Follow us on >
Follow us on >

Վերակառուցվող խաղաղություն. Ամփոփում

Վերակառուցվող խաղաղություն. Ամփոփում

Հավատարիմ լինելով հարատև խաղաղություն կառուցելու մեր առաքելությանը՝ նախորդ ամիսներին մենք աշխատում էինք հասկանալու խաղաղության և անվտանգության մասին երիտասարդների ընկալումներն ու վերաբերմունքը։ Փոքր հետազոտության արդյունքում մենք կարողացանք դուրս բերել ընդհանրություններ, տարբերություններ և ընդհանուր առմամբ այս խաղաղության շուրջ երիտասարդների ընկալումների միտումները (hետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ):

Հիմնվելով արդեն ստացած գիտելիքների վրա՝ հասկացանք, որ երիտասարդների ներկա ընկալումները վերարտադրում ու ընդհանրացնում են արդեն իսկ առկա դիսկուրսն ու նարատիվը թեմայի վերաբերյալ, սակայն կարևոր էր այն, որ երիտասարդները առավել բաց էին զուգահեռներ գցելու իրենց ներքին հանգստության, ապահովության, անվտանգության ու արտաքին խաղաղության կամ պետական անվտանգության հետ։ Ի վերջո հասկացանք, որ երիտասարդները մտածում, խնդրականացնում ու հոգ են տանում իրենց, իրենց շրջապատի ու աշխարհի մասին։ 

Ոգևորված երիտասարդների վերափոխող ու երբեմն հակասական տեսակետներով ու կարծիքներով՝ որոշեցինք հարթակ տրամադրել երիտասարդներին, որպեսզի նրանք էլ կիսվեն իրենց մտքերով առավել ստեղծագործ ճանապարհով։

Այսպես մեկնարկեց «Վերակառուցվող խաղաղություն» խորագրով ստեղծագործական մրցույթը, որի նպատակն էր վերհանել երիտասարդների վերափոխող (տրանսֆորմատիվ) ընկալումներն ու վերաբերմունքը, բարձրացնելով երիտասարդների ձայնը խրախուսել երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը խաղաղության վերաբերյալ քննարկումներում։ Ստեղծագործական մրցույթին դիմեցին տասնյակ երիտասարդներ՝ ներկայացնելով բազմապիսի ձևաչափով ստեղծագործություններ։ Ավարտական փուլում ունեցանք 17 հեղինակային ստեղծագործություն։ Մեկ անգամ ևս տեսնելով երիտասարդների հետաքրքրությունը և ոգևորությունը, որոշեցինք բոլորին համախմբել մեկ վայրում միմյանց հետ ծանոթանալու, կոնֆլիկտի ու խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու, միմյանցից սովորելու, մտքերով կիսվելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բոլոր ստեղծագործություններին ու ինքնագնահատում կատարեցին։ Կազմակերպչական թիմը գնահատման արդյունքները համադրվեց նախապես հայտարարված չափանիշների հետ ու առանձնացրեց երեք ստեղծագործություն, որոնց հեղինակները պարգևատրվեցին։

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ նշենք, որ  «Վերակառուցվող խաղաղություն» ծրագիրը յուրահատուկ էր իր տեսակով, որի ընթացքում մենք խնդիր էինք դրել մեր առջև նախ հասկանալու ներկա միտումները, ապա մարտահրավեր նետելու առկա նարատիվին, որպեսզի այն առավել ներառող, մասնակցային ու արժեքահեն լինի։ Հետաքրքիր է հետադարձ հայացք գցել գործընթացին ու ուսումնասիրել փորձը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենանք զարգացնելու, լավացնելու և մեծացնելու դրական փոփոխության աստիճանը։
Իսկ այժմ ծանոթանանք «Վերակառուցվող խաղաղություն» ստեղծագործական մրցույթի հաղթող երեք մասնակիցների հետ ու կիսվենք նրանց ստեղծագործություններով։ Հուսանք դուք ևս կսկսեք մտորել այս թեմաների շուրջ ու անպայման կկիսվեք ձեր մտքերով։


