Մի տարի Գլխավոր Կոմիտեում․ մարդկանց ու պատմությունների ճանապարհորդություն

Մի տարի Գլխավոր Կոմիտեում․ մարդկանց ու պատմությունների ճանապարհորդություն

Նույն արժեքներով մարդիկ, տարբեր փորձառություններով ճանապարհորդներ.

Մեկ տարի առաջ ձևավորվեց Frontline-ի Գլխավոր Կոմիտեի այս կազմը, որը պարզապես պաշտոնական մարմին չէ, այլ մարդկանց խումբ, որոնք հանդիպել էին մի նպատակի շուրջ՝ ստեղծելու փոփոխություն։ Տարբեր փորձառություններ, տարբեր պատմություններ, բայց նույն հավատը, որ գաղափարները պետք է վերածվեն գործերի։ Մեկ տարվա ընթացքում սեղանի շուրջ եղած քննարկումները երբեք պարզապես խոսակցություններ չէին․ դրանք գաղափարների բախում էին, լուծումների որոնում, և ամենակարևորը՝ համատեղ աճ։

Լառան հիշում է հպարտության պահերը․ ամեն անգամ, երբ հաջողվում է թեկուզ փոքր փոփոխություն բերել ինչ-որ մեկի մտածելակերպում։ Նրա աչքերով այս փորձառությունը նման էր «Գտնված երազ» մուլտֆիլմին, որտեղ պապիկը հասարակությունն է, իսկ աղջիկը՝ երիտասարդությունը, որը բերում է լույս ու հույս՝ հիշեցնելով, որ ուժը միշտ մեր ներսում է։

Դիանայի համար այս տարին հեշտ ճանապարհ չէր։ Նա անկեղծորեն ասում է, որ եղել են պահեր, երբ չգիտեր՝ ինչպես առաջ շարժվել։ Բայց հենց այդ դժվարությունները դարձան շարժիչ ուժ, որը ձևավորեց նոր ուժեղ կողմերը։

Սերինեն այսօր, եթե հնարավորություն ունենար խոսելու իր մեկ տարի առաջվա «ես»-ի հետ, պարզապես կասեր․ «Ամեն բան ճիշտ ես անում։ Ամուր կանգնիր։ Ամեն ինչ լավ է լինելու»։ Այս վստահությունը նրան ուղեկցեց ամբողջ ընթացքում։

Շուշանը երեք բառով ամփոփում է այս տարին՝ աճ, կոնֆլիկտներ (լավ իմաստով), երկխոսություն։ Նրա համար նույնիսկ կոնֆլիկտները ստեղծարար էին՝ բացելով նոր մտքերի ճանապարհ և բերելով փոխըմբռնում։

Այս մեկ տարվա ընթացքում Գլխավոր Կոմիտեի հետ մենք ձեռք բերեցինք ոչ միայն նոր փորձ ու արդյունքներ, այլև մարդկանց միջև այնպիսի կապ, որը շատ ավելի ուժեղ է, քան պարզապես համատեղ աշխատանքը։ Աշխատակազմի հետ ձևավորված մտերմությունը դարձավ այս ճանապարհորդության առանցքային նվաճումներից մեկը։

Այսօր մենք շնորհակալությամբ ու ջերմությամբ հրաժեշտ ենք տալիս Գլխավոր Կոմիտեի թիմին՝ նրանց նվիրումի, ջանքի և հոգատարության համար։

Իսկ մենք պատրաստ ենք նոր էջ բացելու՝ դիմավորելով նոր մարդկանց, նոր պահեր և գուցե նաև նոր «Գտնված երազներ»։