Follow us on >
Follow us on >

«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» թեմայով վերապատրաստումներ

«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» թեմայով վերապատրաստումներ

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ը Նույեմբերի 18-ից դեկտեմբերի 10-ը «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» թեմայով իրականացնում էր հասարակագիտություն առարկայի ուսուցիչների վերապատրաստումների հերթական շրջանը, որի ընթացքում շուրջ 100 ուսուցիչներ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեցին երկօրյա վերապատրաստմանը։

Այստեղ մասնակիցները ձեռք բերեցին ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ հնարավորություն դրանք տեղում կիրառելու և փորձարկելու։

Վերապատրաստման շրջանակներում մեր մասնագետները անդրադարձ կատարեցին կոնֆլիկտին և կոնֆլիկտի հաղթահարմանը, 21-րդ դարի կրթության նպատակներին, միջազգային մարդասիրական իրավունքին, խաղաղության վերաբերյալ տարբեր տեսություններին և դրանց կիրառելիությունը։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց նաև տեղում խաղարկելու և կիրառելու կոնֆլիկտի լուծման տարբեր ուղիներ։

Ինչպես բոլոր, այնպես էլ այս՝ ընթացիկ վերապատրաստումների շրջանակներում  իրականացվում է գնահատում, ինչը փաստում է այն, որ անցկացվող վերապատրաստումները ինքնանպատակ չեն, և մեզ համար կարևոր են ինչպես մասնակիցների ակնկալիքները, այնպես էլ վերապատրաստումների արդյունավետությունը, օգտակարությունը, մնայուն գիտելիքների և փորձի ձեռքբերումը։ Գնահատումը գործիք է վերանայելու և բարելավելու մեր հետագա նախաձեռնությունները։

Վերապատրաստումներից հետո թիմը այժմ արդյունքների վերլուծության փուլում է: Ամփոփոելով վերապատրաստումների այս փուլը հետ հայացք գցենք և բացի իրականացվող գնահատումից, փորձենք հասկանալ, թե ինչպես են անցել վերապատրաստումները մեր դեսպանների աչքերով։

Մեզ հետ իրենց տպավորություններով կիսվել են Մարիամը, Կարենը և Նանեն։

Մարիամ

Դեկտեմբերի 3-ին և 9-ին մասնակցել եմ հասարակագիտություն առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը։ Թեման խաղաղաշինությունն էր և ամբողջ երկու օրերը նվիրված էին ուսուցիչներին համապատասխան ինֆորմացիայով և կրթական գործիքակազմով ապահովմելուն։ Ինձ համար հետաքրքիր էր պրոցեսը և, անկեղծ ասած, մի քիչ անսովոր։ Անսովոր էր այն տեսանկյունից, որ ուսուցիչները անցնում էին այն նույն առաջադրանքների միջով, որոնցով ես և հասակակիցներս էինք անցել, սակայն հետաքրքիր զուգատիպությամբ նկատեցի, որ մենք՝ երիտասարդներս որոշ դեպքերում այլ կերպ ենք կողմնորոշվել, իսկ առաջադրված խնդիրներին այլ լուծումներ ենք տվել։ Դա ինձ ոգեշնչեց, սակայն անպայման կցանկանամ նշել նաև ուսուցիչների պատրաստակամությունը և նոր տեղեկատվության համար բաց լինելու հանգամանքը։ Դա, անկասկած, գովելի և շատ խրախուսելի է, քանի որ որպես աշակերտ ես ուզում եմ կրթվել այն մարդու կողմից, ով նույնպես շարունակաբար կրթվում և զարգանում է։

Կարեն

Դեկտեմբերի 10-ին մասնակցել եմ հասարակագիտության առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը, որն իմ կարծիքով շատ հետաքրքիր ու բովանդակալից էր։ Ուսուցիչները հետաքրքրված էին դասընթացով և ցուցաբերում էին ակտիվ մասնակցություն ողջ ընթացքում։ Վերապատրաստումների ընթացքում ինձ դուր եկան ուսուցիչների հայացքները դասընթացի թեմաների վերաբերյալ և այն, որ վերջիններս շահագռգռված էին դասընթացով ու կցանկանային նորից մասնակցել նույնատիպ դասընթացների։ Գովելի էր նաև այն փաստը, որ ուսուցիչները մատուցված տեղեկությունը ուզում էին ստանալ ոչ միայն անձնական աճի նպատակով, այլ իրենց աշակերտներին առավել որակյալ կրթություն և նյութեր տրամադրելու նպատակով։ Նրանք փորձում էին տեղում նոր մեթոդներ կիրառել իրենց հետագա դասերը ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար։

Նանե

Ողջու՜յն, ես Նանեն եմ։ Վերջերս մասնակցում էի ՍԵՀԲ-ի՝ խաղաղաշինությանն ուղղված վերապատրաստումներին, որի թիրախում Երևանի, ինչպես նաև տարբեր մարզերի հասարակագիտություն առարկայի ուսուցիչներին վերապատրաստելն էր։ Հետաքրքիր էր ուսուցիչներին տեսնելը լսողի կարգավիճակում և հետևելը, թե որքանով են պատրաստ ընդունել երիտասարդ սերնդի մոտեցումները: Վերապատրաստումներն անասելի հետաքրքիր էին անցնում, հատկապես ոգևորող էր ուսուցիչների ակտիվությունն ու թեմաների շուրջ հետաքրքրությունը: Նշանակալից էր այն, որ ուսուցիչները այլ հայացքներ ունեին, բայց և պատրաստակամ էին իրենց դասապրոցեսի մեջ լավագույն կերպով կիրառել սովորածը: Վերապատրաստման ավարտին բոլորն անխտիր նշում էին, որ ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բեկել, այլև լիցքաթափվել և լիցքավորվել են. անգամ ցանկանում էին ավելի երկար մնալ, ինչը խոսում է դասընթացի հաջողած լինելու մասին: Հիանալի փորձ էր թե՛ նորություն սովորելու, թե՛ հաճելի ժամանակ անցկացնելու և թե՛ ուսուցիչներին հակառակ կողմից բացահայտելու համար: