում։ Հայաստանում բնակչության միջին տարիքը 36.2 է։ Հայաստանում բնակչության տարիքային բաժանումը հետևյալն է (թվերը կլորացվել են, ուստի տոկոսների գումարը կարող է չկազմել 100 տոկոս)՝

  • 6,6 տոկոսը 0-ից 4 տարեկան է։
  • 11,4 տոկոսը 5-ից 12 տարեկան է։
  • 6,4 տոկոսը 13-ից 17 տարեկան է։
  • 7,8 տոկոսը 18-ից 24 տարեկան է։
  • 15,7 տոկոսը 25-ից 34 տարեկան է։
  • 15,5 տոկոսը 35-ից 44 տարեկան է։
  • 10,9 տոկոսը 45-ից 54 տարեկան է։
  • 12,9 տոկոսը 55-ից 64 տարեկան է։
  • 12,8 տոկոսը 65 և բարձր տարիքի է։

2022 թվականի հունվարին Հայաստանում եղել է 1,98 միլիոն ինտերնետ օգտատեր։ Հայաստանում ինտերնետի հասանելիության մակարդակը 2022 թվականի սկզբին կազմել է ընդհանուր բնակչության 66,5 տոկոսը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ինտերնետի օգտատերերն ավելացել են 2907-ով (+0,1 տոկոս) 2021-2022 թվականներին։

Օգտատերերի այս թվերը ցույց են տալիս, որ 2022 թվականի սկզբին Հայաստանում ինտերնետից չի օգտվել 993,7 հազար մարդ, ինչը նշանակում է, որ բնակչության 33,5 տոկոսը տարեսկզբին եղել է անցանց (offline)։

2022 թվականի հունվարին Հայաստանում կար սոցցանցերի 2,05 միլիոն օգտատեր։

Հայաստանում սոցիալական մեդիայի օգտատերերի թիվը 2022 թվականի սկզբին համարժեք էր ընդհանուր բնակչության 69 տոկոսին։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2021-2022 թվականներին Հայաստանում սոցիալական ցանցերի օգտատերերն ավելացել են 250 հազարով (+13,9 տոկոսով):

Խաղաղության և պատերազմի վերաբերյալ քննարկումների դինամիկան

Google որոնողական համակարգի թրենդերի վերլուծությունը հնարավորություն է տալիս գտնել և հասկանալ, թե որևէ երևույթ կամ հասկացություն՝ ինչ հաճախականությամբ է հայտնվել համակարգում՝ օգտվելով բանալի բառերից։

Այսպես, Հայաստան բառի հանդիպման (անգլերեն որոնում)  2020-ից 2022 թվականների ընթացքում դիագրամը պատկերված է ստորև։ 

Ակնհայտ է, որ որոնումների հաճախականությունը անհամեմատ աճել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ճամանակահատվածում, ապա աստիճանաբար նվազել։

Հետազոտության շրջանակներում մեզ հետաքրքրում է հասկանալ պատերազմի և խաղաղության խոսույթի դինամիկան, ուստի նույն սկզբունքով համեմատել ենք այս երկու բառերը անգլերեն, ապա հայերեն։ Արդյունքը ներկայացնող դիագրամները ներկայացված են ստրոև՝

Ակնհայտ է, որ անգլալեզու վիճակագրությունն ավելի հաստատուն է, որտեղ պատերազմ եզրը ի համեմատություն խաղաղություն եզրին անհամեմատելիորեն ավելի բարձր է։ Մինչդեռ հայալեզու վիճակագրությունում դինամիկան ավելի անհաստատ է, ու թեպետ թրենդը կրկին հօգուտ պարերազմ եզրի ավելի բարձր է, ակնհայտ է, որ թրենդի տևողությունը ցածր է։ Կարելի է եզրակացնել, որ այս համատեքստում Հայաստանում մեկ թրենդի կյանքի տևողությունը համեմատած գլոբալ մակարդակում թրենդի կյանքի տևողության հետ ավելի կարճ է։ 

Կարևոր է ընդգծել նաև, որ անգլալեզու վիճակագրությունը ցույց է տալիս պատերազմի և խաղաղության խոսույթի աճ 2020 թվականի տարեվերջին և 2022 թվականի տարեսկզբին, որը համապատասխանում է ԼՂՀ պատերազմի և Ուկրաինայի պատերազմի ժամանակահատվածին՝ անհամեմատ ավելի բարձր դինամիկայով դեպի վերջինս, մինչդեռ Հայաստանում 2022 թվականի փետրվարը չի արձանագրել կտրուկ աճ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հայալեզու թվային տիրույթում գլոբալ մակարդակում տեղի ունեցող հակամարտությունները համարժեք արձագանք չեն ստանում։

Հետազոտության սահմանափակումները

Մեդիա դաշտը ուսումնասիրելն իրավամբ արդյունավետ գործիք է, ինչը ցավոք իր ողջ ներուժով հնարավոր չէ կիրառել հայերեն որոնողական համակարգերի և առհասարակ խաղաղության վերաբերյալ հայալեզու գրավոր տեքստի սակավությամբ պայմանավորված: 