Ես Աննան եմ Սահակյան, ապագա միջազգայնագետ, սովորում եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնում։ Արդեն մի քանի տարի է ակտիվ մասնակցություն ունեմ Էրազմուս + տարբեր դասընթացներում, ոչ ֆորմալ կրթական ոլորտի բազմաթիվ նախագծերում։ Շատ եմ կարևորում կամավորական աշխատանքների մեջ ներգրավված լինելս, որը հնարավորությունների մեծ շրջանակներ է բացում իմ առջև։

-Զգույ՜շ, գլու՜խդ ցած պահիր։ Քեզ սպասող կա։ Մի՜ մոռացիր, էդ գրածդ նամակը տեղ պետք է հասցնեասա տեսնենք` էդ ի՞նչ ես տենց թաքուն֊թաքուն գրում։ 
֊ Ինքն էր: Հարցնում էր նամակում, թե երբ կհանդիպենք։ Գիտե՛ս, տենց մի գրող կար է, Պաղեստինից էր,հիշի, որ ասել էր «պատերազմից հետո»։ Ասում է՝ ե՞րբ կավարտվի պատերազմը, ասել էր, թե երբ մենք հանդիպենք։ Երևի տենց էլ թողնեմ, հը՞, ի՞նչ ես ասում։ Կհավանի՞, չէ՞։ 
Պատկերացրեք՝ 1914 թվականի ձմռան ամիսներն են, երբ զինվորները, սառած ձեռքերով, վազում են աջ ու ձախ, փորձում են մի կերպ տաքացնել ցրտից անշարժացած մատները, որպեսզի կարողանան ձգել զենքի ձգանը։ Սա չէր խաղաղությունը նրանց աչքերով։ Դա մի պատերազմ էր, երբ մարդիկ բոլորովին անպատրաստ էին, առաջին անգամ կիրառվեցին հզոր զրահատեխնիկաներ, ռումբեր, սպանվեցին միլիոնավոր մարդիկ, իսկ միլոնավորներն էլ դարձան անտուն ու ցաք ու ցրիվ եղան աշխարհով մեկ։ 
Խաղաղություն բառը դեռ վաղուց է ձկան չոր փշի պես կանգնել հազարավոր մարդկանց կոկորդներին։ Այն պարզ բան է, բայց խրթին` ղեկավարների աչքերում։ Պատերազմը կավարտվի, և առաջնորդները միմյանց ձեռք կսեղմեն։ Մայրը շարունակելու է սպասել իր որդուն, փոքր աղջիկը կշարունակի սպասել իր հերոս հորը։ Ասվում էր, չէ՞․ «Չգիտեմ՝ ով է ծախել մեր հայրենիքը, բայց տեսա՝ ով վճարեց դրա գինը»։ Խաղաղությունը այն մաքուր օդն է, որը բակում դեպի հոր գիրկը վազող երեխան ուզում է շնչել։ Խաղաղությունը Մաթևոսյանի ասած «Կանաչ դաշտ»֊ի պես տեղ է, որտեղ ուզում ես վազել, վազել այնքան, մինչև հասնես պատերազմի վերջակետին և չակերտների մեջ առնես աղավնու թռիչքը, որ այլևս քեզ չլքի «բիվշիիդ» նման։ Խաղաղությունը պարզ բան է, բայց մենք ենք մեզ ստորակետով բաժանում իրարից։ Բայց իրոք, պատկերացնել անգամ չեք կարող, թե խաղաղությունը ինչքան տարբեր ձևով կարող է ընկալվել, միգուցե մոր համար իր տղայի հետ առաջին գրկախառնություն է «օտպուսկից հետո», գեներալի համար «Հրադադար է․ մի՛ կրակեք»-ը, գուցե մանկապարտեզում Նարեկի համար հանդեսում Աննայի ձեռքը բռնելն է, իսկ որոշ մեգաերկրների աչքերում այն ուղղակի «ռազմական օպերացիա» իրականացնելն է։ 
Հազարավոր բառերով կարող ենք նկարագրել այսօր աշխարհում տիրող իրավիճակը, բայց զգացե՞լ եք, որ խաղաղությունը բառերով չի կառուցվում, խաղաղությունը բոլորիս գործողությունների համագումարն է։ Խաղաղությունը մարդիկ են, ովքեր ամեն օր հալածանքների են ենթարկվում սեփական երկրի ղեկավարության կողմից, ովքեր ստրկացվում են, վաճառվում են օտարականներին։ Հազարավոր մարդկանց հոգիներ դարձել են թափառական և շրջում են փողոցներում ու ջրերի ափերին․ անհանգիստ է երկիրը։ 
Որքան էլ դժվար է հավատալ դրան, բայց մենք ապրում ենք մարդկության պատմության ոչ խաղաղ 
ժամանակաշրջաններից մեկում: Ժամանակներ, երբ աշխարհի մեծ մասում սպանություններ են տեղի ունենում, մարդիկ մահանում են, քաղաքացիական պատերազմներ են, կիրառվում են արգելված զենքեր...Ի վերջո մեզ բերում են անգիտակցորեն այն համոզմանը, թե «Չկա խաղաղություն, եթե չկա պատերազմ»։ Որքան էլ աշխարհը ուժեղների ձեռքերում է, միևնույն է, մարդիկ են կառուցել այն, և այո՛, մենք ենք վաղվա մեր խաղաղ օրվա կերտողը։ Գուցե՛ ժամանակն է դեն նետելու ատելության պատյանը, գուցե՛ այն պահն է հիշելու բոլորիս միավորող բույնը, որը, ուզենք թե չուզենք, կազմված է տարբեր ռասաներից, կրոններից, սեռերից։ Գուցե՛ պատյանից սուրը հանելու և այն մեկս մյուսի վաղվա խաղաղ օրվան բանեցնելու պահն է։ Բույնը պետք է ստեղծենք մեր կյանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքով, սիրո նման գեղեցիկի ուժով և համառությամբ։ Գուցե՛ պահը եկել է, գուցե՛ այն հիմա է։ Շատ դեպքերում մենք զրկված ենք համընդհանուր խաղաղությունից, քանի որ մենք չենք ընտրում, թե ինչպես կվարվեն աշխարհի այսպես կոչված ղեկավարները իրենց ուժով և իշխանությամբ։ Մարդը,հոգեպես կայուն կամ խառնված, անսահման մտածող, ստեղծող, իր թեթև ձեռքով և ճարտար լեզվով ընդունակ էակ է, ով կարող է անգամ տիեզերքը գրավել։

