Follow us on >
Follow us on >
FYN housing

Բնակարանային վարձակալումը Հայաստանում

Բնակարանային վարձակալումը Հայաստանում

ՀՀ-ում բնակարանային վարձակալման ոլորտը մեծամասամբ ստվերային է, չի վերահսկվում, հետևաբար չկա պաշտոնական վիճակագրություն վարձակալման տրվող  բնակարանների  թվի և դրանց պիտանելիության գնահատման վերաբերյալ։ Բնակարանների վարձավճարների   թանկացման հիմնական պատճառներից մեկը ուսանողների կողմից պահանջարկի մեծ լինելն է ՀՀ քաղաքներում և մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ գտնվում են շուրջ 45 բուհական, ինչպես նաև  մի շարք այլ միջին մասնագիտական հաստատություններ։ 

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ քաղաքացին ազատ է  իրացնել կրթություն ստանալու իր իրավունքը։ Իսկ այն անխոչընդոտ իրականացնելու համար մի շարք կենսական կարևորության նախապայմաններից է նաև անվտանգ և պատշաճ բնակարանի առկայությունը։ 

Ուսումը շարունակելու համար (մայրա)քաղաք տեղափոխված մարզաբնակ ուսանողների համար շատ հաճախ մտահոգության պատճառ է դառնում պիտանելի և համեմատաբար ցածր վարձավճարով բնակարանի որոնումը։ Ուսանողական հանրակացարանները, որոնք ըստ էության պետք է թեթևացնեն  ուսանողների բանակարանային հարցերը, այս խնդրում չեն ապահովում լիարժեք լուծումներ։ Երևանում գործում են սահմանափակ թվով հանրակացարաններ, որոնք բավարար չեն ուսանողների բնակարանային պահանջն ու կարիքները բավարարելու համար։ 

ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը (2018) նույնպես նախատեսված է ուսանողների  բնակարանային հարցը թեթևացնելու համար։ Նշված ծրագիրը կացության վճարի ամբողջական  կամ մասնակի փոխհատուցման հնարավորություն է տալիս  այն ուսանողներին, որոնք համապատասխանում են  ծրագրով սահմանված պայմաններին։ Սակայն, վերոնշյալ լուծումները այս մեծ խնդրի մի մասն են ծածկում միայն։

Նշենք,  որ չկա որևէ պաշտոնական տվյալ, թե դպրոցից հետո մայրաքաղաքում ուսումը շարունակողների քանի տոկոսն են մարզային համայնքներից,  և հետևաբար քանի տոկոսն է առընչվում բնակարանի վարձակալման խնդրին։ Սա  փաստում է այն մասին, որ  պետական մակարդակով որևէ կերպ չի վերահսկվում նմանատիպ տվյալների մշակումը, և հետևաբար չկա բավարար աջակցություն երիտասարդ ուսանողներին՝ լուծելու պատշաճ պայմաններով և խելամիտ գնային քաղաքականությամբ բնակարաններ գտնելու հարցը։

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից 2020թ շուրջ 200  հոգու շրջանակում իրականացվել է հարցում ուսանողների սոցիալ-տնտեսական կենսապայմանների վերաբերյալ։ Հարցվածները 16-25 տարեկան էին, սովորում էին բուհերում, ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում և այլն։  Հարցմանը մասնակցածների 49,2%-ը սովորելու տարիներին բնակվել է ընկերների հետ, 14,2%-ը՝ բարեկամների հետ, 14,2%-ը՝ միայնակ,    10,7%-ը՝ ծնողների հետ։  

Forms response chart. Question title: Ո՞ւմ հետ եք բնակվ(ել)ում ուսանողության շրջանում / With who do you live during university years?. Number of responses: 197 responses.

Հարցվածների մոտ 47%-ը չունի կայուն եկամտի աղբյուր։  Հաշվի առնենք նաև, որ նշված տարիքային խմբի երիտասարդ-ուսանողները՝ ելնելով հայաստանյան իրականության տարաբնույթ առանձնահատկություններից, ոչ միշտ են ունենում ֆինանսական անկախություն, և այս հանգամանքը ևս լրացուցիչ դժվարություն է առաջացնում մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդի կամ երիտասարդի ընտանիքի համար։ 

Նույն հարցմամբ շուրջ  84%֊ը նշել է, որ բնակարանի վարձակալման հետ կապված հիմնական դժվարությունները եղել են ֆինանսական բնույթի, 55% դեպքում առանձնացրել են կենցաղային անհարմարությունները, իսկ  մոտ 31% դեպքում նշվել է տարաձայնություն բնակարանատիրոջ հետ։ 

Արդյունքում նման խնդիրները հաճախ բացասաբար են անդրադարձել ուսանողի առաջադիմության վրա․ հարցված ուսանողների մոտ  55%֊ը նշել է, որ բնակարանային խնդիրները բացասաբար են անդրադարձել իրենց առաջադիմության վրա։ Վերոնշյալ պատճառները հաճախ ստիպել են ուսանողների 75%-ին նոր բնակարան տեղափոխվել մինչև  10 անգամ։ Հատկանշական է նաև, որ հարցվածների 74%֊ը չի կնքել պայմանագիր բնակարանատիրոջ հետ նախքան բնակության անցնելը։

FYN housing

Այս տվյալները փաստում են, որ ոլորտն իսկապես պետական մակարդակով առաջնահերթություն չի համարվում։ Չի վերահսկվում այս ոլորտի գնային քաղաքականությունը, բնակարանատիրոջ հետ պայմանավորվածությունները մնում են բանավոր քննարկման ձևաչափով՝ փոխանակ բերելու իրավական դաշտ՝ խուսափելու հետագա տարաձայնություններից։  Բաց է մնում ուսանողի համար պատշաճ բնակության վայրի ապահովման հարցը, ինչպես նաև չկա մի հարթակ, որը վարձակալության տրվող բնակարանների մասին ինֆորմացիան հասանելի կդարձնի ուսանողներին։

housing tips

Եվ մինչ կգա այն օրը, երբ այս խնդրին ուշադրություն կդարձնեն պետական, կրթական, սոցիալական մակարդակներում, կարևոր է, որ յուրաքանչյուր ուսանող-վարձակալող ստուգի բնակարանի պիտանելիությունը,  կնքի գրավոր պայմանագիր բնակարանատիրոջ հետ՝ անպայման ներառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  բնակարանային իրավունքների դրույթները,  նախապես հստակեցնի վարձակալման ժամանակահատվածը, բնակարանը վարձակալելու պահից սկսած փաստաթղթավորի վարձավճարը, ցանկացած վճարում, նմանատիպ այլ ծախսերը։  Եվ հիշե՛ք, որ կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 

Բնակարանային իրավունքների և մասնավորապես ուսանողների շրջանում բնակարանի վարձակալման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով FYN-ը սկսում է իրազեկման արշավ։ Համալսարանների շրջակայքում կհանդիպեք մեր շարժական տնակը, որտեղ մեր թիմակիցները կկիսվեն ձեզ հետ իրենց գիտելիքներով և փորձով, ու միասին կփորձենք կայուն լուծումներ գտնել։

Ծրագիրը իրականացվում է Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ի կողմից և Համագործակցություն և Զարգացում Ցանցի աջակցությամբ  «Քաղաքներ բոլորի համար` ներառական քաղաքաշինություն և որոշումների ընդունում Արևելյան Եվրոպայի քաղաքներում» ծրագրի շրջանակներում։ Արշավի մասին ավելին իմանալու համար հետևեք մեզ սոցիալական ցանցերում։