Յոգան և FYN-ը… այս գերհետաքրքիր համադրությունը կյանքի կոչվեց 2020թ-ի հուլիսին Տավուշում կոնֆլիկտի սրման և հակառակորդի կողմից նոր մարտահրավերների հետևանքով:
Խաղաղությունը կորցնելու զգացումը հուլիսյան պատերազմի օրերին, ստիպեց ևս մեկ անգամ արժևորել ապրելու, ստեղծագործելու հնարավորությունը, վերագնահատել հայրենիքի արժեքը և խաղաղ ապրելու մեծագույն երազանքը։
Պատերազմի հարուցած սթրեսի դեմ նոր գործիք սկսեցինք կիրառել՝ ներքին խաղաղության հասնելով նպաստել, ապա կայունացնել արտաքին խաղաղությունը:
«Ներդաշնակության հասնելու համար մեզ շատ բան պետք չէր, յոգայի գորգիկներ, բնություն ու, իհարկե, ցանկություն, վերջինից կրկնակի ու առանց սառույց»:-նշում է Նաթելան և շարունակում․
«Բոլորս երազում ենք մեկ օր շուտ հասնել խաղաղության, սակայն պետական լծակները մերը չեն։ Միասնաբար փորձում էինք մեր կարողություններն օգտագործել հանրության ներքին խաղաղության և լուսավոր ապագայի հույսը պահելու համար։ Բոլորս գիտակցում էինք, որ արտաքին խաղաղությունը և կայունությունն անհատապես բոլորիցս է կախված, և դրան հասնելու համար պետք է ունենանք ներքին խաղաղություն»։
Այս ճանապարհին սկսեցինք յոգայի հանդիպումներ կազմակերպել տավուշցի կանանց և աղջիկների համար։ Բոլորն ազատ էին ցանկության դեպքում մասնակցել, ապա յոգան դարձրինք մեր բոլոր ոչ ֆորմալ հանդիպումների, ամառային դպրոց-ճամբարների ծրագրի անբաժան մասը։
Այժմ այն զարգացնելու բոլոր նախադրյալներն ունենք և ձգտում ենք յոգան դարձնել մեր գաղափարախոսության անբաժան մասնիկներից մեկը։ Դուք էլ կարող եք միանալ մեզ և նպաստել այս մտքի զարգացմանը։
Ի՞նչ է յոգան
Առողջ ապրելակերպի նորաձևությունը վերջին տարիներին տարածվել է գրեթե բոլորի վրա՝ վազք, բուսակերություն, սպորտ, պար և այլն։ Մարզասերների սրտերում յոգան առաջին հորիզոնականում է:
Իսկ ի՞նչ գիտենք մենք յոգայի մասին բացի այն, որ դասերն անցկացվում են հատուկ գորգերի վրա, իսկ վարժվողները (պրակտիկանտները) տարօրինակ դիրքեր են ընդունում:
Յոգա հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «կապ», «միացում» «միասնություն», «հարմոնիա»: Հարց է առաջանում հարմոնիա, կապ, միություն ինչի՞ միջև: Կան տարբեր տեսակետներ՝ տիեզերական մտքի հետ անհատական գիտակցության միստիկական միասնությունից, մինչև մարդու և նրան ստեղծած բնության միասնություն, որն ավելի մոտ է աշխարհի մեր ընկալմանը:
Յոգայի ընդհանուր փիլիսոփայությունը՝ միտքը, մարմինը և հոգին միացնելու մասին է:
Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ասպարեզների բարդ ու կոմպլեքս համակարգ է։ Այս եռամիասնությունը մարդուն հզորացնում է` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ:
Յոգայի դպրոցները մեծ տեղ են հատկացնում ջուր խմելու ռեժիմի կարգավորմանը, սննդակարգին (բուժական ծոմապահություն), տեսողական և լսողական օրգանների խնամքին, քնին և հանգստի կազմակերպմանը: Յոգայով վարժվողներին կամ յոգայի փիլիսոփայության հետևորդներին, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ, անվանվում են Յոգինի (կանանց դեպքում) և Յոգի (տղամարդկանց դեպքում)։ Յոգայի գեղեցկությունն այն է, որ օգուտներ քաղելու համար պարտադիր չէ լինել յոգի կամ յոգինի:
Յոգան հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, կրոնից և մարզավիճակից: Միևնույն ժամանակ, յոգան սովորական իմաստով սպորտ կամ ֆիթնես չէ։ Նպատակներ սահմանելու և մրցակցության կարիք չկա. սա անձնական պրակտիկա է, նույնիսկ եթե դա տեղի է ունենում խմբում: Կյանքի կատաղի տեմպը, բազմաֆունկցիոնալությունը, տեղեկատվության ավելցուկը նպաստում են ինքնաոչնչացմանը, սթրեսին, լարվածությանը, բլոկներին և ամրացումներին մարմնում: Մենք շատ չենք շարժվում, վատ ենք քնում, ուտում ենք ճանապարհին, չգիտենք ինչպես հանգստանալ: Յոգան բոլոր մակարդակներում ինքնավերականգնման, ինքնակարգավորման և ինքնավերահսկողության գործիք է:
Ինչքանո՞վ է յոգան օգտակար:
Յոգան հիանալի միջոց է ձերբազատվելու ավելորդ մտքերից և խնդիրներից։ Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կողմերից:
Յոգայով կանոնավոր զբաղվելը օգնում է
- բարելավել համակենտրոնացումը
- զարգացնել սթրեսային դիմադրությունը (սթրեսի նվազեցում, դեպրեսիայի կառավարում)
- մեղմել բազմաթիվ սոմատիկ (մարմնական) ցավեր
- բարելավել բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը (գլխուղեղի, սրտի, շնչառական և այլն)
- կարգավորել նյութափոխանակությունը
- բարելավել հիվանդության ժամանակ կյանքի որակը
- ձեռք բերել կյանքի ռիթմը դանդաղեցնելու հմտություններ
- վերականգնել հուզական ֆոնը
- «թարմացնել» մարմինը և կարգավորել հորմոնալ ֆոնը
- բարելավել քնի որակը
- ամրապնդել ֆիզիկական առողջությունը (ուժ, ճկունություն, հավասարակշռություն)
Այսքան դրականին զուգահեռ, յոգան ունի նաև ռիսկի գործոններ, որոնք խիստ անհատական են: Որ տարիքում կամ կարգավիճակում էլ որոշեք զբաղվել յոգայով, անպայման հետաքրքրվեք և գտեք Ձեզ ամենից համապատասխան ու օգտակար ձևաչափը:
Դե իսկ եթե արդեն գտել եք, ժամանակն է գլորել ձեր յոգայի գորգը և բացահայտել ֆիզիկական և մտավոր վարժությունների համադրությունը, որը հազարավոր տարիներ գրավել է յոգայի պրակտիկանտներին ամբողջ աշխարհում:
Մի՛ վախեցեք յոգայի տերմինաբանությունից կամ բարդ դիրքերից:
Յոգան բոլորի համար է!