Մյուս կոմից այս հետազոտության արդունքում վերհանված ինֆորմացիան բավարար  չէ թեման ամբողջությամբ վերլուծելու համար, քանզի չունենք թեմայի վերաբերյալ սկզբնական տեղեկություն (benchmark data): Միևնույն ժամանակ մեդիա դաշտում երևույթների կյանքի տևողությունն անհամեմատ ավելի կարճ է, ինչը նշանակում է, որ տվյալները պիտի հաճախակի թարմացվեն: Այս սահմանափակումը հուշում է մեզ նմանօրինակ հետազոտությունների, ներառյալ` գնահատում և մշտադիտարկում, պարբերաբար և շարունակաբար կատարելու կարևորության մասին:

Մարտահրավերային է խաղաղության ուսումնասիրություների թեման, քանզի այն հետազոտողների, քաղհասարակության կամ առհասարակ լայն հասարակության հետաքրքրության շրջանակում չէ: Այս պատճառով առցանց հարցումը դարձել է որակական գնահատման գործիք, իսկ ֆոկուս խմբերին մասնակցելու համար օգտագործվել են խրախուսական մեթոդներ:

Հասանելի երկրորդային աղբյուրները սահմանափակ են, իսկ որոշ դեպքերում՝ փակ: Մյուս կողմից՝ մեդիադաշտում ընդհանուր պատկերը հաստատել է, որ այս թեման, որ Հայաստանում կապվում է միայն Արցախյան հակամարտության և Ադրբեջանի ու մասնավոր դեպքերում Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, քննարկվել է հատվածական, մակերեսային և ոչ հետևողական: Մամուլում և տարբեր փորձագիտական քննարկումներում արծարծված թեմաները հաճախ բավարար հանրային քննարկման չեն դրվել: Միևնույն ժամանակ վերլուծությունները, քննարկումներն ու ակնկարկները հասանելի ու հետաքրքիր են եղել հանրության սահմանափակ շերտերին: Կարևոր է ընդգծել մեդիա դաշտի քաղաքական կամ այլ ֆինանսական կախյալ դրությունը, և  պատերազմի ժամանակ պետական քարոզչությունը բոլոր կողմերից, ինչը անկախ և օբյեկտիվ տեղեկատվությունը հարցականի տակ է դնում:

VII. Եզրակացություն

Սույն հետազոտության նպատակն էր վերհանել երիտասարդների շրջանում խաղաղության վերաբերյալ պատմույթը, ներառյալ՝ ընդհանուր տեղեկացվածություն, վերաբերմունք, վարքագիծ։ 

Հետազոտական հարցերը միտված էին բացահայտելու երիտասարդների ընկալումները խաղաղաշինության վերաբերյալ (բանալի բառեր՝ խաղաղություն, անվտանգություն) և ուսումնասիրելու նշված պատկերացումների վրա ազդող գործոնները (մասնավորապես՝ մեդիա տիրույթ)։ Հիպոթեզը, որով առաջնորդվում էինք այն էր, որ երիտասարդների ընկալումները խաղաղության մասին աղճատված են և պայմանավորված մի կողմից անտարբերությամբ, մյուս կողմից՝ մեդիա քարոզչությամբ։

Թեման ուսումնասիրելու համար կատարված ֆոկուս խմբային քննարկման, հարցման և թվային մեդիա տիրույթի ռիելեֆային ուսումնասիրությունը հնարավորություն տվեց պատկերացում կազմել երիտասարդների շրջանում խաղաղության պատմույթի վերաբերյալ, սակայն ազդեցության գործոնները բացահայտվեցին մասնակի։

Այսպիսով, ըստ երիտասարդների՝ կարելի է առանձնացնել խաղաղության մասին հետևյալ հիմնական մոտեցումները. 

  • խաղաղությունը հոգու և մտքի ներդաշնակությունն է 
  • խաղաղությունը երկրում անվտանգությունն  է 
  • խաղաղությունը և́ հոգեկան, և́ ֆիզիկական անվտանգության ամբողջությունն է, որոնք սերտորեն փոխկապված են։

Այս ընկալումները պայմանավորված են՝

  • առօրյա կյանքի տարբեր իրավիճակներով, ինչպես օրինակ՝ ընտանիք և/կամ ընկերներ, դպրոց, շրջապատ և այն,
  • զանգվածային լրատվամիջոցներից ստացած տեղեկություններով՝ հիմնականում երիտասարդական-ժամանցային սոցիալական մեդիա, և միայն պատերազմի ժամանակ՝ հեռուստացույց։

Թե ինչը կարող է ազդել ընկալումների փոփոխության վրա, հարցի պատասխանը չենք ստացել հետազոտության ընթացքում, բայց պատրաստվում ենք փորձարկել տարբեր ձևաչափերով նոր ուղերձներ, և չափել արդյունքը։