Follow us on >
Follow us on >

Կրթական նոր ռեսուրսներ

Կրթական նոր ռեսուրսներ

Ապատեղեկատվության դեմ պայքար և տրավմազգայուն ուսուցման գործիքներ

Այժմ, երբ համացանցը դարձել է ամենօրյա կյանքի մաս, նրա ազդեցությունը տարածվում է բոլոր տարիքային խմբերի վրա, հատկապես երեխաների։ Այս համատեքստում հատկապես կարևոր է, որ կրթական հաստատությունները պատրաստ լինեն դիմակայելու նման մարտահրավերներին՝ ընձեռելով ուսուցիչներին և աշակերտներին անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքներ։ 

Ինչպես նշում են մասնագետները. «Ծնողները և ուսուցիչները հաճախ չունեն բավարար տեղեկություն և/կամ հմտություններ՝ երեխաներին ուղորդելու թվային տեղեկատվական դաշտում», ինչը առաջնային խնդիր է կրթական միջվայրում, որի լուծումն էլ հենց փորձել ենք տալ։

Այսպիսով, «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունն այս անգամ ևս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ. իրականացրել ենք ուսուցիչների վերապատրաստումներ, ինչին հետևել են ուսուցիչների կողմից իրականացված համայնքային ծրագրերը։ Թվով 10 ներկայացված համայնքային ծրագրերից ընտրվել և ֆինանսավորվել են լավագույն 6 ծրագրերը։

Նպատակն էր աջակցել ուսուցիչներին՝ որպես համայնքային առաջնորդների, որպեսզի վերջիններս կարողանան ձևավորել այն ապագան, որը ցանկանում են տեսնել։

Վերապատրաստումներն անց են կացվել ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, փորձագիտական թիմի ֆասիլիտացմամբ, ինչը հրաշալի հնարավորություն է ընձեռել փորձի փոխանակման և նոր գաղափարների բարձրաձայնման համար։ 

Վերապատրաստման շրջանակներում իրականացվել է ներքին գնահատում հասկանալու համար, թե արդյունքում որքանո՞վ են բարելավվել մասնակիցների կարողությունները և հմտությունները։

«Կրթության զարգացման և նորարարություններիա ազգային կենտրոն» հիմնադրամը ընդհանուր գնահատում է կատարել վերապատրաստման ընթացքից՝ բովանդակության ու կիրառված մեթոդների վերաբերյալ։

Այս ընթացքում մենք ականատես եղանք ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև գիտակցական փոփոխությունների։ Վերապատրաստված ուսուցիչներն իրենց նախաձեռնություններով համայնքներում արդեն իսկ ներդրել են ձեռք բերած գիտելիքը։

Ամփոփիչ միջոցառումը՝ «Վերաիմաստավորելով խաղաղությունն ու կրթությունը՝ ապատեղեկատվությունից արվեստ» խորագրով, անցկացվեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, Այս համագործակցության տրամաբանական շարունակությունն էր համագործակցության հուշագրի ստորագրումը, որով երկու կառույցները կշարունակեն նպաստել ներառական կրթական միջավայրի ձևավորմանը՝ աջակցելով ուսուցիչներին և կրթական հաստատություններին։

Ուսուցիչների և մասնակիցների կարծիքները վերապատրաստումների և, հատկապես, դպրոցում աշակերտների հետ փորձառության մասին բավական դրական էին։ Օրինակ՝ մի ուսուցիչ նշել է. «Աշակերտների մոտ զարգացավ ապրումակցումը դիմացինի նկատմամբ։ Նրանք սովորեցին՝ ինչպես հոգ տանել իրենցից փոքրերի մասին»։ Սա ցույց է տալիս, որ ուսուցման մեթոդներն ու օժանդակ նյութերը կարևոր դեր են խաղում համերաշխության և ընկալման զարգացման մեջ։

Նկատելի էին նաև որոշակի փոփոխություններ հատկապես համացանցն օգտագործելու հարցում։ Ուսուցիչներն արձանագրել են. «Աշակերտների մոտ կան նկատելի փոփոխություններ։ Հատկապես տեսանելի է համացանցից օգտվելիս աղբյուրները ստուգելու հմտությունը, ինչպես նաև այն, որ դասապրոցեսում կերպարները վերլուծելիս այլևս չեն կենտրոնանում նրանց սեռի վրա։ Երբեմն կին կերպարներին «մեղադրում են», որ նրանք չէին դառնում առաջնորդներ»։ Սա նշանակալի հաղթանակ է՝ հաշվի առնելով այն, որ աշակերտներն արդեն սկսել են ավելի սթափ ու համակողմանի գնահատել իրավիճակները, բացահայտել խնդիրները և լրացուցիչ հարցեր տալ, որոնք ուղղակիորեն վերաբերում են նրանց կյանքին և կրթությանը։

Մեզ համար լավագույն գնահատականն ոչ միայն վերապատրաստման հաջող արդյունքն ու դրական արձագանքն էին, այլև դրա տրամաբանական շարունակությունը, ինչը վկայում էր ծրագրի հաջողության մասին։

Նախագծային աշխատանքների ավարտից հետո ուսուցիչները կիսվեցին իրենց անհատական փորձառություններով.

«Վերջերս աղջիկ աշակերտներից մեկը ասում է՝ «առաջ դուք տղաներին ակնհայտորեն ավելի շատ էիք սիրում, մեզ՝ քիչ. ավելի շատ էիք դիտողություն անում. հիմա հավասար եք սիրում՝ առանց տարբերակման»։ Համ հպարտացա, համ ամաչեցի․  լավ էր, որ դասի ընթացքում 10-րդ դասարանցի աղջիկը համարձակություն ունեցավ բարձրաձայնելու կարծիքը, մյուսները համաձայնեցին, մյուս կողմից մտածեցի՝ «իսկապես նման կողմնակալությու՞ն եմ ունեցել ու չե՞մ զգացել․․․»»։

«Ես հասկացա, որ ահագին բան կա, որ չգիտեմ։ Իմ պատերացրած հավասարությունն էլ ուրիշ դարձավ, այդ թվում սեռի հիմքով, ինձ պետք էր այդ դասընթացն ու ծրագիրը, իմ անձնային որակները լավը դարձնելու համար․․․»։

«Անհրաժեշտ, սպասված ու տեղին․․․Անհրաժեշտ, որովհետև կարողանում ես մի փոքր օղակ միացնել քո փորձառությանը ու այդ օղակները միասին սիրուն գործվածք են դառնում։  Սպասված, որովհետև, ցավոք սրտի, անհրաժեշտ փոփոխությունները ուշ-ուշ ենք գալիս՝ ոչ այնքան շատ, ինչքան կարիքը զգում ենք։ Տեղին էր, որովհետև երբ սովորողն ասում է․ «Գիտե՞ք, այնքա՜ն կուզեի մայրիկս գար, այս ամենը ինքը լսեր»։ Ծնողը հաճախ ջանք չի խնայում երեխայի համար, բայց չգիտի, թե ինչպես օգնի»։ 

Այս ամենից հետո անհերքելի է, որ մեր վերապատրաստումները և ուղեցույց-ձեռնարկները դրական ազդեցություն են ունենում դպրոցի կրթական գործընթացում։ Նրանք ոչ միայն նպաստում են համերաշխության և քննադատական մտածողության զարգացմանը, այլև խթանում են այնպիսի բացասական երևույթների նվազեցումը, ինչպիսիք են գենդերային հիմքով ապատեղեկատվությունն ու կարծրատիպերը։