Դեսպանության ծրագիրն ուղղված է երիտասարդների՝ որպես համայնքներում դրական փոփոխություններ նախաձեռնողներ և առաջնորդներ ձևավորելուն։ Դեսպանները այն երիտասարդներն են, ովքեր տարիներ շարունակ ներգրավված են եղել կազմակերպության ծրագրերում և հետագա փուլերում շարունակել են կապը FYN-ի հետ՝ համայնքային մակարդակում դառնալով շարժիչ ուժ։
Հուլիսի 13-ին կայացավ Դեսպանների նախաձեռնած և իրենց կողմից կազմակերպված եզրափակիչ միջոցառումը՝ «Արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ» խորագրով։
Միջոցառումն անցկացվեց Երևանում և մեկ հարթակում համախմբեց ավելի քան 34 մասնակիցների Հայաստանի տարբեր համայնքներից՝ Երևան, Աբովյան, Էջմիածին, Գյումրի, Սպիտակ, Գորիս, Կապան, Գավառ, Մարտունի, Եղեգնաձոր, Իջևան։ Այս երիտասարդները միավորվել էին մեկ գաղափարի շուրջ՝ երիտասարդական ձայնի և ստեղծարարության։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին մի շարք աշխատարաններ և աշխատանքային իրավունքների վերաբերյալ պանելային քննարկում՝ իրավաբանի, հոգեբանի, գործատուի և երիտասարդ աշխատակցի մասնակցությամբ։
Աշխատարանները ներառում էին՝
🎨 Արվեստի թերապիայի աշխատարան՝ արվեստն ու ինքնաարտահայտումը որպես հաղորդակցության ձև
🎥 Ռիլերի ստեղծման աշխատարան՝ վիզուալ բովանդակություն ստեղծելու գործիքներ և գործնական փորձ
🧠 Ստեղծարար կոլաժների աշխատարան` երազանքների, հիշողությունների և ինքնության հավաքում մեկ պատկերում՝ համատեղ ստեղծագործական ճամփորդություն։
🤝 Ինֆորմատիվ սեղան ու ամփոփող խաղ` ինտերակտիվ ձևաչափ, որը միավորում է ստացած փորձը, կարևոր մտքերը ու նոր բացահայտումները զվարճալի խաղի միջոցով։


Միջոցառման ավարտին Դեսպանները ստացան իրենց ավարտական վկայականները։ Բայց այս վկայականներն ավելի շատ խորհրդանշում էին ճանապարհի շարունակությունը, քան ավարտը։ Նրանք արդեն Frontline-ի պատմության մասն են։

Դեսպանները պատմում են՝
«Դեսպանության ծրագիրը այն ծրագրերից էր, որը կառանձնացնեմ մնացածից: Այն նպաստել է իմ անձնային աճին, դրանում վստահ եմ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:Միայն կցանկանայի, որ օֆֆլայն հանդիպումները թվով ավելի շատ լինեին։»- Էրիկ
«Ինձ համար մեծ պատիվ ու միևնույն ժամանակ մեծ փորձ էր այս ծրագիրը, որը դարձավ գրեթե մեկ տարվա ուղեկիցս։
Ինձ մշտապես ոգեշնչել է թիմի պատրաստակամությունը, աջակցությունը, ինչպես նաև մեր դեսպանության մասնակիցները, ովքեր հաճախ իրենց քայլերով ու խոսքով մեզ ուժ են տվել առաջ շարժվելու՝ նույնիսկ այն պահերին, երբ մտածում էինք ծրագրի դադարեցման մասին։ Շատ կարևոր էր հասկանալ, որ այս թիմում միայնակ չես։
Անձնապես ամենաշատ աճեցի «Արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ» միջոցառման ստեղծման ընթացքում։ Սովորեցի ավելի սթրեսակայուն լինել, զարգացրեցի համակարգման հմտություններս, և ամենակարևորը՝ զգացի, թե ինչ է նշանակում իրական թիմային աշխատանքը։»- Ռիտա, 17 տարեկան
«Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ինձ դեսպան լինելու հնարավորություն ընձեռելու համար։ Այս ծրագրի մաս լինելը մեծ փորձ էր՝ թե՛ անձնապես, թե՛ թիմային մակարդակով։»- Անահիտ, 17 տարեկան

FYN Դեսպանների ծրագիրը ավելին է, քան պարզապես առաջնորդության նախաձեռնություն։ Այն երիտասարդության հզորացման մոդել է, որը հիմնված է վստահության, համայնքի ներգրավվածության և իմաստալից մասնակցության վրա: Ինչպես ցույց տվեց եզրափակիչ միջոցառումը, երբ երիտասարդներին վստահում ես սեփական նախաձեռնությամբ գործելու և պատասխանատվություն կրելու հնարավորությունը, նրանք պարզապես ներկայություն չեն ապահովում, այլ դարձնում են գործընթացն ավելի արդյունավետ և իմաստալից։