Հուլիսի 9-10-ը տեղի ունեցավ «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի (FYN) Գլխավոր Խորհրդի նիստը։ Այն FYN-ի աշխատանքային բոլոր խմբերի՝ օֆիսի, գլխավոր կոմիտեի ու աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումն է, որի ժամանակ քննարկվում են աշխատանքային գործընթացները, ռազմավարական պլանը, կանոնադրությունը և կայացվում են կազմակերպության համար կարևոր որոշումները։ ԳԽ-ին մասնակցեցին ինչպես աշխատակազմն ու Գործադիր կոմիտեի ներկա անդամներն ու թեկնածուները, այնպես էլ ամառային դպրոցի շրջանավարտները՝ դիտորդի կարգավիճակով։ Բոլոր որոշումները կայացվում են համատեղ կոնսենսուսի, ապա քվեարկության միջոցով։
Օրակարգում էին՝
- 2021-22թթ․ կատարած աշխատանքների ու ծրագրերի հաշվետվություն և գնահատում,
- 2022-2024թթ․ ռազմավարական պլանները՝ հաղորդկացման, համագործակցության, զարգացման։
- 2022-23թթ մանդատի շուրջ Գործադիր Կոմիտեի անդամների ընտրությունները,
- Տարեկան գործողությունների պլանի քննարկում ու աշխատանքի պատվիրակում։
Նիստի մասնակիցները միացան հանդիպմանը օնլայն և օֆֆլայն ձևաչափերով։ ԳԿ թեկնածուներից յուրաքանչյուրը համառոտ ներկայացրեց իր՝ FYN-ի հետ ունեցած համագործակցության և FYN-ում հետագա համագործակցության հնարավորությունների մասին։
ԳԽ առաջին նստաշրջանում Գործադիր Կոմիտեի անդամներից Սերինե Ավետիսյանը, Նաթելա Նավասարդյանը, Ջո Դավթյանը և Երվանդ Աբրահամյանը վերընտրվեցին իրենց դերերում։
Իրենց աշխատանքային հաշվետվությունները ներկայացրեց նաև աշխատակազմը, որին հաջորդեց հարցուպատասխանը։ Վերահաստատվեցին նաև քարտուղարության աշխատակիցները հանձնինս՝ Լուսինեի, Լիանայի, Մարիամի և Անահիտի։ ԳԽ-ն քննարկեց աշխատանքային թիմերի վերակազմակերպումն ու պարտականությունների վերաբաշխումը աշխատանքի որակը և աշխատակիցների բարօրությունը ապահովելու համար։
Քննարկվեցին և պլանավորվեցին ռազմավարությունները, և վերահաստատվեցին դրանք մշակող թիմային անձնակազմերը։
Որոշում ընդունվեց ներմուծել դեսպանների ինստիտուտը, որի հիմնական նպատակը կլինի FYN-ի գաղափարախոսությունն ու արժեքները տարածելը։
«ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի անդամները նույնպես հնարավորություն ստացան դիտորդական մասնակցություն ունենալ Գլխավոր Խորհրդի նիստին, ինչը նրանց համար կարող է դառնալ լավ փորձ և նախատիպ կառավարման ժողովրդավարական ձևերի ընկալման և FYN կազմակերպության կառուցվածքը պատկերացնելու համար։
Նշենք, որ Գլխավոր Խորհրդի նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մեջ մեկ անգամ, որի ժամանակ ընտրվում են Գործադիր Կոմիտեի անդամները և քարտուղարության աշխատակիցները, քննարկվում և մշակվում են տարեկան ռազմավարական պլանները։ ԳԽ-ին նախորդում և հաջորդում են ԳԿ հանդիպումներ, որոնք աշխատանքային ժողովներ են, ու նպատակ ունեն գնահատելու, լրամշակելու, բարելավելու FYN-ի աշխատանքները։ Հետևեք Frontline Youth Network-ի հետագա գործունեությանը մեր սոցցանցերի (website, Facebook, Twitter, Instagram, Telegram, LinkedIn) էջերում։