Ես Էմիլյա Վարդապետյան եմ, 19տ․

ճարտարապետության ֆակուլտետի ուսանող, թվային նկարիչ (digital artist)։

Ծնունդով Գյումրիից եմ, սակայն Երևանում եմ բնակվում։ Ստեղծագործական կեղծանունս Միկադո է,  նկարում եմ վաղ տարիքից։ Արդեն 5 տարի է զբաղվում եմ թվային նկարչությամբ, հետաքրքրված եմ անիմացիայով, կոմիքսներով և կերպարների դիզայնով և հետագայում պլանավորում եմ նկարել  երկիծական և ուսուցողական թեմաներով կոմիքսների շարք՝ նվիրված ուսանողական կյանքին և երիտասարդների մոտ հաճախ հանդիպող  խնդիրների բարձրաձայնմանը։

«Խաղաղության ամրոց»

Իլուստրացիան իրենից կրում է ուսուցողական բնույթ՝ խաղաղության պահպանման  համար շեշտելով կարևորագույն գործոնները՝ սովորել, սովորեցնել, պահպանել, արժեքավորել և վայելել։ Վիզուալացնելով բոլոր նշված գործոնները՝ ստեղծվել է այսպես ասած «խաղաղության ամրոցը», որտեղ բոլոր բնակիչները, հետևելով խաղաղության պահպանման բոլոր կետերին, ապրում են հաշտ և համերաշխ։


Ես Եսայան Մարիան եմ, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետիհանրային ​​կառավարման բաժնում:  Երիտասարդ եվրոպական դեսպան եմ, տարբերհասարակական կազմակերպությունների` անդամ, իսկ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հկ-ում` փոխնախագահ: Արդեն 2 տարուց ավելի է, ինչ երիտասարդական աշխատող եմ: 

