📣 «ՍերմանելOFF ՓոփոխությON 2025» ամառային դպրոցը բաց է նոր մասնակիցների համար

📣 «ՍերմանելOFF ՓոփոխությON 2025» ամառային դպրոցը բաց է նոր մասնակիցների համար

The current image has no alternative text. The file name is: IMG_6324.jpg

Ամառն այն պահն է, երբ կարելի է կանգ առնել, լիցքաթափվել ու միաժամանակ լիցքավորվել։ Երբ սովորականը մի կողմ ես դնում, բացվում ես նոր հնարավորությունների առաջ ու սկսում ես մտածել՝ իսկ ի՞նչ եմ ուզում փոխել. ինքս իմ մեջ, շրջապատումս, աշխարհում։

Եթե քեզ ավելի շատ պատկերացնում ես սովորողի, նոր հմտություններ ստացողի դերում, և ուզում ես դառնալ քո համայնքում փոփոխություն բերող ակտիվ երիտասարդ, ապա կարող ես դիմել որպես մասնակից: 

«ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցը 5-օրյա ոչ ֆորմալ կրթական ճանապարհորդություն է՝ արվեստի պես ստեղծագործական։ Դպրոցը միավորում է 18-24 տարեկան երիտասարդներին, ովքեր պատրաստ են չլռել, բայց նախևառաջ՝ լսել, ճանաչել ու աճել։

Այս տարի Ամառային դպրոցը տեղի կունենա Վրաստանում։ Նոր վայր, նոր պատմություններ՝ բայց նույն նպատակով. վերաիմաստավորել մասնակցությունն ու ներգրավվածությունը՝ կրթության, համագործակցության և ստեղծագործ փորձառությունների միջոցով։

Ծրագրի 5 օրերի ընթացքում մասնակիցները ներգրավվելու են ինտերակտիվ քննարկումներում, ստեղծագործական վորքշոփերում և թիմային վարժանքներում։ Սեմինարներն ամենևին էլ դասապրոցես չեն հիշեցնելու․ յուրաքանչյուր պահ կառուցված է այնպես, որ թույլ տա մտածել, հարցեր բարձրացնել, գործել։

Մասնակիցների հետ ամբողջ ընթացքում աշխատելու է աջակից թիմը, որի կազմում են երիտասարդ ֆասիլիտատորներ ու ծրագրի շրջանավարտները։ Նրանք ոչ միայն իրականացնելու են  ամառայի դպրոցի համակարգումը և  ապահովելու են բնականոն ընթացքը, այլև կկազմակերպելու են կրթական և փորձառական տարբեր սեմինարներ։

Սա դպրոց է, որտեղ սովորելու մեջ կարևոր դեր ունի նաև ինքդ քեզ ճանաչելու, սխալվելու ու վերաիմաստավորելու հնարավորությունը։ Մասնակիցներից ակնկալվում է ակտիվ ներգրավվածություն, հաղորդկացման լավ հմտությունների դրսևորում, մասնակցություն դպրոցի ողջ ընթացքին, փոխադարձ հարգանքի և համարձակ հարցադրումների մթնոլորտի ձևավորում։ 

Դպրոցի ընթացքում վորքշոփերն ու քննարկումները կկենտրոնանան առաջնորդության, խաղաղության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, համայնքային ներգրավվածության և երիտասարդական ակտիվիզմի շուրջ։ Բայց թեմաները միայն նախաբանն են այն ամենի, ինչն իրականում տեղի է ունենում. դու ձեռք ես բերում համայնք,  նոր կապեր ու հնարավորություններ։

📍 Ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 3-ը՝ հնարավոր որոշակի  փոփոխությամբ։

📅 Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 10, 23:59։

Մանրամասները և գրանցման հղումը կգտնես այստեղ։

Եթե պատրաստ ես հարցեր տալ, սովորել, կիսվել ու լսել, դուրս գալ առօրյայից ու մուտք գործել մի վայր, որտեղ ամեն ինչ սկսվում է «իսկ եթե…» հարցից՝ ուրեմն արդեն ժամանակն է դիմել։

Կազմակերպությունը հոգում է յուրաքանչյուր մասնակցի ամառային դպրոցի մացնակցության  ծախսերը, որը ներառում է կացությունը, ճանապարհածախսը, սնունդը և այլ օժանդակ նյութեր։ 

Միացի՛ր մեզ այս ամառ։ Սերմանենք նոր փոփոխություններ։

Ամառային դպրոցի ծրագիրը միաժամանակ հնարավորություն է նորովի շրջանառելու և կյանքի կոչելու «ՍերմանելOFF ՓոփոխությON» ձեռնարկը։ Դպրոցի բովանդակությունն ու մոտեցումները մշակված են հենց այդ ձեռնարկի գաղափարների հիման վրա՝ խթանելով մասնակցային կրթություն, համայնքային ներգրավվածություն և ստեղծագործ ուսուցում։