Մարտի 21-ին մեր կազմակերպած «Վերաիմաստավորելով խաղաղությունն ու կրթությունը՝ ապատեղեկատվությունից արվեստ» հանդիպման ընթացքում երկու նոր ուսումնաօժանդակ նյութերի շնորհանդես եղավ, որոնք ուղղված են կրթության վերաիմաստավորմանը, սոցիալական արդարության խթանմանը և ուսուցման մեջ տրավմազգայուն մոտեցման ներդրմանը։ Այս ձեռնարկները մշակվել են՝ աջակցելու ուսուցիչներին ու դպրոցական համայնքներին ավելի տեղեկացված, ներառական և ուժեղ հասարակություն ձևավորելու գործում։
Գրքերը լույս են տեսել համապատասխանաբար «Արվեստի միջոցով տրավազգայուն կրթության մեթոդների զարգացում» և «Գենդերային և ինքնության հիմքով (թվային) ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում» ծրագրերի շրջանակներում` «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպության կողմից և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ուսումնաօժանդակ նյութերը երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
«Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր»

Առաջին ուղեցույցը ստեղծվել է «Արտեմիս դաշինքի» շրջանակներում՝ որպես գործիք ուսուցիչների համար, որոնք հանրակրթական դպրոցներում դասավանդում են «Հասարակություն. հասարակական գիտություններ» առարկայական ոլորտը։ Այն համատեղում է տեսությունն ու պրակտիկան՝ ներկայացնելով մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կարծրատիպերի վերանայման, հաղորդակցման հմտությունների ձևավորման հստակ մեխանիզմներ։
Ուղեցույցը ներառում է նաև “Peace ON” կրթական հավելվածը, որը տրամադրում է ուսումնաօժանդակ նյութեր և գիտելիքների ստուգման թեստեր՝ օգնելու սովորողներին գործնականում զարգացնել կոնֆլիկտների կարգավորման և հաղորդակցման հմտություններ։
Ապատեղեկատվությունը հաճախ թաքնվում է բառերի հետևում, ձևավորում սխալ ընկալումներ, որոնք կործանում են վստահությունը հասարակության ներսում։ Այս ձեռնարկը ոչ միայն տեղեկացնում է, այլև հիմք է ստեղծում սոցիալական արդարության, փոխըմբռնման ու հավասարության համար։ Ուսուցիչները կգտնեն գործնական խորհուրդներ, պատմություններ, խոսույթներ, որոնք կօգնեն դասարանում ստեղծել քննադատական մտածողություն ունեցող և մեդիագրագետ սերունդ։
Ամբողջական գիրքը տեսնելու համար անցեք հղումով։
«Արվեստ և ապաքինում՝ տրավմազգայուն ուսուցման ճանապարհին»

Մեր մյուս գիրքն աջակցում է ուսուցիչներին՝ ստեղծելու այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ տրավմայի նկատմամբ զգայուն մոտեցումը և արվեստի բուժիչ ուժը միավորված են արդյունավետ ուսուցման հետ։
Արվեստը չի դատում ու չի սահմանափակում։ Այն մարդուն հնարավորություն է տալիս արտահայտվել, վերապրել, բացահայտել ինքն իրեն։ Ուսումնասիրելով տեղական ու միջազգային փորձը՝ այս ձեռնարկը սահմանում է տրավմազգայուն կրթության հիմնական սկզբունքները, ներկայացնում է արվեստի ազդեցությունը ուսուցման արդյունավետության վրա և տալիս ուսուցիչներին գործիքներ, որոնք կօգնեն հաղթահարել բարդ ու զգայուն իրավիճակները դասարանում։
📌 Ինչպե՞ս պատասխանել աշակերտների դժվար հարցերին։
📌 Ինչպե՞ս դուրս գալ անհարմար իրավիճակներից։
📌 Ինչպե՞ս աջակցել աշակերտին, երբ բառերը բավարար չեն։
Այս ձեռնարկը տալիս է լուծման ուղիներ, որոնք կօգնեն ուսուցիչներին ստեղծել ավելի ներառական, անվտանգ և աջակից կրթական միջավայր։
Ամբողջական գիրքը տեսնելու համար անցեք հղումով։
Մեր երկու նոր ուսումնաօժանդակ նյութերն արդեն ձեր ձեռքում են. օգտագործեք, տարածեք և ձևավորեք կրթության նոր մշակույթ։