Ես Մելինե Գևորգի  Ռուշանյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի Նոյեմբերի 23-ին։  Սովորում եմ ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսում։ Այժմ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հկ-ի և «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» հկ-ի անդամ եմ։ Արդեն մեկ տարուց ավելի է ինչ Նորաբացի Սբ․ Աստվածածին եկեղեցու «Երիտասարդաց միության» և «Տիկնանց Միության» ատենապետուհին եմ։

Խաղաղություն
Խաղաղություն… մի տեսակ սարսուռ առաջացրեց, չէ՞, զարմացար` ինչու՞, Գուցեև բնական էր, ոչինչ չզգացիր, ախր շատ ենք օտարացել այդ երևույթից: Ասում են՝ դրական բառերն էլ կարող են վախ ու սարսափ առաջացնել, երբ գիտակցում ես, թե այդ բառերն ինչ կարող են բերել իրենց հետ: Ամեն անգամ մի տեսակ սարկաստիկ զգացողություն է պարուրում խաղաղություն բառը լսելիս, իսկ պատճառը, ա՜խ այդ պատճառը… Երբ խաղաղության մասին խոսում են այնպիսի մարդիկ, որոնց խոսքը գործի հետ չի համապատասխանում, ես տագնապում եմ, քանի որ այդ
խաղաղությանը միշտ հաջորդում են պատերազմներն ու ներխուժումն այլ պետությունների տարածքներ:
21-րդ դար, 2023 թվական, հունվար ամիս…
Ինչերի միջով ասես՝ չանցանք, ինչեր ասես՝ չտեսանք, մի բան էր մեր ուզածը ա՜խ էդ խաղաղությունը, խաղաղությունը, որ դեռ չունենք, խաղաղությունը, որ կարծես անհասանելի երազանք լինի, բայց ասում են երազանքներն էլ են չէ՞ մի օր կատարվում: Բայց ո՞նց կատարվեն, որ ուղղակի նստենք ու սպասենք դրանց կատարմանը, ո՞նց կատարվեն, որ աչքներս փակենք ամեն մի անարդարության, ամեն մի բարբարոսության վրա, ա՜խր աչքեր չեն է, դռներ են փակվում. անվերադարձ: Պիտի՛ խաղաղվենք, հաշտ լինե՛նք, գործե՛նք…
Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Պաղեստինը, Սերբիան ու Կոսովոն, Աֆղանստանը, Սիրիան, Եմենը, Եթովպիան, Իրանը… լավ էլ ո՞րն ավելացնենք, խաղաղվել է պետք, խոսել, պայքարել, միջազգային հարթակներում ձայն ունենալ է պետք, բարբարոսությունն անպատիժ թողնելն է, որ պետք չէ:
Ներքին խաղաղության մասով էլ լռել, դե ո՞նց խոսենք կամ ի՞նչ իրավունքով խոսենք, երբ անդադար կորցնում ենք:
Էդպես էլ չհասկացանք, որ խաղաղություն ասելով, խաղաղություն ցավոք սրտի չի լինում, խաղաղության համար պիտի գործենք, խաղաղությունը չեն քարոզում, խաղաղության համար պայքարում են, խաղաղությունը նաև պարտադրում են:
Պատերազմը թվում է՝ ավարտվել է…
Բայց մեր հոգում խաղաղություն այդպես էլ չի հաստատվել…
Ներկայիս աշխարհում պետությունների սահմանները գծում են ոչ թե խաղաղության դրոշակակիրները, այլ աշխարհաքաղաքականություն կերտողները: Պիտի հասկանանք, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը չի գործելու, քանի որ այն փոխարինվելու է մի նոր սկզբունքով՝ «ավելի շատ տարածքներ՝ խաղաղության դիմաց»:
Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմ» և «քո» հասկացությունները: Հիմա միայն հիշողությունն է խանգարում մտածել։ Թվում է ՝ աշխարհում անհնար է գտնել մի վայր, որտեղ կմոռանանք պատերազմի մասին։ Մեզ երբեք չի հաջողվի խաղաղություն գտնել արտաքին աշխարհում, քանի դեռ խաղաղություն չենք հաստատել մեր իսկ ներսում։
Յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Հասարակության մեջ ապրող ժամանակակից, քաղաքակիրթ մարդու կյանքը անհնար է առանց կրթության: Կրթություն ստանալով ՝ մարդը ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, զարգացնում ինքն իրեն: Որակյալ կրթությունը ընդլայնում է աշխարհայացքը, քաջալերում է ավելին իմանալու ձգտումը, որովհետև պատահում է այնպես, որ շատ հաճախ փորձ է արվում գիտելիքի համար գծել սահմաններ՝ կարելի է իմանալ այսքանը, այսքանից ավելին իմանալն արդեն իսկ հակասում է ինչ որ ենթադրյալ շահերի, արժեքների և այդպես շարունակ։
Կարևոր է գիտակցել, որ մեզ խաղաղություն չի նվիրվելու, մենք այն պետք է վաստակենք։ Եվ ինչպես ժամանակին ասել է Նելսոն Մանդելան․ «Կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը»:
Եվ իսկապե՛ս, ժամանակակից աշխարհում կրթության դերը գնալով ավելի է արժևորվում : Կրթությունը հսկայական ներուժ ունի: Մարդկանց թվաքանակի աճին զուգընթաց ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են կրթության կարևորության մասին։
Համաճարակ, պատերազմ, ԱՆխաղաղ օրեր…
Ամեն հաջորդ օր կախված է այսօրվա ձեռքբերումներից և ձախողումներից։ Հետևաբար յուրաքանչյուրս զինվոր ենք մեր իսկ կատարած գործում…
Շատ կարևոր, բայց ընդամենը մի ընդհանրություն կա բժշկի և ուսուցչի միջև։ Երկուսն էլ բուժում են։ Առաջինը բուժում է մարմինը, երկրորդը՝ հոգին: Բայց երկուսն էլ հսկայական ազդեցություն են ունենում մարդու վրա։
Սառը դատելու ու գործելու ժամանակն է։ էնպես ապրելու, որ մեր յուրաքանչյուր գործողություն երկարաժամկետում իր արդյունքը տա ու նպաստի խաղաղությանը։ Միայն ճշգրիտ և լավ մտածված քայլերի արդյունքում մենք կկարողանանք ի կատար ածել բոլորիս մտքում և հոգու խորքում պահված երազանքը։ Երազանք, որի անունն է խաղաղություն, իսկ խաղաղությունը փոխկապակցված ցիկլ է, որտեղ մարդու ներաշխարհից, էդ հանգստությունից մինչև աշխարհի խաղաղություն պետք է լինի փոխադարձ կապ։
Երբ մարդ մտածում է ֆիզիկական գոյության մասին, արդեն էլ զարգացման, ինչ-որ բան ստեղծելու մասին չի մտածում։
Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը կարող է հանդիսանալ կայուն նախադրյալ պետության ներքին խաղաղության և ներդաշնակության գործում։
Մեզնից հասնում է մի բան․ գործե՛լ, բարձրաձայնե՛լ առկա խնդիրները, իրազեկե՛լ ու իրազեկվե՛լ, պայքարե՛լ, չվախենա՛լ ու չլռե՛լ և երջապես խաղաղվե՛լ ներքուստ, ապա նոր փնտրե՛լ ու պայքարե՛լ արտաքին խաղաղության համար:

Ահա այն երեք ստեղծագործությունները՝ արձակ, թվային նկարչություն (իլյուստրացիա) և ձայնային ստեղծագործություն (փոդքաստ), որ գրավեցին մեր ուշադրությունը իրենց հետաքրքիր ուղերձներով, հարցադրումներով և ոճով։ Կարևոր է նշել, որ ունենք ոչ պակաս ստեղծագործ այլ մասնակիցներ, որոնց ևս շնորհակալություն ենք հայտնում իրենց ստեղծագործություններով մեզ հետ կիսվելու համար։ 

Այս օրինակով հասկացանք, որ մեր երիտսարդների ստեղծագործ հոգիներին հարթակ է անհրաժեշտ ինքնադրսևորվելու և ինքնաիրացվելու համար։ Եթե հետաքրքրված եք համագործակցելու  մեզ հետ, ապա խնդրում ենք կապ հաստատել կայքէջով կամ սոցիալական մեդիայով։